Մեր հյուրասրահում այսօր բավականին ջերմ մթնոլորտ է: Մեր հյուրն է Սասուն Պասկևիչյանը` ճանաչված երգահան, բանաստեղծ, լրագրող, հեռուստատեսային բեմադրիչ, ռեժիսոր, շինարար – ինժեներ: Հետաքրքիր կենսագրություն ունի Սասուն Պասկևիչյանը: Ծնվել է 1939թ. Հոկտեմբերի 5-ն , Երևանում: 1957թ. ավարտել է Երևանի Ղազարոս Աղայանի անվան համար 63 դպրոցը /գերազանց գնահատականներով/: Նույն թվին ընդունվել և 1962թ. ավարտել է Երևանի Պոլիտեխնիկական ինստիտուտի Շինարարական ֆակուլտետը` ստանալով հաղորդակցության ճանապարհների /ավտոմոբիլային ճանապարհներ, կամուրջներ օդանավակայաններ, թունելներ/ շինարար – ինժեների մասնագիտություն: Մինչև 1977թ. իր մասնագիտությամբ աշխատել է տարբեր հիմնարկներում` զբաղեցնելով պատասխանատու պաշտոններ: Ուսանողական տարիներից սկսած /1958թ/, չունենալով որևէ երաժշտական կրթություն, ի Վերուստ տրված տաղանդով, սկսել է երգեր հորինել` նախ իր տեքստերով, ապա և նշանավոր հայ գրողների բանաստեղծությունների հիման վրա: Նրա երգերը հանրության մեջ սկսել են տարածվել 1970-ից, իսկ 1974 -ից սկսեցին հնչել Հայաստանի Ռադիոյով ու Հեռուստատեսությամբ /ժամանակի լավագույն երգիչների կատարմամբ/, ինչպես նաև Աշխարհի բոլոր հայաշատ վայրերում… Երգարվեստին ավելի մոտ լինելու համար նա սկսում է աշխատել որպես Հայաստանի Ռադիոյի և Հեռուստատեսության Էստրադային-Սիմֆոնիկ նվագախմբի դիրեկտոր /գեղարվեստական ղեկավար, կոմպոզիտոր Մելիք Մավիսակալյան/: Տարբեր հանգամանքների և պատճառներից դրդված, Սասուն Պասկևիչյանը 1980թ. ընտանիքով տեղափոխվում է Լոս Անջելես, ուր մինչև 1988թ. վերջը զբաղվում է լրագրությամբ` տպագրվելով “Փարոս”, “Ասպարեզ”, “Նոր օր”, “Մասիս”, “Հայ կյանք” , “Նոր կյանք” և հայատառ այլ թերթերում ու ամսագրերում : Նրա շատ հոդվածներ վերատպվում էին Սփյուռքի գրեթե բոլոր վայրերում: 1988թ. Լենինականի երկրաշարժից հետո որոշում է ուժերի ներածին չափով համախմբել Լոս Անջելեսի մտավորականներին` Հայրենիքին օգտակար լինելու համար: 1989 հիմնադրում և ավելի քան 15 տարի /մինչև Հայրենիք վերադառնալը` 2004թ դեկտեմբեր/ ղեկավարում է տեղի “ՀԱՅԱՍՏԱՆ” հեռուստաժամը / Tele ARMENIA/… Զուգահեռաբար հիմնադրում և կնոջ` Գայանե Դավթյանի, հետ ղեկավարում է տեղի “ՀԱՅԱՍՏԱՆ” Մշակութային Կենտրոնը, ուր հաճախում և հայեցի դաստիարակվում էին հարյուրավոր հայ երեխաներ ու պատանիներ: 1995թ Սասուն Պասկևիչյանը որոշում է Հայաստանում /Աշտարակում/ կառուցել Մշակութային Կենտրոն, և Լոս Անջելեսի մի քանի հայրենասեր մտավորականների հետ միասին ձեռնամուխ է լինում Կենտրոնի կառուցմանը, Կենտրոն, որտեղ կհանդիպեն, կստեղծագործեն Հայաստանի և Սփյուռքի արվեստագետներ, մտավորականներ, տարբեր բնագավառի մասնագետներ: Կենտրոնն այժմ մասնակիորեն ծառայում է իր նպատակին: 2002թ. Պասկևիչյանը կնոջ և երեխաների` Թադևոս և Սասնուհի Պասկևիչյանների հետ վերադառնում է Հայրենիք, և եվս երկու տարի ղեկավարելով իր հիմնադրած հեռուստաժամը, 2004թ. վերջին վերադառնում է Երևան…Սփյուռքում ապրած տարիներին նա շուրջ 30 անգամ այցելել է Հայաստան և Արցախ` իր կարեցածի չափով, /ինչպես նաև Լոս Անջելեսի հայ մանուկների և նրանց ծնողների հավաքած դրամական միջոցներով/ օգնելով Արցախի ծնողազուրկ և կարիքավոր երեխաներին (երկու անգամ` 1993 , 1994 թվերին)… Իսկապես հետաքրքիր ճակատագիր… Սասուն Պասկևիչյանի մասին նշանավոր թարգմանիչ, հրապարակագիր, Երևանի Ռադիոյի և Հեուստատեսության Երաժշտական հաղորդումների նախկին գլխավոր խմբագիր Արմեն Հովհաննիսյանը “ԱԶԳ” օրաթերթում տպագրված հոդվածը վերնագրել է`
“Զարմանալի, զարմանալի Սասունը” ( ”ԱԶԳ”, 8 դեկտեմբեր, 2005թ.):
Հավանաբար իր գիտելիքների և կյանքի մեծ փորձառության շնորհիվ, Հարենիքի և Սփյուռքի անցուդարձերին լավատեղյակ լինելով, Պասկևիչյանը ամենատարբեր թեմաների շուրջ զրուցելիս հետաքրքիր վերլուծություններ է անում, տեսակետներ ու կարծիքներ է հայտնում` սկսած Հայոց պատմությունից, Քրիստոնեությունից, Ազգային գաղափարախոսությունից, Ցեղակրոնությունից …մինչև մերօրյա իրադարձությունները… Մենք երկար զրուցեցինք մեզ հետաքրքրող մի շարք հարցերի շուրջ, բայց նպատակահարմար գտանք ձեզ ներկայացնել մեր կարծիքով ամենակարևորները…
– Պարոն Պասկևիչյան. Դուք երկար տարիներ ապրել եք ԱՄՆ – ում: Ի՞նչ նմանություններ ու տաբերություններ կան այնտեղի և Հայաստանի հասարակական կյանքում. մասնավորապես` անկախության, ժողովրդավարության, ազատության հարցերում:
Ինձ բախտ վիճակվեց 1988թ. ամռանը, Լոս Անջելեսում, հանդիպել Մեծն Համո Սահյանին, և շատ հետաքրքիր ու ընդարձակ հարցազրույց ունենալ նրա հետ, որը տպագրվեց “Ասպարեզ ” օրաթերթի շաբաթօրյա համարներում /չորս շաբաթ շարունակ/ : Իմ հարցին, թե նա ի՞նչ կարծիք ունի Հայաստանի` ակնկալելի անկախացման վերաբերյալ , նա ասաց` “ Ի՞նչ անկախություն. Ամերիկան, որն ամենաանկախ երկիրն է համարվում աշխարհում, և որից կախված են հարյուրավոր երկրներ, նա էլ /Ամերիկան/ կախված է այդ երկրներից… Մեզ ո՞վ կթողնի, որ անկախ լինենք, չնայած մենք պետք է ձգտենք իսկական անկախության”…
Գալով մեր` Հայաստանի, անկախությանը` եկեք մենք մեզ չխաբենք: Անկախության հասնելու համար մենք դեռ շատ երկար ճանապարհ ունենք անցնելու, և այդ գործում Հայաստանը, Սփյուռքը և Արցախը անհրաժեշտաբար համատեղ պետք է աշխատեն, պայքարեն… Իսկ Հայաստանն ու Սփյուռքը ներկայումս գրեթե իրար չեն ճանաչում , էլ ուր մնաց` համատեղ աշխատեն ու պայքարեն…Էլ չեմ ասում երկուստեք բացասական այլևայլ դրսևորումների մասին… YouTube – ում շատ տեսարաններ կան …
Շատ բան կա ասելու, առայժմ սահմանափակվենք այսքանով…
Գալով ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ ` ձեզ մի բան պատմեմ: Մի քանի տարի առաջ, Երևանում, հեռուստացույցով Մոսկվայից հեռարձակվող մի հաղորդում էի դիտում: Մի մեծ սրահում , բազմաթիվ մարդկանց ներկայությամբ, մի քանի տարբեր բնագավառների մասնագետներ քննարկում էին այն հարցը, թե արդյո՞ք ամերիկյան դեմոկրատիան /ժողովրդավարությունը/ նույնությամբ կարելի է կիրառել Ռուսաստանում: Եվ հաղորդման վերջում, երբ հարցը դրվեց քվեարկության, ներկաների 89 %-ը քվեարկեց` ՈՉ, չի կարելի …
Գալով մեր` Հայաստանի, ժողովրդավարությանը…, գիտեք ինչ, թերևս զարմանալի կթվա ձեզ, բայց ես լավ չեմ պատկերացնում, թե ընդհանրապես ինչ ասել է “ժողովրդավարություն”…Ձեզ թվում է, թե Ամերիկայում ժողովու՞րդն է իշխանությանը ղեկավարում, կամ էլ Կառավարությունը ամեն ինչ ճի՞շտ է ասում իր ժողովրդին: Ընկերոջս տեսադարանում պահպանվում է ամերիկյան մի հեռուստահաղորդում, որի վերնագիրն է “Գաղտնի Կառավարություն”, ուր մասնավորապես խոսվում և ցուցադրվում է, թե որ ղեկավարը, երբ և ինչպես է խաբել /ստել/ իր ժողովրդին…Ամերիկայում նույնիսկ պետությունը չի կարող առանց օլիգարխիայի “թույլտվության” իր ծրագրերը իրականացնել… Ինչ է , դուք չգիտե՞ք 300-ի կոմիտեի մասին: ( Նախորդ տարվա “Գրական թերթ”-ի հունվարի 29-ի և Փետրվարի 5-ի համարներում մի հոդված կա` “Ջրհոսի դարաշրջանի դավադրությունը” : Կարդացեք և շատ հարցեր կհստականան)… Միայն մի հարց տամ` դուք գիտե՞ք, թե ինչու և ովքեր սպանեցին Ջոն Քեննեդիին… Իսկ 1999թ հոկտեմբերի 27-ի ողբերգության հեղինակները դեռևս բացահայտված չեն… Նույնը և մինչ այդ կատարված բազմաթիվ սպանությունները Հայաստանում… Իմիջիայլոց, այդ տարիներին որոշ ղեկավարներ իրենց “գործունեությունը ”, ավելի ճիշտ ` պետություն կառավարելու անկարողությունը, բացատրում էին նրանով, որ իբր ժամանակ է պետք, առայժմ “դեմոկրատիա ենք սովորում” …Սփյուռքում մի նշանավոր հայ քաղաքագետ մի անգամ ասաց` “Դեմոկրատիան մի պատմուճան է, որ հագնում են ու իսկական դիկտատուրիա են սահմանում” : Այդ մարդը նաև իբր թե կատակով ասաց` “Ժողովրդավարություն` նշանակում է Ժողովրդին ՎԱՐԻ ՏԱԼ”… Իսկ մենք 70 տարի ի լուր աշխարհի հայտարարում էինք, որ Խորհրդային Միությունը աշխարհի ամենադեմոկրատական երկիրն է… Միայն հիշեք, թե Սովետը , Լենինը, Ստալինը, Բերիան և նրանց նմանները քանի՜ միլիոն անմեղ մարդու “գլուխ կերան”…
– Մենք մանուկ հասակում լսել ու կարդացել ենք հեքիաթներ, և հաճախ` հավատացել այդ հեքիաթներին, բայց երբ հասուն տարիքում ենք հավատում հեքիաթներին… Ափսոս, հնարավոր չէ այս թեմային վերաբերող մի անեկդոտ պատմել… Եկեք վերջ տանք հեքիաթներին, ԱՍՏՎԱԾ մեզ ՆԺԴԵՀ է պարգևել, ուստի պետք է կարդալ, ուսումնասիրել, սովորել և կիրառել…
Գալով ԱԶԱՏՈՒԹՅԱՆԸ ` Հայ ազգը իր ամբողջ պատմության ընթացքում
Պայքարել ու ձգտել է ազատության, և նրա “գլխին միշտ որոտացել է Փայլակ, կայծակ, հուր, երկաթ, և մեր ազգը զոհեր է տվել արտաքին ու ներքին թշնամիների դավերի պատճառով… Բազում են օրինակները, իսկ այսօրվա մեր բեմադրվող “ազատությունը” – ԱՍՏՎԱԾ իմ, եթե պոռնոգրաֆիան, անբարոյականությունը, զազրելի սերիալները , ընտանիքների ու հասարակության այլասերումն ու քայքայումը, գողությունն ու սպանությունները… աղանդավորությունը… /որ մեկը նշես/ ներկայացվում է ազատության պիտակի տակ , և մի ամբոջ ԱԶԳ է կանգնած քայքայման ու անորոշության առջև, շատ-շատերը չգիտեն, թե վաղը ինչ է բերելու այսօրվա “ազատությունը”, ապա ես դա չեմ կարող համարել ազատություն…
Եվ շատերը բռնում են “ազատ” արտագաղթի ճանապարհը…
Սա ի՞նչ է` անկարողությու՞ն, միտումնավորությու՞ն, համատարած անտարբերությու՞ն, “ Ծուռ հայելիների թագավորությու՞ն”, դավաճանությու՞ն…Բոլորս ենք մեղավոր, և առաջին հերթին` մտավորականները, զի “ Մտավորականությունը ժողովրդի ճակատագրի դարբինն է” /Գարեգին Նժդեհ/… Իսկ ներկայումս մեր ժողովրդին /հատուկ ծրագրված ու մշակված մեթոդներով և ուժերով/ դարձնում են հոգեբանական հիվանդ, իսկ մի մասն էլ դարձել է հոգեկան հիվանդ… Իմիջիայլոց, 1984թ. Լոս Անջելեսում մի ամսագրում կարդացի, որ ամերիկյան հեռուստատեսություներով ցուցադրվող սերիալները դիտելու հետևանքով Ամերիկայում երեք միլիոն հոգեկան հիվանդներ են գոյացել… Էլ չեմ ասում, որ ամերիկյան սերիալները մերոնց հետ համեմատած` փառք են…
Ո՞վ էր լսել, որ մայրը խեղդի իր երեխաներին, 20-25 տարեկան երիտասարդները ծեծեն ու բռնաբարեն ութսունն անց տարեց կանանց, ո՞վ կհավատար, որ հազարավոր հայ կանայք կգնային Թուրքիա` մարմնավաճառությամբ զբաղվելու, այն դեպքում, երբ եղեռնի տարիներին հայ կանայք ու աղջիկները իրենց վայր էին նետում ժայռերից, խեղդվում գետերում, միայն թե թուրքին չտրվեն… Իսկ հիմա` իրենք են գնում թուրքերի մոտ…
Այս ի՞նչ է կատարվում… Իսկ թե ինչ է կատարվում, ապա պետք է կարդալ ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչության նախագահ Ալեն Դալլեսի քաղաքական ծրագիրը (1945թ.), թե “Ինչպես կործանել արժեքները”…
Մոռացվել ու արհամարվում է մեր ազգային պատկանելիությունը, ինքնագիտակցությունը, անձնական ու ազգային հպարտությունն ու արժանապատվությունը , ազգային գաղափարախոսությունը…
Բայց` Ո՛Չ, մեզ ՄԱՀ չկա՛, մենք ԿՎԵՐԱԾՆՎԵՆ՛Ք …
Կուզեի ավարտել Պ. Սևակի մի բանաստեղծության տողերով
(“ ԽՈՍՔ ՀԱՎԱՍՏԻՔԻ” Մ. Մաշտոցի ծննդյան 1600 – ամյակի առթիվ )
Թե ճիշտ է, որ Դու հայր ունենալով`
Չունեցար որդի,
Ճիշտ է առավել,
Որ զավակի տեղ ժառանգներ ունես`
Սերո՜ւնդ ու սերո՛ւցք,
Որոնք անըստգյուտ գյուտովըդ գիտեն,
Որ անհնարին վիճակն է միայն ծնում նոր հնար…
Ննջիր ուրեմըն սուրբ շիրիմիդ տակ,
Քանզի արթուն ես մեր հոգիներում:
Չէ՞ որ ինչ-որ տեղ փոքրերս ու Մեծըդ
Հավասարվում ենք, դառնում աջակից.
– Դու…գործն ես արել,
Մենք… հանձն ենք առել…













