Վյուրցբուրգի դղյակի առաստաղին Մաշտոցյան այբուբենը

21

Գերմանիայի Վյուրցբուրգ քաղաքում Բավարական հողի Արքեպիսկոպոսական դղյակի, կենտրոնական մուտքի առաստաղի վրա, Վենետիկցի նկարիչ Ջովաննի Դիեբոլոն 1752-53 թվականներին 677 մետր քառակուսի մակերես ունեցող առաստաղի վրա նկարել է աշխարհի պատմությունը, որը համապատասխանաբար բաժանված է ըստ Եվրոպա, Ասիա, Աֆրիկա, Ամերիկա աշխարհամասերի:

Կոմպոզիցիան այլաբանորեն պետք է ներկայացներ չորս աշխարհամասերում տեղի ունեցած ամենակարևորագույն իրադարձությունները, որոնք աշխարհի զարգացման մեջ հիմնաքարային նշանակություն ունեին: Ասիան ներկայացնող մասում հետևի ֆոնի վրա պատկերված է բրգաձև սյուն, որի աջ կողմում կանգնած է մի կին, որի հայացքը ուղղված է ձախ, նրա կողքին կանգնած է հովանոցով մի տղամարդ, ավելի աջ պատկերված է օձ՝ փաթաթված ցուպին, կնոջ և հովանոցով տղամարդու դիմաց, գետնի վրա կիսաթիկնած և մեջքով դեպի դիտողը նստած է մի տղամարդ:
Կնոջից ձախ՝ նստած է լայնեզր գլխարկով, պատկառելի միրուքով մի անձնավորություն, նա նայում է ձախ և իր ձախ ձեռքում պահում է ջահը: Տղամարդը նստած է հղկված սալաքարի ետևում, որի վրա փորագրված են հայկական տառեր, սալաքարը ավարտվում է բարձրաքանդակով: Ասիան այլաբանորեն ներկայացնող պատկերը շատ ընդգրկուն է, նրա մեջ պատկերված է Քրիստոսի խաչելությունը, հեթանոսական աստվածներ և այլն: Ենթադրվում է, որ Ասիան ներկայացվող մասը նկարիչ Դիեբոլոն կատարել է ամենավերջում, նրա ստորագրությունը գտնվում է Հայկական այբուբենի աջ կողմում և թվագրված է 1753 թվականով: