Ֆրանսիայի հայ համայնքը սպասում է Օլանդի հետ հանդիպմանը

5

Ֆրանսիայի հայկական համայնքը հուլիսի սկզբին պատրաստվում է հանդիպել նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրել է Հայ դատի Ֆրանսիայի գրասենյակի ղեկավար Հրաչ Վարժապետյանը:

«Ազգային ժողովի պատգամավոր Վալերի Բուայեն Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող նոր օրինագիծը կներկայանցնի հավանաբար հոկտեմբերին: Այս անգամ ևս ընթացակարգը նույնն է` քննարկում ԱԺ-ում, ապա` Սենատում, որից հետո նախագահ Օլանդը պետք է վավերացնի օրինագիծը` առանց սպասելու, որ այն բողոքարկվի եւ ուղարկվի Սահմանադրական խորհուրդ»,-ասել է Վարժապետյանը: Հենց այս հարցերն է հայ համայնքը քննարկելու նախագահի հետ առաջին հանդիպման ընթացքում: Վերջինս նշել է, որ համայնքը Օլանդի հետ հանդիպումից մեծ ակնկալիքներ ունի և սոցիալիստների իշխանության պարագայում շատ ավելի լուրջ և հաստատ պետք է լինի այդ օրինագծի ներկայացումն ու ընդունումը:

Հիշեցնենք, որ Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը փետրվարի 28-ին հակասահմանադրական էր ճանաչել Ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագիծը: Ֆրանսիայի կողմից ճանաչված ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագիծը 2011թ-ի դեկտեմբերի 22-ին ընդունվել էր երկրի Ազգային ժողովի կողմից` պատգամավորների ձայների ճնշող մեծամասնությամբ: 2012թ-ի հունվարի 23-ին օրինագիծը հաստատեց Ֆրանսիայի Սենատը: Օրինագծի ուժի մեջ մտնելուց հետո Ֆրանսիայի տարածքում Հայոց ցեղասպանության ժխտման համար կսահմանվեր մեկ տարի ազատազրկում և 45 հազար եվրոյի տուգանք: