Արևմտյան Հայաստանի Տիգրանակերտ քաղաքից ոչ հեռու Միհրի 1700-ամյա տաճար է հայտնաբերվել

186

Արևմտյան Հայաստանի պատմական Տիգրանակերտ քաղաքից ոչ հեռու գտնվող (այժմյան Թուրքիա, Դիարբեքիր նահանգ) Զերզեվան ամրոցում Միհրի 1700-ամյա վաղեմության ստորգետնյա տաճար է հայտնաբերվել: Գրում է Hurriyet-ը:

Ընդհանուր ստորգետնյա հնավայրը, որը ռազմաբազա է եղել 1700 տարի առաջ 60,000 քմ տարածք է զբաղեցնում: Տարածքում է գտնվում մոտ 12-15 մետր բարձրություն և 200 մետր երկարություն ունեցող պատը, 21 մետր բարձրության ժամացույցն ու պաշտպանական աշտարակը, եկեղեցին, վերահսկողության կառույցը, բնակելի տարածքներ, ամբարներ, զենքի պահեստներ, ստորգետնյա սրբավայրեր, ապաստարաններ, ժայռափոր դամբարաններ, ջրի թունել և 54 ջրամբարներ:

Մինչ օրս տարածքում անցկացված հնագիտական պեղումների արդյունքում հայտնաբերվել է ստորգետնյա եկեղեցի, 400 հոգու համար նախատեսված ստորգետնյա ապաստարան, բնակելի տներ և թունելներ:
Վերջին բացահայտումը Միհրի 1700-ամյա ստորգետնյա տաճարն էր: Մասնագետները նշում են որ ամրոցն այնքան հին է, որքան քաղաքը: Պեղումներն արդեն չորս տարի ընթանում են:

Նշվում է, որ տաճարն ունի 35 մետր լայնություն և 2.5 մետր բարձրություն: Այն այդքան էլ մեծ չէ, քանի որ ստորգետնյա կառույց է: