«Ազատ Ձայն»-ն իր ընթերցողին է ներկայացնում հայի ուժի հաստատող հետաքրքիր պատմական փաստեր, որոնք ներկայացրել են ոչ միայն հայ պատմաբանները, այլև օտարները:
Ագաթանգեղոսը՝ 4-րդ դարի պատմաբանը, հայոց թագավորի՝ Տրդատի (55-100թթ.) պատմության մեջ ասում է, որ այս թագավորը մի ահռելի ուժի տեր մարդ է եղել և «մի արշավանքի ժամանակ, հասնելով մի քաղաքի, որի փակ դարպասի և պարսպի մյուս կողմը մեծ քանակությամբ դարմանի խուրձեր և գարի էր դիզված, բայց ձիերը կերակրելու համար կեր չունեին, իսկ զինվորներից ոչ ոք չկարողացավ պարսպի վրա բարձրանա և անցնի մյուս կողմը: Տրդատը, բարձրանալով պարսպի վրա և անցնելով մյուս կողմը, այնքան խուրձ-խուրձ կեր գցեց պարսպի մյուս կողմը՝ զորքի մեջ, որ բավարարվեց պահանջարկը, ապա այդ պահեստի պահապաններին և նույնիսկ կենդանիներին (էշերին) գցեց մյուս կողմը զորքի մեջ և հետո ցատկեց պարսպի այս կողմը: «Լիսինիուսը», այս տարօրինակ ուժը տեսնելով, մեծ զարմանքով ու վախով՝ փախավ»:
Ըստ Ագաթանգեղոսի վկայության՝ Տրդատը «բարձրաբոյ էր, ամրակազմ և շատ ուժեղ»: Մյուս պատմաբանները ևս Տրդատին ներկայացնում են որպես մի շատ ուժեղ տղամարդ: Նույնն ենք տեսնում նաև Խորենացու մոտ, ուր ասում է, երբ Տրդատը Հռոմի արքունիքում էր. «Փերմելիանոսըը պատմում է, մեծ կրկեսում ձիարշավի ժամանակ, Տրդատը կառքը քշելու ժամանակ, հակառակորդի ճարպիկության հետևանքով կառքից ցած ընկավ, նա, իսկույն կառքը բռնելով, կանգնեցրեց, որի վրա բոլորը զարմացան…» և «Պեղոպոնեսացոց Հիփիտեի հրամանի համաձայն՝ կրկեսի մրցության մեջ գերազանցեց հռոդացի Կղիտոստրադոսին, որ միայն վզից բռնելով հաղթում էր, նաև անգլիացի Կերասոսին, որովհետև սա եզան կճղակը պոկեց, իսկ Տրդատը երկու վայրենի ցուլերի եղջյուրը մի ձեռքով բռնելով պոկեց և վիզը ոլորելով ջախջախեց»:
Տարոնի առաջնորդը այսպես է վկայում Տրդատի հաղթանակը. «Հայոց թագավոր Տրդատը հայոց զորքով եկավ նստեց Կարակարաթ դաշտում, հյուսիսի զորքի դեմ: Կարգի բերելով այրուձին՝ հարձակվեց: Կռվի տաք պահին իրեն գցեց հակառակորդ զորքի ստվար մասի սրտի վրա և մի զարմանալի ուժով, անհամար բարբարոսներ էր ջարդում, նման ճարպիկ ձկնորսի, որի ուռկանի միջի ձկները թպրտում են ու սատկում են, այդ ժամանակ բազիլիանների (սկյութական արքայական ընտանիք) Բառլազ թագավորը, թիկունքից մոտենալով, ճիշտ այն պահին, երբ Տրդատը թուրը բարձրացրել էր թշնամուն հարվածելու, իր ճոպանով կաշկանդեց Տրդատին, ձախ ուսից մինչև աջակողմյան անութը: Ճոպանը փաթաթվեց ձիու հետևի ոտներին, և ձին վեր ընկավ: Բազիլիանների թագավոր Բառլազը, թուրի և նիզակի համար պաշտպանված էր անթափանցելի երկաթյան զրահով, ձեռքի մի ուժեղ թափով, հսկա Տրդատ հերոսը, հակառակորդի ձիու փորը բռնելով, հակառակ շեշտակի խթանի հարվածներին, կենդանուն անշարժության է մատնում և աջ ձեռքի ուժգին թափով, եզան կաշուց պատրաստված ճոպանը կտրելով, իր ամբողջ ուժով թուրի հարվածն այնքան շեշտակի և հաշված է իջեցնում, որ թշնամուն կիսում է երկուսի, և նույն հարվածը, որ թշնամուն երկու կես էր արել, ձիու գլուխն էլ կտրել ու ջախջախել էր: Այս զարմանալի ուժն ու արարքը տեսնելով՝ բարբարոսները փախան, և Տրդատը վերադարձավ լի ավարով»:
Հայ ռազմիկների մոտ հաճախ ենք տեսնում նման ուժի ցուցադրումներ: Աշոտ Գ-ն (952-977թթ.) մի կռվի ժամանակ «Իր սրով հարվածում է թշնամու սաղավարտին, սուրը, անցնելով սաղավարտից, և չնայած որ դիմացինը պաշտպանված էր երկաթյա զրահով, նրան գլխից մինչև ոտք երկու կես է անում»:
Մատթեոս Ուռհայեցին գրում է, որ Վասակը՝ Արշակունյաց իշխանը «հակառակորդի սաղավարտին հասցրած իր սրի հարվածով, նրան երկու կես արեց (գլխից ոտք) և մարմնի երկու կեսը իրարից ջոկվելով ընկան գետին»:
Սեբեոսը՝ 7-րդ դարի պատմագիրը, Հերաքլիուսի պատմության մեջ ասում է. «Սմբատ Բագրատունին, ուժեղ մարմնի տեր և գեղեցկադեմ էր, բարձրաբոյ ու լայնաթիկունք, բարեկազմ և ուժեղ էր, կռվի մեջ սարսափելի, շատ կռիվների մեջ ցույց է տվել իր քաջությունն ու ուժը: Այնքան ուժեղ էր, որ մի օր, երբ ճամփորդում էր հաստաբուն կաղնիների խիտ անտառի միջից, նա բռնում է մի հաստ ճյուղ և ձիուն ոտքերի մեջ գրկած գետնից վեր բարձրացնելով զինվորներին զարմանք պատճառեց»:
Սեբեոսը նույնպես ասում է, որ Սմբատը «բռունցքի մի հարվածով ջախջախում է արջի զանգը», «ձեռքով եզան վիզը ոլորելով կոտրում էր վիզը և ձեռքով կոտրում էր եզան եղջյուրը» և մի անգամ դատարկ ձեռքով առյուծին խեղդեց և հոգնած այդ մենամարտից, նստեց սատկած առյուծի վրա, որ մի քիչ հանգստանա»:
Որոշ պատմաբաններ, ինչպես 9-րդ դարի պատմաբան Թովմա Արծրունին գրում է.
«Խորը զարմանքով, ես ինձնից հարցնում եմ, թե ինչպես նա՝ Գրիգոր Արծրունին, կարողանում է անվերջ կռիվներում, երկար ժամանակ և անընդհատ, առանց հոգնելու կռվել ու հարվածել ուժգնորեն»:
Հայերը, տեղյակ լինելով իրենց տարօրինակ ուժին, հաճախ ցուցադրում էին այն. Լը Բոն ասում է. «Աշոտը, որ հայտնի է որպես Աշոտ Երկաթ, վերցնելով ի զարմանս նրանց, ձեռքով ծռեց այն և մի թագ ու օղակ սարքեց»:
Խաչակրաց արշավանքների վերաբերյալ գրված լատին պատմաբանների թղթերում կարդում ենք, որ Ռուբենը՝ հայոց Լևոն թագավորի (12-րդ դար) որդին, մի իսկական Հերքյուր էր, երբ Բյուզանդիայի կայսր Ժան Քոմնենի արքունու առաջին սպան էր, նա «…մի օր տաք ջրով լի մի մարմարյա կարաս բերեց, որը չորս ուժեղ տղամարդ չէր կարող տեղից շարժել»:
Հատվածներ Հովիկ Ներսիսյանի աշխատությունից
Շարունակելի…
«Ազատ Ձայն» լրատվականի նյութերն օգտագործելիս պարտադի՛ր նշեք սկզբնաղբյուրը նյութի հիպերակտիվ
հղումը:














