Արմենի-Հարիա-Նաիրի-Ուրարտու կամ Արև-կրակի երկիր

171

«Ազատ Ձայն» լրատվականն իր ընթերցողին է ներկայացնում «Նաիրի և Ուրարտու» բառերի նշանակությունը, որով և ապացուցվում է, որ Նաիրին, Ուրարտուն, Արմենիան և Հարիան, բոլորը նույն երկիրն են, և բոլորը ստուգաբանորեն նշանակում են «արևի երկիր»: Ստորև Ձեզ կներկայացնենք Մարտիրոս Գավուքճյանի գրքից մի հատված՝ նվիրված «Նաիրի և Ուրարտու» անվանումներին: Նշենք, որ 19-րդ դարում Ուրարտուն՝ Վանի Արարատյան Թագավորությունը, արհեստականորեն առանձնացվեց և սկսվեց ներկայացվել որպես առանձին թագավորություն, որը իբր թե հայերի հետ կապ չի ունեցել: Գավուքճյանի այս վերլուծությունը ևս մեկ անգամ ապացուցում է հնարովի «ուրատագիտություն» կոչվածը և ցույց է տալիս, որ «Ուրարտու»-ն պարզապես «Արարատ» բառի ասուրական տարբերակն է, որն էլ պատճառ է դարձել մի նոր կեղծ գիտության ստեղծման և պատմության աղավաղման համար:

«Ինչպես ասացինք, խոր անցյալում արև-կրակի  պաշտամունքը պայմանավորված է եղել Հայկական լեռնաշխարհի լեռնագագաթներից շատերի հրաբխային գործունեություններով: Ասուրաբաբելական ժամանակներում հաճախակի գործում էին Ուրուատրի-Արարադի (Կորդուքի) լեռնագագաթը, Սասունի շրջանում հայկական Տավրոսի Անդոք կոչված գագաթը, հատկապես Վանա լճի շուրջ գործող Նեմրութը, Արտոսը, Թոնդուրակը և ուրիշներ: Նեմրութի նշանավոր խառնարանը դեռ գործում էր մինչև 1441 թվերը, իսկ Թոնդուրակը դեռ չի էլ հանգել ու ծխում է մինչև հիմա: Այս պատճառով է, որ արև-կրակի աստվածությունը եղել է բնիկների՝ նաիրյան հայերի ազգային գլխավոր աստվածությունը:

Այս պատճառով է, որ Ասորեստանի արքաները իրենց տափաստանային երկրի հյուսիսում բարձրացող Հայկական լեռնաշխարհին իրենց խոսքով՝ «վերին երկրին» կոչել են Նաիրի, որը նշանակում է «Կրակի երկիր»:

Առաջ գիտնականները կարծում էին, թե Նաիրի անունը նշանակում է «գետերի երկիր», բայց հետագայում հայտնաբերված արձանագրությունների համադրած ուսումնասիրությունները և դիցաբանական ու լեզվաբանական տվյալների հետ դրանց համեմատական քննությունները ցույց տվեցին, որ Նաիրի նշանակում է «կրակի երկիր»:

Նաիրի բառը սեմական է և գալիս է Հայկական լեռնաշխարհի հարավային հարևան եղող սեմական աշխարհի լեզուներից: Ասորերեն nuira կամ nˆura նշանակում է «կրակ», սեմական բոլոր լեզուներով nˆur նշանակում է «լույս», արաբերեն նար նշանակում է «կրակ», նարիյ նշանակում է «կրակային»: Հայերենը պահել է մոխիր (ագուլ. Բարբառում՝ մախիր, մահիր>նաիրի(ի): Որով նաիրի եկիր տերմինը նշանակում է «կրակի երկիր», Նաիրի երկրներ՝ «կրակի երկներ» (երկրներ, որովհետև ամեն մի նաիրյան ցեղ ուրեն իր առանձին երկիրը՝ երկրամասը):

Ասորեստանի արքաները հետագայում նաիրյան երկրներին կոչում էին նաև Ուրարտու: Արդեն Ուրարտուի արքաները իրենք իրենց կոչում էին «Նաիրի երկրների արքա», որովհետև Ուրարտուն նաիրյան ցեղերի ռազմաքաղաքական համադաշնակցություն էր, և միաժամանակ Ուրարտու անունը հոմանիշ էր Նաիրի անվանը և նշանակում էր «վայր կրակի-արևի»:

Ուրարտու անվան նախատիպը Ուրուատրի կամ Ուրատրի էր: Ասորեստանի արքաները այս անունով էին կոչում Ուրարտուից առաջ Վանա լճից ներքև Արարադ լեռների շրջանում (Կորդվաց աշխարհում) կազմավորված նաիրյան ցեղերի միությունը:

Ուրու-ատրի կամ Ուր-ատրի անվան Ուրու կամ Ուր բաղադրիչը նշանակում է «վայր, տեղ». հայերենը պահել է ուր բառը «տեղ» նշանակությամբ. դրանցից ունենք ամենուր «ամեն տեղ», իսկ ատրի բաղադրիչը նշանակում է «կրակ», դրանից հայերենում կա ատրաշեկ «կրակի պես կարմիր», ատրագույն «կրակի գույն ունեցող», ատրական «հրեղեն» և այլն: Որով Ուրու-ատրի կամ Ուր-ատրի նշանակում է «վայր կրակի» կամ «երկիր կրակի» և համանիշ էր Նաիրի «կրակի երկիր» անվանը:

Ուրու-ատրի կամ Ու-ատրի անվան Ուրու կամ Ուր բաղադրիչի «տեղ, վայր» իմաստի համար կա մի հետաքրքիր ապացույց Սուրբ Գրքում. Աստվածաշնչի Հին Կտակարանի հայերեն  («յոթանասնից») թարգմանության մեջ բերված Արարադ (Ասուրական արձանագրությունների մեջ հիշված Ուրուատրի) անվան ասորական «Պեշիտտո» կոչված հնագույն թարգմանության մեջ բերվել է Կարդու տերմինը: Բերում ենք մեզ հետաքրքրող այդ հիշատակությունները կրճատումներով:

Հայկական «յոթանասնից» թարգմանության մեջ գրված է. «Եվ նստավ տապանն… ի լերինս Արարադայ», իսկ Ասուրական հնագույն  «Պեշիտտո» թարգմանության նույն տեղում գրված է. «Եվ նստավ տապանն… ի լեարն Կարդու»:

Հին Կտակարանի հայկական թարգմանության մի այլ տեղում գրված է. «Եվ եղեւ մինչդեռ երկիր պագանէր (Սենեքերիմ) ի տան Նեսրքայ աստծոյ իւրում՝ Ադրամելիք եւ Սանասար որդիք նորա հարին զնա սրով, եւ ինքեանք զերծան յերկիրն Արարադայ», իսկ ասուրական «Պեշիտտո»-ի համապատասխան տեղում Երկիրն Արարադայ կապակցության տեղում գրված է Atra-Kardu «Երկիրն Կարդու» (= Աշխարհն Կորդվաց):

Ինչպես պարզ երևում է, Ուրու-ատրի (կամ Ուր-ատրու) անվան տեղում բերվել է Կ-արդու, այսինքն՝ Ուրու- կամ Ու- բաղադրիչի փոխարեն Կ- բաղադրիչը: Սա կոնկրետ փաստ է, որ Որու- կամ Ուր- բաղադրիչը նշանակում է «տեղ, վայր», որովհետև K-ardu տերմինը գալիս է Ki-ardu «վայր ardu-ի»  ձևից. Շումերերենում (և ասուրաբաբելական սեպագրության մեջ) ki նշանակում է «վայր, տեղ, երկիր»: Սրա համար լավ օրինակ-ապացույց է  հայերենում պահված կ-մախ (կմախ) բառը, որը գալիս է շումերական ki-mah «վայր մահացածի, գերեզման» կապակցությունից: Ինչպես ki-mah դարձել է կ-մախ, այնպես էլ Ki-ardu դարձել է Կ-արդու:

Ուր-արտու անվան արտու բաղադրիչը ասորական (Աշուր Նազիր-Պալ Բ, Սարգոն) արձանագրությունների մեջ երևում է նաև -արդու ձևով, որը նշանակում է «արև»: Արդեն ինչպես նշել ենք, պաշտամունքի տեսակետով արև և կրակ աստվածությունները միասնանում էին: Որով Ուր-արտու կամ Ուր-արդի նշանակում էր «երկիր կրակի» կամ «երկիր արևի», այսինքն՝ «երկիր Արայի»: Սրա համար փաստ է Խորենացու պահած հետևյալ վկայությունը. «Շամիրամը սակավ օրեր մնում է այն դաշտում, որ Արայի անունով կոչվեց Այրարատ»: Հայտնի է, որ Արարատ կամ Այրարատ տերմինը գալիս է Ուրարտու անունից: Ուրեմն, ըստ Խորենացու պահած տեղեկության ևս՝ Այրարատ-Ուրարտու անունը նշանակում է «Դաշտն Արայի», այսինքն՝ Ուր-արտու անվան Ուր բաղադրիչը նշանակում է «դաշտ, վայր», իսկ արտու բաղադրիչը Արա «Արև-կրակ» (նշենք, որ Ուրուատրին կոչվել է նաև Հարիա): Պատմագրական այս վկայությունը ևս կասկած չի թողնում, որ Ուր-արտու նշանակում է «վայր արև-կրակի» կամ «երկիր արև-կրակի»:

Ինչպես տեսնում ենք, Արմանի (կամ Արմենի), Նաիրի և Ուրարտու անունները նույն երկրին տրված նույնանիշ ու համազոր անուններ էին: Տարբերությունը այն էր, Արմանի կամ Արմենի նշանակում էր «արևորդիների երկիր», իսկ Նաիրի և Ուրարտու նշանակում է «վայր կրակի», «երկիր արև-կրակի»: