Չեխիայում` Հայոց Մեծ Եղեռնի 97-րդ տարելիցին նվիրված միջոցառում

11

Ապրիլի 22-ին Չեխիայում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանը մասնակցեց Չեխիայի Հանրապետության Վիսոչինա երկրամասի մայրաքաղաք Յիհլավայում «Ուրարտու» հայ-չեխական ընկերության կազմակերպած «Նրանք էլ իրավունք ունեին, կարող էին և ուզում էին ապրել ու արարել» խորագրով միջոցառմանը` նվիրված Հայոց Մեծ Եղեռնի 97-ամյա տարելիցին: Այս մասին տեղեկացնում են ԱԳՆ մամլո գրասենյակից:

Դեսպանը և «Ուրարտու» հայ-չեխական ընկերության նախագահ Ալեքսանդր Սարգսյանը ծաղկեպսակներ դրեցին քաղաքի կենտրոնական զբոսայգիներից մեկում տեղադրված տուֆակերտ խաչքարին: Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը: Այնուհետև «Սուրբ Հոգի» եկեղեցում, ուր ներկա էին հայ համայնքի, չեխ հասարակայնության, ազգային այլ փոքրամասնությունների մի քանի տասնյակ ներկայացուցիչներ, Չեխիայի, Սլովակիայի և Հունգարիայի հայ համայնքների հոգևոր հովիվ Բարսեղ վարդապետ Փիլավչյանը կատարել է հոգեհանգստի ծեսը, ելույթներ են ունեցել դեսպան Սեյրանյանը և պարոն Սարգսյանը:

Միջոցառումը շարունակվել է եկեղեցու և խաչքարի շուրջ տեղադրված ֆոտոցուցահանդեսի դիտումով:

Միջոցառման ավարտին տեղի է ունեցել «Ուրարտու» հայ-չեխական ընկերության՝ Հայոց ցեղասպանության 97-ամյա տարելիցին նվիրված ֆիլմի ցուցադրումը: