Եթե այսպես շարունակվի, Ջավախքում հայ չի մնա

8

Այսօր խոսելու ենք ջավախահայի խնդիրների մասին: Մեր հյուրն է Ջավախքի հայկական հասարակական կազմակերպությունների խորհրդի համակարգող, «Ա-Ինֆո» լրատվական գործակալության տնօրեն Արտակ Գաբրիելյանը, ով բացի թվարկելուց խնդիրները նաև մատնանշում է խնդրի լուծման իրատեսական տարբերակներ, որոնք հիմնականում կապված են վրացական իշխանությունների փոխհամաձայնության հետ:

-Խնդրեմ ասացեք, ի՞նչ հիմնական խնդիրներ ունի ջավախքցին:

-Ջավախքում վիճակը վատ է` մի քանի առումներով ու մի քանի ոլորտում: Մի քանի հիմնադրույթներ առանձնացնենք: Առաջինը` կրթական հիմնախնդիրներն են, որ շատ կարևոր են: Ամեն տարի հայոց լեզվի դասաժամերը կրճատվում են, հայկական դպրոցները կոչվում են` հանրային: Հայոց լեզուն պահպանելու խնդիրը շատ մտահոգիչ է: Ամեն տարի իրավիճակը բարդանում է, և լուծման ճանպարհը կարծես թե սահմանափակ է: Եթե 5-6 տարի առաջ այդ վտանգը չկար, ապա վերջին 2-3 տարում արդեն կա: Երկրորդ հիմնախնդիրը սոցիալ-տնտեսական խնդիրներն են, որոնք հանդիսանում են արտագաղթի տեմպերի պատճառ: Գյուղմթերքների արտահանումը ևս մեծ խնդիր է:

-Թվարկեցիք խնդիրները, բայց չառանձնացրիք ևս մի կարևոր խնդիր: Արդյո՞ք ոտնահարված չեն Ջավախքում ապրող հայի իրավունքները:

-Վերջին շրջանում` կապված ընտրությունների հետ, ոչ միայն Ջավախքում, այլև ողջ Վրաստանում ոտնահարված են իրավունքները: Եթե տվյալ անձը կապված է ընդդիմության հետ, ինքնաբերաբար զրկվում է աշխատանքից, ճնշումների է ենթարկվում, սառեցվում են բանկային հաշիվները: Իսկ Ջավախքում միշտ է ոտնահարված մարդու իրավունքերը` անկախ նրանից ընտրություններ են, թե` ոչ:

-Խոսենք առաջիկա ընտրություններից: Հայերը ո՞ր քաղաքական ուժին են սատարում:

-Հայաստանցիները ո՞ր քաղաքական ուժի կողքին են կանգնած այստեղի ընտրությունների ժամանակ:

-Թեև հարցը նման է, բայց ես կարծում եմ, որ տարբեր հարթություններ են: Մի՞թե Ջավախքում առավել շատ չէ վախի մթնոլորտը:

-Իհարկե, վախի մթնոլորտ կա: Այսօր ջավախահայության մի ստվար զանգված դեմ է տեղի իշխանություններին, պատճառն այն է, որ տեղի իշխանությունների օրոք են առաջացել այս խնդիրները: Թե առաջիկայում ինչ դիրքորոշում կբռնի ջավախահայությունը, կապված է այն բանի հետ, թե որ քաղաքական ուժը կլուծի, կամ կխոստանա լուծել ջավախահայության խնդիրները: Թող խոստանա իշխանությունը, մենք էլ մեր ձայնը տանք իշխանությանը:

-Կա՞ մի քաղաքական ուժ, որը սատարում է ջավախահայությանը:

-Դեռևս չկա ոչ մի քաղաքական ուժ, որի հետ մենք կարողանանք համագործակցել: Ե’վ իշխանությունը, և’ ընդդիմությունը չեն փոխում համագործակցելու իրենց դիրքորոշումը:

-Իսկ Հայաստանի իշխանությունները որևէ քաղաքական աջակցություն ցուցաբերո՞ւմ են:

-Բացարձակապես` ոչ: Հայաստանի իշխանությունների համար կա միայն վիրահայություն: Հայաստանի իշխանությունների կողմից ոչ մի քաղաքական աջակցություն չի եղել: Շատ թեթև տարբեր նախարարությունների կողմից թեթև քայլեր են եղել: Հասարակական հիմունքներով մեկ-մեկ օգնություն է եղել, մի քանի գիրք և այլն:

-Խոսենք Վրաստանում հայկական եկեղեցիների, խաչքարերի պղծման գործընթացների մասին, որոնք սկիզբ են առել շատ վաղուց: Արդյո՞ք այդ գործընթացը շարունակական է:

-Կարծես թե վերջին շրջանում կանգ են առել նման քայլերը:

-Ինչ կասեք, վրացական իշխանությունների կողմից վարվող հայաթափման քաղաքականության մասին: Երկար տարիներ դա այդպես է, ըստ Ձեզ արդյո՞ք հիմա էլ են բոլոր քայլերն այդ ուղղությամբ տարվում:

-Այդ քաղաքականությունը վարվում է դեռևս 90 ականներից:Հիմա կարողանում են իրենց քաղաքականությունը ծառայեցնել նպատակին: Եթե այսպես շարունակվի, Ջավախքում հայ չի մնա:

-Խնդրեմ ասացեք, ինչպես է իրեն զգում Ջավախքում ապրող հայը: Արդյո՞ք հոգեպես ընկճված է:

-Այո, ընկճված է: Նա երաշխավոր է փնտրում: Ու Հայաստանը նրա համար երաշխավոր չի կանգնում: