Սփյուռքի նախարարություն դիմած 100-ավոր սիրիահայերից միայն 3-ն են կացարան խնդրել

8

ՀՀ սփյուռքի նախարարությունը տեղեկացնում է, որ իր գործառույթների շրջանակներում սերտորեն աշխատում է Սիրիայի հայ համայնքի հետ: Անցյալ ամիսներին Սփյուռքի նախարարություն դիմած 100-ից ավելի սիրիահայերից միայն երեքն են դիմել կացարան ստանալու խնդրանքով, ինչի մասին իրազեկվել է ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայությանը և հարցին տրվել է դրական լուծում:

Մնացյալը դիմել են աշխատանքի տեղավորման, ինչպես նաև կրթական ու առողջապահական խնդիրներով (շուրջ 4 տասնյակ): Բարձրացված հարցերի վերաբերյալ գրավոր կամ բանավոր տեղեկացվել են համապատասխան նախարարությունները:

Սփյուռքի նախարարություն այցելածների մի մասը, չունենալով որևէ խնդիր Հայաստանում, այդուհանդերձ, բարձրացրել Է հարցեր, որոնք մանրամասն քննարկվել են տարբեր գերատեսչությունների հետ, այդ թվում նաև` Հալեպ-Երևան չվերթերի ավելացման և տոմսերի գների հիմնախնդիրները:

ՀՀ սփյուռքի նախարարությունն ամիսներ շարունակ կապի մեջ է Սիրիայի հոգևոր կառույցների, կազմակերպությունների հետ: Վերջիններս, նպատակահարմար չգտնելով նախարարության ղեկավարության այցը Սիրիա, միաժամանակ անհրաժեշտ տեղեկություններ են տրամադրում Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ: ՀՀ ԱԳՆ-ի հետ մշտական քննարկումներ են կատարվում և տեղեկություններ փոխանակվում սիրիահայ համայնքի մասին, որոնք տրամադրում են Հալեպում մեր գլխավոր հյուպատոսությունը և Դամասկոսում ՀՀ դեսպանատունը: Չնայած մտահոգիչ իրավիճակին` ՀՀ սփյուռքի նախարարություն դիմած սիրիահայերից ընդամենը 1 տասնյակն է ցանկություն հայտնել բնակություն հաստատել Հայաստանում: Մյուս կողմից, սիրիահայության թե՛ հոգևոր, թե՛ համայնքային պատասխանատուները հայտնում են, որ Սիրիայից արտագաղթ գոյություն չունի: Հայաստանում շատերը սիրիահայերի կողմից ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմումները շփոթում են Հայաստան ներգաղթելու ցանկության հետ և ավելորդ շահարկումների տեղիք տալիս: Նախարարությունն իր բոլոր ծրագրերին մասնակից է դարձնում սիրիահայերին, որոնք ծրագրի ավարտին վերադառնում են Սիրիա, չնայած նրանց առաջարկվում է մնալ մինչև սեպտեմբեր: ՀՀ նախագահի հանձնարարությամբ նախարարություններում, այդ թվում և Սփյուռքի, օրենսդրական փոփոխություններ են մշակվում սիրիահայերի քաղաքացիության ձեռքբերման և վիզաների տրամադրման գործընթացի դյուրացման ուղությամբ:

Ֆիրդուս Զաքարյան
ՀՀ սփյուռքի նախարարությունում սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող աշխատանքային խմբի ղեկավար