Խալդի, Թեյշեբա, Շիվինի – Հադես,Պոսեյդոն, Զևս. Վանի մշակույթի ազդեցությունը Պարսկաստանի և Հունաստանի վրա

593

«Ազատ Ձայն»-ն  իր ընթերցողին է ներկայացնում մեծ հայագետ Մարտիրոս Գավուքճյանի հայագիտական  ուսումնասիրությունից մի հատված: Հեղինակը ներկայացնում է Վանի թագավորության ազդեցությունը Պասկաստանի և Հունաստանի մշակույթի և դիցարանի վրա: Համոզիչ փաստերով ապացուցում, որ  Հադես,Պոսեյդոն, Զևս հունական դիցարանի գերագույն աստվածները Վանի թագավորության դիցաբության գերագույն աստվածությունների՝  Խալդի, Թեյշեբա, Շիվինի եռյակի ներթափանցած տարբերակն է: Ստորև ներկայացնում ենք հայագետի «Ուսումնասիրություններ  Հայոց Հնագույն պատմության» աշխատությունից մի փոքր հատված:

Շատ մեծ է եղել Վանի թագավորության մշակույթի ազդեցությունը հարևան ու հեռավոր երկրների վրա, հատկապես նրա հզորության ժամանակներում, երբ նա հասել է մշակութային նշանակալի բարձրության: Ինչպես հայտնի է, Իշպուինիի, Մենուայի, Արգիշտի Ա-ի և անգամ Սարդուրի Բ-ի ժամանակներում Վանը հասել է ռազմաքաղաքական հզորոթյան: Արգիշտի Ա-ի ժամանակ Վանը եղել է Առաջավոր Ասիայի հզորագույն պետւթյունը՝ ստվերի տակ դնելով Ասորեստանը:

Վանը, իր այդ մեծ հզորության ժամանակաշրջանում, ռազմական մեծ արշավանքներ է  կատարել, թե դեպի արևելք՝ Մանա ու Պարսուա (Պարսկաստան), թե դեպի հարավ՝ Ասորեստան ու Բաբելոնական շրջանները և թե դեպի արևմուտք՝ Փոքր Ասիական տարածությունները:

Արևելքում՝ Մանայի ու Պարսուայի շրջաններում, Վանի թագավորության նվաճումները  չեն եղել հպանցիկ-անցողիկ, այլ պարբերաբար ավելի կայուն: Վանի արքաները այդ շրջանում ընդհանրապես չեն կոտորել բնակիչներին ու չեն ավերել երկիրը (ինչպես անում էին Ասորեստանում), այլ շատ դեպքերում անվնաս են թողել գոյություն ունեցեած բերդերը և անգամ կառուցել են նորերը՝ նրանց մեջ կայազոր տեղավորելու համար:

Ահա Մենուայի արձնագրությունից մի վկայություն այդ մասին. «Մեծությամբ Խալդի աստծու՝ Մենուան՝ Իշպուինի որդին, այս ամրոցը կառուցեց, նա նվաճեց Մեիշտա քաղաքը, նվաճեց այնտեղից Մանա երկիրը…թողեց այնտեղ … թողեց հետևակ մարտիկներ…»:

Այսպիսի իրավիճակն ու պայմանները, իհարկե, պիտի մեծապես նպաստած լինեն Վանի թագավորության շինարվեստի և հոգևեր մշակույթի ազդեցության տարածմանը Մանայում ու Պարսկաստանում: Այստեղ մեր նյութը թելադրում է խոսել ավելի հոգևոր մշակույթի ազդեցության մասին:

Հայտնի հնագետ Գ.Ա. Տիրիցյանը գրում է.  «Վերջին տասնամյակում հաճախակի նշվում է նաև Վանի թագավորությունը՝ որպես հնարավոր մասնակիցներից մեկը Աքեմենյան ժամանակաշրջանի իրանական մշակույթի կազմավորման գործում:…Վանի թագավորության մշակույթի տեսակարար կշիռը, սակայն, անընդհատ աճում է և նրա ճարտարապետության, շինարարական տեխնիկայի, կիրառական արվեստի, հատկապես մետաղագործության ու խեցեգործության առաջատար նշանակությունը դժվար է այլևս անտեսել»: …«Ուրարտա-իրանական մերձեցման եզրեր կարելի է հայտնաբերել նաև կրոնա-պաշտամունքային թեմաներ արտացոլող կոմպոզիցիաներում և պատկերագրական սխեմաներում: Անցյալ դարում Թոփրախ-Կալեի (Ռուսախինիլի, Վան քաղաքի հյուսիս-արևելք` «Ագռավաքար» կոչվող տարածք) գինու պահեստի կարասներից մեկում գտնվեց ոսկե մեդալիոն՝ գահի վրա նստած կնոջ և նրա դիմաց կանգած մեկ ուրիշ կնոջ փորագրված պատկերներով… ընդունելի է դարձել այն կարծիքը, ըստ որի՝ նստած կինը Վանի թագավորության պտղաբերության աստվածուհին է՝ Խալդի աստծո կինը՝ Արուբանին, որին երկրպագում է Վանի թագավորության թագուհին: …Հատկանշական է, որ ուրարտական այս արվեստի թեման, պատկերագրական նույն առանձնահատկություններով հանդիպում է իրանական աքեմենյան ժամանակաշրջանի կնիքի վրա …այստեղ ևս ներկայացված է նույն նստած աստվածուհին՝ դիմացը կանգնած կնոջ պատկերով»:

Այստեղ պիտի նշել նաև Իրանի դրոշի «արևը առյուծի վրա» համակցական պատկերը, որը համընկնում է Էրեբունիում հայտնաբերված «Խալդին առյուծի վրա» պատկերի հետ:

Զգալի չափեր է ունեցել Հայկական լեռնաշխարհի քաղաքակրթության ազդեցությունը նաև արևմուտքում՝ Փոքր Ասիայի հնդեվրոպական ժողովուրդների վրա. մի բան, որը թաղվել է ու մոռացվել պատմության խավարում: Այստեղ իր հետաքրքրության համար կբերեմ միայն որոշ տվյալներ ու երևույթներ, որոնք խոսում են հունական դիցաբանության կազմավորման գործում Վանի թագավորության հոգևոր մշակույթի ունեցած կարևոր ազդեցության ու դերի մասին: 

Արդեն խոսել ենք, թե շումերական Innana-Anunit-Nina աստվածությունը (կամ աստվածուհիները) եղել են նաև Հայկական լեռնաշխարհի Ինաննա-Անահիտ-Նանե աստվածությունը: Թեև Անահիտը որպես ազգային մեծ դիցուհի ամենամեծ հարգանքն ու պաշտամունքը վայելում էր Հայկական լեռնաշխարհի իր կենտրոնում՝ որպես հովանավորն ու մեծ մայրը երկրի, այսուհանդերձ նա հայտնի էր նաև հնդեվրոպական ժողովուրդների մոտ ու Եվրոպա է հասել շրջված Diana անվանաձևով:

Այնպես էլ ամպրոպի աստված Teišeba կամ Tešob աստծո անունը Հունաստան է անցել նույնպես շրջված Poseid(on) ձևով, ուր պահել է իր փոթորկային բնավորությունն ու նկարագիրը, բայց Հունաստանի աշխարհագրական բնույթի պատճառով վերագրվել է ծովային միջավայրին ու փոթորկին:

Poseid(on) անվան on  վերջավորությունը հունական հայտնի վերջածանց է , որով հիմնականը մնում է Poseid, որը շրջված ձևով լինում է Diešop կամ Tiešop (հուրիական (Միտանի) Tešob կամ Վանի թագավորության Teišeb[a]): Tiešop-ի t-ն շրջված Poseid(on) ձևում  հնչել է d, այնպես, ինչպես Anahit-ի t-ն շրջված Diana ձևում փոխվել է d-ի:

Այս Teišeba-Tešop=Poseid(on) հավասարության համար փաստ է ոչ միայն անունների (շրջված ձևի) նույնությունը և նրանց երկուսի էլ ամպրոպային-կայծակնային բնույթը, այլև կարևոր փաստ է նրանց մարդակերպ նկարների համանման կոմպոզիցիաները. Թեյշեբան բռնած է կայծակի նշան (աշտանակաձև) եռաժանին և կանգնած է ամպրոպի խորհրդանիշ ցուլի վրա՝ աջ ոտքը դրված ցուլի գլխին: Պոսեյդոնը նույնպես բռնած է եռաժանին՝  աջ ոտքը նույնպես դրած մի նույնանիշ կերպարանքի վրա:

Այս նկարները փաստ են, թե Պոսեյդոնը Թեշուբն է: Կան և այլ կարևոր ու հետաքրքրական փաստեր: Վանի թագավորության դիցարանը գլխավորում են Խալդի, Թեյշեբա և Շիվինի աստվածների եռյակը: Իսկ հունական դիցարանը գլխավորում են՝ Հադեսը, Պոսեյդոնն ու Զևսը՝ երեք եղբայրները: Զևսը աստվածն է երկնքի, Պոսեյդոնը՝ ծովի փոթորկի, իսկ Հադեսը՝ ստորգետնյա թագավորության: Ես գտնում եմ, թե այստեղ՝ ինչպես Պոսեյդոնը ամպրոպ-կայծակի աստված Թեյշեբան է, այնպես էլ ստորգետնյա աստված Հադեսը՝ հրաբուխի աստված Խալդին է, իսկ երկնքի աստված Զևսը՝ արևի աստված Շիվինին:

Դժվար չէ տեսնել Zeu(s) և Sibi(š) և Siwi(ni) անունների նույնությունը: Siwini անվան –ni վերջավորությունը (որպես ածանց) համապատասխանում է Sipiš կամ ավելի ճիշտ Sibiš ձևի š վերջավորությունը: Այնպես էլ Zeus (Zeu-s)  անվան վերջավորությունը համապատասխանում է Sibiš (Sibi-š) և Siwini (Siwi-ni) անունների վերջավորություններին. երկու ձայնավորների միջև b-ն փոխվել է w(u)-I,  որով Sibiš ձևին համապատասխանում է Zeus (անգամ փռուգ. Sabaz [ios] կամ Savaz [ios] և Šiwini անունները): Ուստի պիտի ընդունել, թե Sibiš, Zeus (և Ուգարիտի Šabaš և փռուգ. Savaz[ios] և Siwini անունները նույն դիցանունն են և հանդիսանում ու ներկայացնում են հենց արևի (որոշ դեպքերում երկնքի) աստվածությունը:

Հետևաբար պիտի նաև ընդունել, որ ստորգետնյա աստված Հադեսը (հուն. Haidēs) էլ հենց կրակ-հրաբուխի աստված Խալդին է՝ նրա անվան մեղմացած (Հա[լ]դ) ձևն է: Հայտնի է, որ Հադեսի -ի- վերջավորությունը հունական վերջածանց է: Այնպես որ, այն անվան Հադլ  ձայնը մարել է Հադ ձևում: Հադես ու Խալդի անունների նույնությունը ընդունելու համար աչքի առաջ ունենք  ոչ միայն այս երկու անունների ձայնային նմանությունը, այլև նրանց բնույթը, քանի որ հրաբուխի (Խալդի) աստվածությունը հենց ստորգետնյա (Հադես) աստվածությունն է: Այս փաստի վրա պիտի ավելացնել այն, որ Հադեսը, Պոսեյդոնն ու Զևսը եղբայրներ են, այնպես, ինչպես Խալդին, Թեյշեբան ու Շիվինին հանդիսանում են առանձին եռյակ:

Այսպիսով տեսնում ենք, թե հունական դիցարանի կարևոր երեք եղբայրները՝ Հադեսը, Պոսեյդոնն ու Զևսը ուրիշ բան չեն, եթե ոչ հենց Վանի թագավորության գլխավոր ու հզոր աստավածային եռյակը՝ Խալդին, Թեյշեբան ու Շիվինին:

«Ազատ Ձայն» լրատվականի նյութերն օգտագործելիս պարտադի՛ր նշեք սկզբնաղբյուրը նյութի հիպերակտիվ հղումով: