Հալեպի մոտակայքում հայեր են առևանգվել, հրկիզվել է Սբ. Գևորգ եկեղեցին

15

Հալեպի մոտակայքում գտնվող Սարաքեբ քաղաքում 10 հալեպցի տղամարդ է առևանգվել: Armenpress-ի փոխանցմամբ՝ Բերիո թեմի ազգային առաջնորդարանի մամլո խոսնակ Ժիրայր Ռեյիսյանի խոսքով՝ առևանգվածներից 7-ը հայեր են և 3-ը` քրիստոնյա արաբներ: Վերջիններս առևանգվել են ընդդիմադիրների կողմից: Ոչ պաշտոնական տեղեկությունների համաձայն` ընդդիմադիրները կառավարությանը կոչ են արել վերադարձնել իրենց 150 ընկերներին, և իրենք ազատ կարձակեն առևանգվածներին: Տեղի ունեցածի վերաբերյալ դեռևս մանրամասն տեղեկություններ չկան:

Հոկտեմբերի 29-ին այրվել է նաև հայ առաքելական Սուրբ Գևորգ եկեղեցին: Հրկիզվել է եկեղեցու ետնամասը, քարտուղարության և այլ հարակից սենյակներ: Ամբողջովին այրվել են եկեղեցու նստարանները, մոխրացել են սրբապատկերները: Բավական լուրջ վնասներ է կրել եկեղեցուն կից նոր բացված Մեսրոպյան վարժարանը, որը ծխական դպրոց էր, նաև մանապարտեզ և նախակրթարան ուներ: Քանի որ Նոր գյուղում գտնվող Սուրբ Գեւորգ եկեղեցու շրջակայքում բուռն բախումներ են ծավալվում, այժմ հնարավոր չի լինի վերականգնողական աշխատանքներ ծավալել: Միայն իրավիճակի դրական փոփոխության դեպքում հնարավոր կլինի վերականգնել այն: Հալեպի ազգային առաջնորդարանը խստորեն դատապարտում է նման անմարդկային արարքը սրբության նկատմամբ: