«Եթե հենց վաղն էլ հարկ լինի պատերազմ մեկնել, գնացողներից մեկը ես կլինեմ»

17

Թեև օրեր առաջ հաղթանակի տոնն էր, ու տրամադրությունն էլ տոնական, բայց պարզվում է` այդ վեհ հաղթանակի հերոսներից ոմանք թեև չեն ընկճվել, ու պայքարի ոգին էլ նույնն է, ինչ տարիներ առաջ, բայց դառնացած են` մեր հայրենիքում տիրող անբարո մթնոլորտից, այժմյան իշխանության իրենց ձեռքում պահող պետական այրերի ժողովրդի ամենակարգին զավակների՝ ազատամարտիկների հոծ բանակի հանդեպ դրսևորած անտարբերությունից: Ազատ Ձայն լրատվականի հյուրն է սփյուռքահայ ազատամարտիկ Սարգիս Հացպանյանը:

-Պարոն Հացպանյան, Շուշիի ազատագրման 20-ամյանը առաջնահերթ տոն է հենց Ձեզ համար: Տարիներ առաջ նաև Դուք էիք անձնուրաց կռվում` հանուն հայրենիքի եզերքի համար: Տարիների հեռվից, ի՞նչ հիշողություններ են ժամանակ առ ժամանակ այցի գալիս:

-Տոնակա՞ն… թերևս, սակայն և նաև շատ ձևական է իմ համար: Իմ բոլոր հիշողությունների կենտրոնում միայն մեկ ընդհանուր կետ կա՝ ինչ լավ ժամանակներ էին այդ տարիները և ինչքան համամարդկային արժեքներով էինք բոլորով ապրում: Ես այդ երանելի օրերի հիշողություններով է, որ այս անդեմ օրերի գորշության դիմանում եմ հաստատ, հակառակ դեպքում տիրող այս մթնոլորտին հանդուրժել հնարավոր չէր լինի համոզված եմ:

-Այն ժամանակ պայքարի ոգին ավելի ուժե՞ղ էր:

-Չեմ կարծում, որ կարելի կլինի գտնել գեթ մեկ հայորդի, որ Ձեզ չասի թե այն ժամակների ոգին եզակի լուսավոր կետն է եղել մեր իրողության մեջ: Եվ այդ իմաստով, վստահաբար կարելի է ասել, որ այդ ուժեղ ոգուն ենք պարտական մեր ձեռք բերած անխտիր բոլոր հաղթանակները: Այն ժամանակ ամեն ինչ էր ուրիշ, մեզնից յուրաքանչյուրը մեր ազգային իրական բոլոր հատկանիշների կրողներ էին դարձել, միայն լավն ու բարին էր տիրում ամենուրեք… ու եթե ասածս ճիշտ կընկալվի, կարելի է ասել այդ ոգու շնորհիվ չարը խափանվել էր և հեռացել մեզանից:

-Թեև շատերը բազմաթիվ օրինակներ գիտեն, որ զոհված ազատամարտիկների, ինչու ոչ հրաշքով ողջ մնացածներին ու իրենց ընտանքիներին պետությունը հավուր պատշաճի չի վերաբերում: Ի՞նչ կասեք, արդյոք այդպես է:

-Ես ազնվորեն ամաչում եմ մեր օրերին հաճախ հոլովվող այս հարցի գոյության իսկ համար, երբ բավականին մոտիկից գիտեմ պետական, ըստ իս, հանցավոր համակարգի հետ սերտաճած նախկին ազատամարտիկներից շատ-շատերի, որոնք, միլիոնատերեր լինելով հանդերձ, սոցիալապես անապահով կյանք վարող իրենց մարտական ընկերների ճակատագրով երբևէ չեն հետաքրքրվում: Պետության ընձեռած բարիքներից օգտվելու գործում վարպետացած այս տեսակի մարդիկ ևս ազատամարտի դաշտում այդ նույն ոգու կրողներ էին հանդիսանում, սակայն իրենց որակ հաղորդող երբեմնի այդ սքանչելի արժեքից ինքնակամ հրաժարվելով՝ սկսեցին այլ կերպ ապրել, որի արդյունքում էլ բնականաբար պատերազմում ձեռք բերված այդ մարդկային որակից զրկվեցին: Իմ համար անհասկանալի և տարօրինակ է, երբ պետության ամենաբարձրաստիճան իշխանություն՝ նախագահականում գտնվածները համարվում են մեր բանակի գերագույն գլխավոր հրամանատարները, ես ոչ մի կերպ չեմ կարողանում ընկալել այն փաստը, որ հաղթանակած պետության քաղաքացի հանդիսացող ազատամարտիկները նման անհեթեթ ու խայտառակ վիճակում կարող են հայտնվել: Սա նոնսենս է, ես իր զինվորի մասին չմտածող հրամանատար չեմ ունեցել և նմաններին չեմ էլ ընդունում, իմ զոհված հրամանատարները բարձր բարոյական և մարդկային հատկանիշներով օժտված մարդիկ են եղել: Առավել քան համոզված եմ ասում ու պնդում, որ եթե նրանք ողջ լինէին մեր երկիրը բոլորովին ուրիշ արժեքներով կապրեր:

-Որպես պայքարի առաջամարտիկ խնդրեմ Ձեր խորհուրդը բոլոր երիտասարդներին:

-Հիմիկվա սերնդին երևի թե խորհուրդներ պետք չեն, քանի որ նրանք ձեզ անմիջապես կհիշեցնեն «Խորհուրդ տվող շատ է, փող տվող չկա» թևավոր խոսքը: Հիմա մեր հասարակության արժեքային համակարգն է այլասերված և այլնանդակված, այսօրվա երիտասարդ սերունդին բարոյական արժեքները չեն հետաքրքրում կարծեք, այժմ ամեն ինչ նյութականացված է, ցավոք: Փողն է միայն արժեքը, այսօրվա երիտասարդության մարգարեն ու ինչու ոչ՝ նույնիսկ Աստվածը: Իմ համար տարօրինակը այս խայտառակության համատարած լինելուն նպաստող իշխանություններ ունենալն է, ամեն ինչ և ամեն բան այլ կլիներ եթե իր բոլոր զավակներին սիրող պետական-կառավարման համակարգ ունենայինք: Մտածում եմ, թե մեր ծնողներից պետք է օրինակ վերցնել, հայկական ընտանիքի ավանդական կերպարին ու մեր տեսած կացութաձևին սովոր սերունդից լինելով, ձեր հարցին միայն պատասխանելու համար պատասխանել չեմ ուզում և չեմ էլ կարող: Ավելի ազնիվ կլինի, այժմյա սերունդին տանել ու ցույց տալ Եռաբլուրն ու ասել՝ «ԱՀԱ ԹԵ ՈՒՄ ՇՆՈՐՀԻՎ ՔՈ ՔԱՂԱՔԱՑԻՆ ՀԱՆԴԻՍԱՑԱԾ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ԿԱ, ՓՈՐՁԻՐ ԱՐԺԱՆԻ ԼԻՆԵԼ ԱՅՍ ԱՆՄԱՀԱՑԱԾ ՀԱՅՈՐԴԻՆԵՐԻՆ ՈՒ ԱՉՔԻԴ ԼՈՒՅՍԻ ՊԵՍ ՊԱՀՊԱՆԵԼ ՀԱՅՈՑ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ», և ոչ ավել, ոչ պակաս, միայն այսքանով բավարարվել: Սա անելուց հետո, վստահաբար եմ ասում. այս սերնդի մեջ ովքեր պատիվ և արժանապատվություն ունեն կիմանան՝ ինչ անել ու այդ ինչպես անել… սա, համոզված եմ, նրանց տրվելիք ամենամեծ խորհուրդը կլինի… ոչ թե իմ, այլ այդ անմահացած տղերքի կողմից: Մեզնից ո՞վ կարող է Եռաբլուրում եղողներից լավը լինել, որ մի հատ էլ համարձակվենք մեծամտելով ինչ-ինչ խորհուրդներ տալ մեր երիտասարդներին… Խորհրդարանը ազգիս՝ դա Եռաբլուրն է:

-Եղե՞լ է թեկուզ մի վայրկյան, որ ափսոսաք` պատերազմին մասնակցելու համար:

-Ոչ, երբե՛ք, և եթե հենց վաղն էլ հարկ լինի կրկին պատերազմ մեկնել, առանց մեկ ժամ իսկ կորցնելու՝ գնացողներից մեկն էլ ես կլինեմ, անկասկած:

-Հաղթանակի օրն ինչպե՞ս նշեցիք:

-Որևէ կերպ չեմ նշել, որովհետև մեր հայրենիքում տիրող անբարո մթնոլորտից, այժմ իշխանությունն իրենց ձեռքում պահող պետական այրերի ժողովրդի ամենակարգին զավակների՝ ազատամարտիկների հոծ բանակի հանդեպ դրսևորած անտարբերությունից առավել քան դառնացած եմ: Ես չեմ կարող ինքս ինձ ու իմ սկզբունքներին դավաճանելով գնալ ու կանգնել ինչ-որ հրապարակներում, մասնակցելով «ուռ՛ա հայրենասիրության» կեղծ և էժան բեմականացումներին: Նման անիմաստ ծախսերն անելու տեղ, հենց այդ հաղթանակների ձեռք բերման համար իրենց կյանքը նվիրած հայորդիների ընտանիքների բոլոր անդամների բազմապիսի հարցերին մեկ անգամ ընդմիշտ լուծում տալու համար պետական պաշտոն զբաղեցնող, բայց մատը մատին չտվող մի համակարգում տարբեր կոչում ու տիտղոսներ ունեցող, չգիտեմ որ գերատեսչությունների, չգիտեմ որ բարձրաստիճան պաշտոնյաներից բաղկացածների այդ անբարո շքերթը դիտելու ոչ մի ցանկություն չունեմ: