Գերմանահայոց Կենտրոնական Խորհրդի վարչությունը տեղյակ չի եղել թուրք դեսպանի այցելության մասին

11

Գերմանահայոց Կենտրոնական Խորհրդի վարչությունը հայտնում է, որ վերջին օրերին թուրքական և հայկական մի քանի լրատվամիջոցներ հաղորդագրություններ և տեսագրություններ են տարածել, որ սույն թվականի մայիսի 30-ին Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Թուրքիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Հյուսեին Ավին Կարսլիօղլուն այցելել է Քյոլնում գործող հայ առաջնորդանիստ եկեղեցի և այնտեղ հանդիպել Հայ Առաքելական Եկեղեցու Գերմանիայի թեմի առաջնորդ Գարեգին արքեպիսկոպոս Բեկչյանին ու տեղի հայկական համայնքի ներկայացուցիչներին, արԺանացել ջերմ հյուրասիրության:

Գերմանահայոց Կենտրոնական Խորհրդի վարչությունը հայտնում է, որ սույն հանդիպման մասին տեղյակ չեն եղել և այս հանդիպմանը չեն մասնակցել ո´չ խորհրդի վարչությունը, ո´չ խորհրդի կառույցները` 12 հայկական համայնքներ, կազմակերպություններ ու միություններ և ո´չ էլ խորհրդին անդամակցող անհատ անդամները:

Ուստի Գերմանիայում թուրք դեսպանի Հայ Առաքելական եկեղեցու Գերմանահայոց թեմի Առաջնորդարան այցելության նպատակների և հանդիպման մասին Գերմանահայոց Կենտրոնական Խորհրդի վարչությունը որևէ տեղեկություն տալ չի կարող:

Այս հարցով հետաքրքրվողներին խնդրում ենք ուղիղ դիմել Գերմանահայոց թեմի Առաջնորդարան: