Կարսի Մրենի տաճարը Հուշարձանների համաշխարհային ֆոնդի ցուցակում է

23

Հուշարձանների համաշխարհային ֆոնդն իր ցուցակում է նաև ընդգրկել Կարսի նահանգի սահմանային զինվորական շտաբի տարածքի մեջ գտնվող 7-րդ դարով թվագրվող Մրենի տաճարը:

Հուշարձանների համաշխարհային ֆոնդը 1996 թվականից սկսած 2 տարին մեկ անգամ հրապարակում է աշխարհի հուշարձանների դիտարկումների ցուցակը: 2014 թվականի ցուցակում, որը հրապարակել է կազմակերպության ղեկավար Բոնի Բուրնհեմը, ընդգրկված են 41 երկրների 67 հուշարձաններ: Այդ հուշարձանները վտանգված են և ունեն հատուկ պահպանության կարիք: 

Ermenihaber լրատվականը, հղում անելով Թուրքական «Թելալ» լրատվականին, հայտնում է, որ այդ ցուցակում է նաև հայտնվել Կարսի նահանգի սահմանային զինվորական շտաբի տարածքի մեջ գտնվող 7-րդ դարով թվագրվող Մրենի տաճարը:

Նշենք, որ Մրենի տաճարը գմբեթավոր բազիլիկ տիպի հայկական եկեղեցի։ Գտնվում է Ախուրյանի աջափնյա գետեզրի մոտ, Բագարանից ոչ հեռու, պատմական Մրեն քաղաքի տարածքում։ Սեբեոսի վկայությամբ՝ կառուցվել է իշխան Դավիթ Սահառունու կողմից, շինարարությունն ավարտվել է 639-640թթ։ Եկեղեցու լայնությունը 20 մ է, երկարությունը` 30 մ, աղոթասրահն ունի 19,6 մ լայնություն և 22,0 մ երկարություն։