Ես Հայաստանում փնտրում էի մարդկային մտքի սաղմը. Լատվիացի բանաստեղծ

30

Այսօր որոշեցինք ներկայացնել տասնամյակներ առաջ գրված Լատվիացի բանաստեղծ Էդուարդաս Մեժելայտիսի խոսքերը՝ ուղղված աշխարհին, որում հեղինակը հմայված է հայկական լեռնաշխարհով ու հայ մարդու կարևորությամբ: Թերևս շատ կարևոր են նրա խոսքերը, քանզի մենք ինքներս հաճախ չենք պատկերացնում հայ ազգի կարևորությունը համամարդկային աշխարհարարման գործընթացում: 

Հեղինակը գրում է հետևյալ խոսքերը՝
<<Իմ առաջին ծանոթությունը Հայաստանի հետ եղել է մեկ բանաստեղծության միջոցով…Ես շրջել եմ ողջ աշխարհը և հավաքել եմ ամենուր համոզիչ փաստարկներ: Փնտրում եմ մարդու առաջին քաղաքակիրթ քայլերը, որոնք հանդիսացել են նրա համար որպես խթան՝ դեպի մարդայնացումը և դեպի հումանիզմըն ընդհանրապես: Հենց այդ որոնումներն էլ ինձ բերեցին Հայաստան: Ես այստեղ փնտրում էի մարդկային մտքի սաղմը…
Հայաստանը ես հայտնագործեցի ավելի ուշ, քան Հունաստանը: Եվ փառք Աստծո, որ հասցրի այդ անել, քանի դեռ կենդանի եմ: Դա մեծ երջանկություն է: Եվ այնտեղ գտա ոչ պակաս, քան անտիկ դարաշրջանի Հունաստանում: Եթե Հայաստանը ոչինչ անգամ չունենար մեծն Նարեկացուց բացի, այդ էլ բավական էր ընդունելու համար նրա վիթխարի ավանդը համամարդկային մշակույթի ասպարեզում: Բայց Նարեկացուց բացի Հայաստանն իր փառապանծ անցյալում այնքան է ունեցել, որ դժվար է կռահել և հաշվարկել նրա ավանդը համաշխարհային մշակույթում: Ես կարծում եմ՝ իսկական դժբախտություն է եղել այն, որ ժամանակին բոլոր հաշվարկները մշակույթի բնագավառում առաջ են եկել հունա-լատինական եվրոպիզմի իդեալականացումից: Իմ սերունդը այդ ապրել է դեռևս դպրոցական հասակում: Այդ եվրոպականացված ֆենոմենը հիպնոսացրել և երկար ժամանակ պարուրել էր մեզ… Եվ հանկարծ մենք գտանք այն, ինչի մասին բավականին աղոտ պատկերացում ունեինք: Այժմ մեզ իր գաղտնիքն է բացում ողջ մշակույթի Ատլանտիդան , որն այնքան երկար-երկար ժամանակ թաքնված է եղել մեր աչքերից: Եվ հենց այդ մարդկային մտքի և գործունեության Ատլանտիդայում էլ կարևոր և կենտրոնական տեղերից մեկը բաժին է ընկնում Հայաստանին: Ինչքան ավելի էի խորանում այդ հայկական Ատլանտիդայի մեջ, այնքան արագ էր սկսում բաբախել իմ սիրտը: Անկասկած, ուրախությունից: Այստեղ ես գտա գտա մարդկային գործունեության և կոնստրուկտիվ բանականության այնպիսի խոշոր շերտավորումներ, որ շնչառությունս քիչ էր մնում կանգ առներ: Նույնիսկ ամենափորձված <<հանքափորը>> անգամ դժվարությամբ գլուխ կհաներ պատմության, գրչության,մտքի, պոեզիայի, ծեսերի, ճարտարապետության նման շերտերից: Եվ ընդհանրապես այն ամենից, որ մենք կոչում ենք ԳԵՂԵՑԻԿ: Այս բոլոր գյուտերը ոչնչով չեն զիջում այն բոլոր գեղեցիկին, ինչ ես տեսել եմ աշխարհի տարբեր վայրերում: Բացի այդ, պետք է ավելացնել, որ այդ բոլոր պատմական և մշակութային շերտերը տոգորված են յուրահատուկ, անկրկնելի, ազգային, զուտ հայկական երանգով: Այստեղ հայտնաբերում են այնպիսի յուրօրինակ բաներ, որոնց ոչ մի ուրիշ տեղ երկրագնդի վրա չես հանդիպի, ասենք խաչքարեր և կամ այլ ազգային պահպանվածքներ և մասունքներ: Այդ բոլորը հայկական ֆենոմենը բարձրացնում են, հասցնում են էլ ավելի մեծ բարձրության : Հայերը ոչ մի ընդհանուր բան չունեն մշակութային էպիգոնության հետ, նրանց համար միշտ էլ օտար է եղել ուրիշ մշակույթներին ընդօրինակելը: Հայ ժողովուրդը ստեղծում էր միայն բնագրեր: Դա ստեղծագործ ժողովուրդ է…
Եվ ես ամեն օր վերադառնում եմ այն պոեզիային, որից հենց սկսվեց իմ ծանոթությունը Հայաստանի հետ: Եվ սեփական աշխատասենյակիս մեջ ես համառորեն լուծում եմ հայկական հանելուկը…>>: