Ֆրանսիան աշնանը քննարկման կդնի Ցեղասպանության ժխտումը քրեականացնող նոր օրինագիծը

29

Ֆրանսիան աշնանը Հայոց Ցեղասպանության ժխտումը քրեականացնող նոր օրինագիծը քննարկման կդնի: Տեղեկացնում է FrancePress-ը:

Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Ֆրանկ Փափազյանը տեղեկացրել է, որ նախագահ Ֆրանսուա Օլանդը պատրաստվում է աշնան երկրորդ կեսին սկսել օրինագծի քննարկումը, որը կներկայացվի կառավարության կողմից:

Մինչ այդ Օլանդի նախագահական նստավայրից հայտարարել էին, որ վերջինս իր նախընտրական քարոզարշավի ընթացքում արտահայտել է իր դիրքորոշումը և հավատարիմ կմնա դրան:

Հիշեցնենք, որ Ֆրանսիայի Սահմանադիր խորհուրդը փետրվարին չեղյալ համարեց Սենատի կողմից ընդունված օրինագիծը, պատճառաբանելով, որ դա ոտնահարում է խոսքի ազատության իրավունքը: