Թուրքիայում հրատարակվող «Ագօս» շաբաթաթերթի փոխանցմամբ՝ Ստամբուլի հանրապետական դատախազությունը հետաքննություն է սկսել «Ագօս»-ի գլխավոր խմբագիր Ռոբեր Քոփթաշի և սցենարիստ և ռեժիսոր Ումիթ Քըվանչի դեմ: Հետաքննության նյութ են դարձել Դինքի սպանության դատավճռի կայացման օրը Քոփթաշի և Քըվանչի` հեռուստաեթերի ժամանակ հնչեցրած խոսքերը: Քոփթաշն ու Քըվանչը 2012-ի հունվարի 17-ին «Հաբեթ թուրք» հեռուստաալիքի «Խոսքը քոնն է» հաղորդման ընթացքում գնահատականներ են հնչեցրել Դինքի գործով կայացված վճռի վերաբերյալ: Հաղորդման հեռարձակումից հետո Անթալիայի բնակիչ, Թուրքիայի քաղաքացի Այդըն Թաշչըն միջնորդություն է ներկայացրել Ստամբուլի դատախազություն: Վերջինս անընդունելի է համարել Քոփթաշի և Քըվանչի այն խոսքը, որ Թուրքիան «մարդասպան պետություն է»: Ստամբուլի դատախազ Ֆիքրեթ Սեչենն ընթացք է տվել գործին՝ խոսքերն ընդունելով որպես վիրավորանք՝ ուղղված թուրքական պետությանը: Շաբաթաթերթի հաղորդմամբ՝ սպասվում է, որ Քոփթաշն ու Քըվանչը առաջիկա օրերին կկանչվեն հարցաքննության: «Ագօս»-ի փաստաբաններից Հաքան Բաքըրջըօղլուն նշել է, որ վերոնշյալ քաղաքացու հայցին լուրջ վերաբերվել պետք չէր, քանի որ Քոփթաշի և Քվանչի խոսքերի մեջ հանցանքի տարրեր չեն եղել: Փաստաբանը նաև կրկնել է, որ Դինքի սպանության գործը պատշաճ մակարդակով չի հետաքննվել:
Գլխավոր Ես հայ եմ Հայերի մասին «Ագօս»-ի գլխավոր խմբագրի և Ումիթ Քըվանչի դեմ բողոքի հայց է ներկայացվել














