Սիրիահայերը փախչում են հայրենիք. Hurriyet

6

Սիրիայում արդեն մեկ տարուց ավել շարունակվող հակամարտությունը ծանր հետևանք է ունեցել նաև երկրի քրիստոնեա բնակչության վրա, ինչն էլ պատճառ է, որ բազմաթիվ հայեր փախչում են բռնությունից՝ վերադառնալով Հայաստան:

Հայաստան վերադարձով սիրիահայերի ճակատագիրը դեռևս անհայտ է, անհայտ է նաև այն, թե նրանցից քանիսը կմնան հայրենիքում և քանիսը կմեկնեն այլ երկրներ բախտ որոնելու: Ներգաղթյալներին ընդունելու համար Հայաստանում խումբ կձևավորվի: Նախաձեռնության նպատակն է աջակցել հայրենակիցներին: Այս մասին գրում է թուրքական Hurriyet-ը:

Խմբում կներառվեն իրավաբաններ սիրիահայերի իրավունքները պաշտպանելու համար: Իրավաբան Լյուդվիգ Դավթյանը Cross-border Protection of Migrants’ Human Rights խմբի հիմնադիրներից է: Խումբը ստեղծվել է Հայաստանի դատական փորձագետների և իրավաբանների ասոցիացիայի կողմից:

Դավթյանը Hürriyet-ին հաղորդել է, որ իրենք բանակցել են Հայաստանի Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի հետ և նրան տեղեկացրել նոր նախաձեռնության և աշխատանքների կազմակերպման մասին:

«Մենք սահմանափակ հնարավորություններ ունենք, այդ պատճառով խնդրել ենք նախարարին աջակցել ներգաղթյալներին»,- ասել է Դավթյանը և ընդգծել, որ Սիրիայից Հայաստան ներգաղթը վերջին ժամանակներում մեծ ծավալների է հասել, սակայն գաղթականների հստակ թիվը հայտնի չէ, քանի որ Հայաստանի ԱԳՆ-ն դեռևս այդ մասին պաշտոնական հայտարարությամբ հանդես չի եկել: Դավթյանի տեղեկություններով վերջին երեք ամիսներին հարյուրավոր սիրիահայեր ներգաղթել են հայրենիք, այնուամենայնիվ, ստույգ թվեր չկան:

Գաղթականներից շատերը Հայաստան են մեկնել՝ բնակվելու հարազատների տանը, իսկ ոմանց էլ աջակցել է Հայաստանյան Կարմիր խաչը: Դեռևս հայտնի չէ՝ նրանցից քանիսն են պատրաստվում երկարաժամկետ բնակություն հաստատել Հայաստանում: «Դժվար է գնահատական տալ, քանի որ նրանցից շատերը ծրագրում են հակամարտության ավարտից հետո վերադառնալ Սիրիա, իսկ ոմանք նախատեսում են այլ երկրներում հաստատվել»,-ընդգծել է նախագծի համահեղինակը:

Թուրքիան և Լիբանանը ևս հյուրընկալում են սիրիացի փախստականներին: Հայերը Թուրքիա չեն գնում, քանի որ վերջինս հրաժարվում է 1915 թվականի դեպքերը ցեղասպանություն ճանաչել: «Հենց 1915 թվին են բազմաթիվ հայեր Սիրիա գաղթել: Այսօր հայերը Լիբանան էլ չեն նախընտրում գնալ, նրանք գերադասում են հիմնականում Եվրոպական երկրներն ու ԱՄՆ-ն: Իսկ մերձավոր արևելքը որոշել են հանգիստ թողնել հակամարտությունների պատճառով»,- ասել է Դավթյանը:

Նրա խոսքով՝ Հայաստանը պատրաստ չէ ընդունել մեծաթիվ փախստականների: Պատճառը գլոբալ տնտեսական ճգնաժամի՝ երկրի վրա ունեցած ազդեցությունն է: Սակայն Հայաստանի կառավարությունը ջանք չի խնայում՝ աջակցելու ներգաղթյալներին:

Մինչև ներգաղթը Սիրայում մոտավորապես 100 հազար հայ էր բնակվում: Սակայն նրանք, հեռանալով այդ երկրից, մտավախություն ունեն, որ այլևս չեն կարող վերադառնալ այնտեղ: