Վանա լիճը 7000 տարի առաջ ավելի փոքր էր. Վանում նաև հայտնաբերվել է 3000 տարվա հովվաշան կմախք

774

Վանում շարունակվող պեղումներն ամեն օր նոր ու հետաքրքիր փաստեր են առաջ քաշում մեր նախնիների բնակավայրի, ապրելակերպի ու նիստ ու կացի մասին: Պարզվում է Վանա լիճը նախկինում ավելի փոքր էր, իսկ վանեցիները տանը հովվաշուն էին պահում: Տեղեկացնում է Hurriyet-ը:

Ըստ այդմ՝ Վանա լճի ուսումնասիրությունները լճի մասին նոր փաստեր են առաջ բերել, ըստ այդմ՝ ուսումնասիրողները կարծում են, որ լիճը 7000 տարի առաջ ավելի փոքր էր և ժամանակի ընթացքում լճի մակարդակը բարձրացել է՝ հասնելով ներկայիս չափերին:

«Վանում մ.թ.ա. 5-րդ հազարամյակում բնակվում էին 3 մետր ավելի ներքև, իսկ լիճը տեղակայված էր ներկա տեղանքից ավելի ցածր դիրքում»,- ասում է Ստամբուլի Ինստիտուտի Վանի շրջանի պատմության ֆակուլտետի դասախոս Էրկար Կոնյարը, ով ղեկավարում է պեղումները:

Այսօր Վանա լիճը 430 կմ երկարություն ունի և 450 մ խորություն, բայց հնագետը պնդում է, որ նախկինում. «Լիճը երբեք չի հասել Վանի ժայռերին: Այն չի բարձրացել և ավելի ցածր մակարդակ է ունեցել: Տուշպան էլ ափամերձ քաղաք չի եղել՝ համարձայն մեր ստացած արդյունքների»,- ասում է հնագետը:

Պեղումները հնագույն Վան քաղաքի և լճի մասին կարևոր տեղեկություններ են հաղորդում. պատմության հետքերը հասնում են 7000 տարվա վաղեմության:

3000 տարվա հովվաշան կմախք Վանում

Վանի Արարատյան թագավորության մայրաքաղաք Տուշպայում՝ Վանա լճի ափին, հայտնաբերվել է մոտ 3000 տարվա շան կմախք:

«Նախկինում Վանից գտել ենք հետաքրքիր նյութեր, բայց այստեղ հետաքրիր այլ բան կա. շունը, որը մենք հայտանաբերել ենք, թաղված է տանը, ինչը ցույց է տալիս, թե վանեցիներն ինչքան շատ էին սիրում կենդանիներ»,- ասում է Կոնյարը:

Հնագետը կարծում է, որ կմախքը պատկանում է հովվաշան՝ նշելով, որ այս ցեղատեսակին մեծ կարևորություն էր տրվում Վանի թագավորության շրջանում:

«Շանը տանը թաղելը ցույց է տալիս մարդու և շան վաղեմի բարեկամությունը»,- հավելում է Կոնյարը:

Վանա լիճը 7000 տարի առաջ ավելի փոքր էր. Վանում նաև հայտնաբերվել է  3000 տարվա հովվաշան կմախք