Զեյթունի Ավետարանի 7 էջերի ճակատագիրը դեռ աղոտ է

10

Լոս Անջելեսի Գերագույն ատյանի դատավորնը Նոյեմբեր 3-ին մերժել է ընթացք տալ «Գետտի» թանգարանի այն դիմումը, որի նպատակն էր կասեցնել մոտավորապէս 755- ամյա Զեյթունի Ավետարանի էջերը իրենց իրավատիրոջ վերադարձնելու դատը:
Դատավորը կողմերին հնարավորություն է տվել առաջիկա ամիսների ընթացքում բանակցությունները շարունակել Թորոս Ռոսլինի կողմից գեղանկարված էջերի ճակատագրի շուրջ: Համաձայնության չգալու պարագայում, կողմերը դատարան կվերադառնան հաջորդ տարվա մարտի 2-ին:

Մեծի Տանն Կիլիկիո ԱՄՆ Արևմտյան թեմի կողմից է «Գետտի»-ի դէմ դատը բացվել հայկական մանրանկարչության լավագույն էջերին վերատիրանալու համար, որ այդ էջերը վերադարձվեն Երեւանի Մատենադարանին, որտեղ գտնվում է Ավետարանը:
Այդ էջերը Հայոց Ցեղասպանության ժամանակ` 1916-ին են գողացվել և 1994-ին վաճառվել թանգարանին 950,000 դոլարով:
Արվեստի մասնագետները շեշտում են, որ Զեյթունի Ավետարանի նման արվեստի գործը նախընտրելի է պահել որպես մէկ միավոր, և որ վերջին տարիներին Իտալիայի, Հունաստանի և այլոց ավելի քան 40 արվեստի կտորները վերադարձվել են նշյալ թանգարան, և գողացված էջերը նույնպես պետք է վերադարձվեն, սակայն թանգարանի պատասխանատուները շարունակում են ընդդիմանալ: Այս մասին գրում է Ասպարեզը:

Արևմտյան թեմը ներկայացնող իրավաբան Վարդգես Եղիայանը հայտնում է, որ ամերիկյան թանգարաններում հայտնաբերվել են կասկածելի միջոցներով գնված հայկական առնվազն 60 արվեստի գործեր: «Մենք պահանջում ենք՝ ընդունեն, որ այդ էջերը մեզ են պատկանում։ Եկեղեցու ցանկության դեպքում դրանք կարող են ցուցադրվել։ Սակայն եթե համաձայնություն ձեռք չբերվի, որպես փոխհատուցում պահանջելու ենք 50 միլիոն դոլար»,- ընդգծել է իրավաբանը: