Ամասիայի վերջին հայը. Շատերն ինձ ներգաղթյալ են ասում, իրականում ներգաղթյալներն ինձ այդպես կոչողներն են

21

Թուրքական Cumhuriyet թերթը ներկայացրել է Թուրքիայի Ամասիա քաղաքում ապրող վերջին հայի կյանքը, վերջինիս կենցաղն ու խնդիրները: Գրում է Ermenihaber.am-ը:

«Ռաֆայել Ալթունյանը՝ անձնագրով Ֆարուք Ալթունը, Ամասիայում ապրող վերջին հայն է: Ոչ ոք իր իրական ինքության մասին տեղյակ չէ, որովհետև նա տարիներ շարունակ ապրում է ինքնությունը թաքցնելով: Ճնշումից ու օտարացումից խուսափելու համար անունը փոխել է և փորձում է «բոլորի նման» ապրել: Տունը, ուր անցել է վերջինիս մանկությունը, քաղաքապետորանը խլել է իրենից, իսկ պապի և հոր գերեզմանների տեղում հիմա կրոնական վարժարան է: Վարժարանում Ալթունյանի շատ են ճնշել նրա հայ լինելու պատճառով,  իսկ բանակում ամենաշատն իրեն են ծեծել:

«Ծնվածս օրվանից այստեղ եմ ապրում և այս հողում եմ ցանկանում թաղվել: Մարդը չի կարող մերժել իր ինքնությունը, ես հայ եմ: Միշտ ճնշվել եմ, իրավունքներս ոտնահարվել են, երբ ինձ արմատներիս մասին են հարցնում, խուսափում եմ պատասխանել: Շրջապատումս շատերն ինձ ներգաղթյալ են ասում, իրականում ներգաղթյալներն ինձ այդպես կոչողներն են: Ցանկանում եմ ապրել մի մթնոլորտում, որտեղ ազատորեն կխոսեմ ինքնությանս մասին»,- թերթին պատմել է Ռաֆայել Ալթունյանը»: