Անկախության սերնդին հարկավոր է անկախանալ…

8

Մայիսի 28-ն, իրոք, փառավոր օր է մեր ազգի համար: Միավորման, պետականության վերականգնման ու վերջապես ծանրագույն շրջանում ապագային նայելու հույս էր: Իրականում առաջին հանրապետությունը հայ ազգի հզորության ու միասնականության արդյունքն էր, որը սխալ գաղափարների պատճառով չկարողացավ հարատևել, սակայն պայքարի մղման, սեփական հանրապետությունը ունենալու, անկախ ապրելու ցանկությունը իրագործելու կայծ էր:

Այսօր մենք կրկին ապրում ենք անկախ Հայաստանում, որն առաջինի հետևանքն է: Սակայն այսօր էլ կանգնած ենք բարդագույն շրջանում, և այսօր էլ անկախ Հայաստան ասվածն այնքան էլ անկախ չէ, այսօր էլ, ինչպես նախագահն է ասում, այն ժամանակվա նման պատմության անիվը շրջելու ժամանակն է եկել, և կրկին այն պետք է մեր ցանկալի ուղղությամբ փոխենք: Սակայն պատմության անիվը պետք է փոխենք իրականում անկախ հայրենիք ունենալու համար, այսօր էլ մեզ պետք է միասնական լինել, պայքարել, բայց ոչ թե անձերի, այլ հանուն հայրենիքի: Միթե մեր երկրի ղեկավարները հասկանում են ազատության և անկախության գաղափարախոսությունը: Իհարկե, նայելով այսօրվա Հայաստանին դժվար չէ գուշակել պատասխանը: Օտարի ճանապարհով ուղղորդվելն արդեն իսկ ինքն իրենն ասում է: Այսօր էլ մեզ մոտ շատ են աղավաղողները, խանգարողներն ու հայրենիքի զավակին հայրենիքից տարանջատողները: Եվ ի վերջո այսօր էլ մենք պետք է ձգտենք ապրել ու պայքարել սեփական հողում, ոչ թե օտարի: Ցավոք, անկախության իրական գաղափարախոսության մասին գրեթե չի խոսվում, մարդիկ չեն էլ հասկանում անկաությունն ինչ է, և զարմանալի չէ, քանզի անկախության սերունդ ասվածն իրականում ոչ մի օր անկախ չի ապրել:

Այսօր պակասել է ազգասերի հոգին, բայց ոչ ամենևին` ազգայնամոլի: Իրականում մենք բազում հաղթանակներ ենք տարել մեր հազարամյա պատմության ընթացքում, սակայն միշտ ինքնագնահատման խնդիր ունենք, միշտ կասկածի տակ ենք դնում հայի իրական արժեքն ու նշանակությունը համաշխարահային պատմության մեջ: Միթե ժամանակը չէ միավորվելու ու մեր նախկին արժեքներին վերադառնալու: Շատ է ասվում, որ պատմությունը միշտ կրկնվում է, սակայն տեսնելով նախկինի դասերը կարող ենք խուսափել դրանք կրկին կատարելուց, բայց միթե կկարողանանք խուսափել, երբ արդեն օտարամոլությունն ու գլոբալիզացիան թևակոխում են Հայաստան: Արդյոք մերոնք չեն հասկանում, որ գլոբալիզացիա երևույթը ստեղծվել է մարդու ուղեղից անկախության գաղափարը մաքրելու համար: Ժամանակն է հասկանալ, որ անկախությունը լոկ բառեր չեն, անկախությունը յուրաքանչյուրիս համար պետք է առաջնային գերխնդիր լինի, քանզի միայն անկախ մարդը կարող է հայրենիքի արժեքը հասկանալ: Ժամանակն է անկախանալու….