Վանի թագավորության շրջանի կնիք է հայտնաբերվել Մուշում

34

Վանի թագավորության շրջանի առևտրական կնիք է հայտնաբերվել Մուշի Վարթո շրջանում: Գրում է Hurriyet-ը:

Ահլաթի թանգարանի տնօրեն Զիյա Կիլինչը ասել է, որ 18 նմուշներ են հայտնաբերվել պեղումների ընթացքում:

Գտածոների մեջ կա Վանի թագավորության շրջանի դրոշմակնիք, որը հաստատում է՝ վանեցիները այդ շրջանում առևտրական գործունեություն են ծավալել արտաքին աշխարհի հետ:

«Մենք նաև հայտնաբերել ենք ցլի և մարդկանց մանրաքանդակներ: Նախագծում ենք մեխանիկական մաքրումից հետո դրանք ցուցադրել Ահլաթի թանգարանում: Ծրագրել ենք նաև Մուշ-Վարթո անկյուն պատրաստել այս գտածոներով», – ասել է Կիլինչը:

Կիլինչի խոսքով՝ պեղումների ընթացքում նրանք կարողացել են հասնել մինչև 2.5 մետր խորություն, մտադիր են մինչև 13 մետր խորության վրա ուսումնասիրություն կատարել՝ հայտնաբերելու նեոլիթյան շրջանի նմուշներ:

 Ասուրական շրջանից բացի՝ հնագետները տարածքում հայտնաբերել են Բյուզանդական շրջանի նմուշներ՝ ինչպես օրինակ թավաներ:

Պեղումների ընթացքում հայտնաբերվել է ապակյա մանյակի 5 կտոր. «Շղթան քայքայվել էր, բայց մանյակի 5 կտորները հայտնաբերեցինք»:

Թանգարանի տնօրենը վստահ է, որ դեռ ավելի հետաքրքիր նմուշներ կհայտնաբերեն հնավայրից, երբ պեղեն ավելի մեծ խորություններ: