Նավթը չի կարող գնել ո’չ հիշողությունը, ո’չ մարդու իրավունքները. Վալերի Բուայե

7

Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր Վալերի Բուայեն հանդես է եկել Ֆրանսիայի ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ հայտարարությամբ: Պատգամավորը դիմել է երկրի ղեկավար Ֆրանսուա Օլանդին, որպեսզի դիվանագիտական միջոցներ ձեռնարկվեն Ֆրանսիայի ազգային հողի վրա ժխտողականության ցանկացած քարոզարշավ վերացնելու համար:

Հիշեցնենք, որ փետրվարի 26-ին Ֆրանսիայի Ազգային ժողովի սրահներից մեկում միջադեպ է տեղի ունեցել Սումգայիթի զոհերի հիշատակի 25-րդ տարելիցին նվիրված միջոցառման ժամանակ: «Սումգայիթի դեպքերը 25 տարի անց. ներկա իրավիճակը և ապագա հեռանկարները Լեռնային Ղարաբաղի բնակչության համար» խորագրով միջոցառման ընթացքը փորձել են ձախողել ադրբեջանցի երկու սադրիչներ, ովքեր ներս մտնելով, անվայելուչ հայտարարություններ են հնչեցրել մասնակիցների հասցեին և ծեծկռտուք հրահրել:

Վալերի Բուայեի հայտարարության մեջ ասվում է.

«Ժխտողական քարոզչություն իրականացնելով և բազմապատկելով հակահայկական սադրանքի գործողությունները, մասնավորապես հովանավորելով հայերի դեմ բռնության իրականացման մեջ մեղադրվող հանցագործներին (Սաֆարովի գործը)՝ Ալիևյան ռեժիմը քաջալերում է այնպիսի պատահարներ, ինչպիսն էր երեկ Ազգային Ժողովի պատերի ներսում կայացած պատահարը, որտեղ 1988թ. փետրվարի 28-29-ին Սումգայիթում հայերի կոտորածների 25-ամյակին նվիրված հիշատակի միջոցառում էր: Հիշատակման հարգանքի այդ պահը ադրբեջանական նոր սադրանքներիի թատերաբեմ դարձավ՝ կրկին անգամ ապացուցելով, որ Ադրբեջանը մտադիր չէ խաղաղ ճանապարհով կարգավորել Ղարաբաղյան հակամարտությունը:

Ես մեկ տարի առաջ եմ եղել Լեռնային Ղարաբաղում, որպեսզի ծանոթանամ հնամենի հայկական այդ երկրին, որը տարիներ ի վեր էթնիկական մոռացված մի հակամարտության զոհն է: Ներկայիս սոցիալիստ կառավարությունը լրիվ անտարբեր է այդ հակամարտության նկատմամբ: Դեռ ավելին, 2012 թ-ի սեպտեմբերին նախագահ Օլանդը մեծ ժպիտով ընդունեց Ալիևին (նայել կցված լուսանկարը):

Մեր երկիրը պետք է բարձրաձայնի՝ պաշտպանելու համար Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների կոնվենցիան: Հայոց ցեղասպանության հարյուրամյակի նախամուտին հարկավոր է վերջ տալ Լեռնային Ղարաբաղի հայերի հալածանքներին իրենց ծագման պատճառով:

Ես դիմում եմ Ֆրանսուա Օլանդին, որպեսզի դիվանագիտական միջոցներ ձեռնարկվեն Ֆրանսիայի ազգային հողի վրա ժխտողականության ցանկացած քարոզարշավ վերացնելու համար: Ես դիմում եմ Կլոդ Բարտոլոնին, որպեսզի Ազգային Ժողովի օրակարգում գրանցի օրենքի իմ նախագիծը, որի նպատակը 2008թ, նոյեմբերի 28-ի ռասիզմը և քսենոֆոբիան քրեորեն պատժելու մասին որոշմեջ կիրարկումն է ներքին օրենսդրության մեջ, և որը նախատեսում է քրեորեն պատժել Հայոց ցեղասպանությունը ժխտելու մեջ մեղավոր ճանաչվածներին:
Նավթը չի կարող գնել ո’չ հիշողությունը, ո’չ մարդու իրավունքները»: