Վահագն. Հայոց հրաբխի աստվածության ակունքները

204

«Ազատ Ձայն»-ն իր ընթերցողին է ներկայացնում Վահագն հրաբխի աստավծության ակունքների, ծագումնաբանության, Թեյշեբայի հետ կապի, Վահագն անվան ստուգաբանության, ինչպես նաև Վահագն որպես հայոց հնագույն աստծո կերպարի մասին վերլուծություն՝ արված մեծ հայագետ Մարտիրոս Գավուքճյանի կողմից: Ստորև ներկայացնում ենք հայագետի «Ուսումնասիրություններ  Հայոց Հնագույն պատմության» աշխատությունից մի փոքր հատված:

«Վահագնը նույնպես եղել է հայերի հնագույն աստվածներից մեկը: Վանի Արարատյան թագավորության ժամանակ, խուրիական մի հետնորդ բարբառով գրված Արարատյան թագավորության սեպագիր արձանագրությունների մեջ, նրա տեղում երևում է Թէյշեբան, իսկ Արտաշեսյանների հելլենիզմի ժամանակ էլ՝ Հերակլես անունը: Պարզ է, թե Թեշոբ-Թեյշէբան ու Հերակլեսը ունեցել են նման բնավորություն. Միաժամանակ՝ Հերակլեսի կինը կոչվում էր Hebe,  և Թեյշէբայի կինը՝ Huba: Հայտնի է, որ Huba-ն եղել է սիրո դիցուհի (մենք հավանական ենք համարում, թե արաբերենի hub-սեր բառը պահում է այս դիցուհու անվան հիշատակը և ցույց է տալիս, թե այդ անվան բուն ձևը Huba էր և ոչ թէ Hebe կամ Heba: Այսպես էլ՝ Վահագնի կինն էր Աստղիկը, որ նույնպես սիրո դիցուհի էր՝ զուգահեռ ունենալով Իշտարը:

Վահագնը նախապես եղել է հրաբուխի աստվածություն, որից ծագել է նրա հրեղեն (կրակի աստված լինելու) բնույթը: Նրա այդ հանգամանքի պատճառով է, որ նա նույնպես համարվել է հայերի նախնին, ինչպես հրաբուխի ու կրակի Աստված Հայկ-Խալդին:

Ինչպես (արմենների գաղթի թյուր վարկածի կրողները) հայերի Աստված դիցանունը թյուրիմացաբար կապում էին փռուգների Savazios-ի հետ, այնպես էլ հայկական հոգևոր մշակույթի (խոր անցյալի մթությամբ քողարկված) դժվարալույծ երևույթների աղբյուրը ուրիշ տեղ են հատկապես Իրանում փնտրողները Վահագնին սխալմամբ ծագեցնում են իրանական Վերեթրանա (կամ Վերեթրագնա) անունից, որից հնչյունորեն Վահագն հանելու համար, չգիտես ինչպես կարելի է Վահանգնի հ-ն ծագեցնել Վերեթրանգայի –րեթր- ձայնախմբից: Իհարկե, Վահագնը, իր բնույթի հետագա որոշ գծերով կարելի է գուցե կապել Վերեթրանգայի բնույթի հետ, ինչպես կապվել է Հերակլեսի հետ, բայց դժվար է անուններով էլ կապել իրար:

Վահագնը, իր նախնական հրաբխային-կրակային բովանդակությամբ, ծնվել է Հայկական լեռնաշխարհի սրտում՝ Վանա լճի շրջապատում և եղել է բնիկ աստվածություն: Նա գալիս է խոր անցյալից:

 Վահագնի անվան ծագումն ու նրա նախնական բնույթը ճշտորեն պատկերացնելու և ընկալելու համար, անհրաժեշտ է աչքի առաջ ունենալ Հայկական լեռնաշխարհում Վանա լճի շրջապատի աշխարհագրա-ֆիզիկական պատկերը և այդ խոր անցյալում հայերի՝ շումերների հետ ունեցած լեզվամշակութային փոխհարաբերությունները:

Հայերի և շումերների միջև լեզվամշակութային կապերի այնպիսի հետքեր են երևան գալիս, որ նրանց արժեքը դժվար է գնահատել առանց ընդունելու  երկու ժողովուրդների սերտ փոխհարաբերությունները խոր անցյալում: Անգամ նշաններ կան, թե այդ փոխհարաբերությունները գոյություն են ունեցել հնդեվրոպական մայր լեզվի հետ՝ նախքան հայերենի բաժանվելը, ինչպես և բաժանումից քիչ ժամանակ հետո: Հիշեցնենք, որ այսօր արդեն մեր ձեռքի տակ ունենք շումերերեն-հայերեն բառարան, որում շուրջ 1300 հայերեն և շումերերեն բառերի առնչակցություններ կան:

Վահագն անվան կազմությունը ընկալելու համար պիտի աչքի առաջ ունենալ՝ այդ հին օրերում շումերահայ  լեզվամշակութային կապերի հետ և Վանա լճի շրջապատի լեռների հրաբխային գործունեությունները, որոնց պատճառով, ինչպես ցույց է տվեցինք, այդ երկիրը կոչվել է «կրակի երկիր»:

Կրակի պաշտամունքի ժամանակներին, հեթանոսական խոր անցյալում՝ մարդիկ ջահ օգտագործում էին եղեգը՝ ծայրին ամրացված վառելանյութով: Այս իրողությունը լավ է պատկերացնում շումեր giizilal (ջահ) եզրը, որը բարդ բառ է և կազմված է երեք բառարմատներից (gi-izi-lal), որոնց gi բաղադրիչը նշանակում է «եղեգ», izi-ն՝ «կրակ», lal-ը՝ «կրել»: Ուրեմն gi-izi-lal բարդ բառը նշանակում է «կրակ կրող եղեգ», որով արտահայտել են «ջահ» գաղափարը: Այս միջոցառումը, իհարկե, հետագայում ավելի զարգանալով՝ հեթանոսական ավելի ուշ շրջանում և քրիստոնեության մուտքից հետո էլ երևում է աշտանակների ձևով:

Այս պատճառով եղեգը կապվել է կրակի պաշտամունքի հետ: Հետևաբար եղեգը կրակի գաղափարի կամ նրա պաշտամունքի հետ ունցած այս համակեցությամբ է, որ ստացել է դիցաբանական տոտեմային իմաստ: Մանավանդ որ, սրբազան կրակը սնում էին հաճախ այրելով եղեգ: Դրա համար փաստ են Մեծամորի սրբարանի- կրակարանի մոխիրների մեջ գտնված եղեգի հետքերը:

Վահագնին նվիրված երգի բառերում ևս նշվում է եղեգ բառը.

Ընդ եղեգան փող ծուխ ելաներ,

Ընդ եղեգան փող բոց ելաներ…

Ինչպես տեսնում ենք, Վահագնի ծնունդը պատկերվում է եղեգից բարձրացող բոցով: Եվ ահա Վահագն անունը հենց կրակի աստծուն նշող շումեր Bil-gin (բոցավառ եղեգ) եզրն է: Շումերերենում «կրակ» և «ջահ» է նշանակում gibil եզրը , որ բառացի նշաբակում է «եղեգ բոցավառ»՝ Bil-Gi-ն կրակի աստվածն էր:

Bil-gin բառի շեշտը առաջին վանկի վրա է: Շեշտված bil  վանկը (սեպագիր հնչում է նաև bel, որից հավանաբար բաբելոնական Բել աստվածը) b>վ և I>ղ>հ ձայնափոխությամբ՝ տվել է վիղ (վեղ) >վաղ>վահ, իսկ gin-ը (որպես երկրորդ վերջին անշեշտ վանկ՝ i-ն սղվելով կա փոխվելով չգրվող ը-ի) տվել է գն (գըն). Այնպես որ Belgin-ը դարձել է Վահ(ա)գն:

Կոմմագենում հայկական Երվանդունի տոհմից եղող թագավորները Վահագնին կոչել են Արտագնէս (Արտ-ա-գն(էս): Ուրեմն այդ ժամանակներում դեռ գիտեին, թե Վահ-ա-գն անվան վահ բաղադրիչը նշանակում է «բոցավառ, բոց, կրակ», որով այն փոխարինել են իրենց ժամանակներում ավելի գործածական արտ «կրակ» բառով և Վահագն-ին կոչել Արտագն(էս):

Վերևում արդեն ցույց եմ տվել Աստված անվան ստուգաբանության առթիվ, թե արտ (արտու>աշտու) նշանակում է «կրակ», որը գնտվում է նաև Ուր-արտու (Ուր-աշտու) «վայր կրակի» տեղանվան մեջ: Հավանաբար «կրակ» իմաստը կա նաև ուրարտական արձանագրությունների am-astu «այրել» բառաձևում: Այստեղ պիտի նշել և այն, թե Աշտիշատ (Աշտի-շատ) քաղաքի անունը, ուր գտնվում էր կրակի աստված Վահագնի մեհյանը, նշանակում էր «կրակի քաղաք», որի աշտ (աշտի) բաղադրիչը նշանակում է «կրակ»: Այս բառը գտնում ենք նաև աշտանակ (աշտ-անակ) «չամ-դան» բառաձևում, որը նշանակում է «կրակը կրող», իսկ շատ վերջավորությունը ունի «քաղաք» իմաստը: Հետևաբար պարզ է, թե Աշտիշատ նշանակում է «կրակի քաղաք», որովհետև այդտեղ էր գտնվում կրակի աստված Վահագնի մեհյանը (ինչպես Մուսասիրը՝ Խալդիի անունով կոչվում է Արդինի):

Հենց Վահագն անվան վահ բաղադրիչի «բոցավառ» իմաստի համար, որ Աշտիշատի մեհյանում սրբազան կրակը վառ պահող քրմերին կոչել են Վահունիք: Սա քրմական մի կարևոր պաշտոն ու կոչում էր, որը եղել է ժառանգական և դրա համար էլ այդ տոհմը կոչվել է Վահունիք, իսկ տաճարը՝ Վահէվահեան:

Վահ-ա-գն (Bil-gin) անվան վահ բաղադրիչի «բոցավառ» իմաստի հետ կապ ունի նաև վանում, հարսանիքի օրերին, պսակիին հաջորդող առավոտյան, հարսի ու փեսայի հետ տան կտուր բարձրացած հարսնավորների՝ ծագելիք արևին (այգին) ուղղած երգի «Վահէ, վահէ» խոսքերը.

Էգ բարև, այ էգ բարև,

Էգն արևուն տանք բարև,

Տայ թագավորին շատ արև,

Վահէ՜, Վահէ՜…

Իհարկե, ծագելու վրա եղող արևին ուղղված վահէ՜, վահէ՜ խոսքերը նշանակում էին «բոցավառուէ»: Մեծ հավանականությամբ՝ հետագա դարերին ժողովուրդը մոռացած կլներ վահէ՜, վահէ՜ բառերի բուն իմաստը և ավանդական սովորությամբ էր կրկնում դրանք, ինչպես մեր եկեղեցու արարողությունների ժամանակ հնչված «Ովսաննա, ամեն» և նման բառերը, որոնց իմաստը վաղուց անհասկանալի են դարձել ժողովրդի մոտ:

Վահագնի հրեղեն բնույթը գալիս է նրանից, որ նախապես, և ի սկզբանե եղել է նա հրաբխի աստվածություն: Կոմմագենում Վահագն անունը սխալ չեն թարգմանել Արտագնէս, ուր արտ նշանակում է «կրակ»: Հետևաբար միանգամայն պարզ է նաև, թե Վահագն անունը ոչ մի կապ չունի իրանական-հնդկական Վերեթրանգա անվան հետ, որը «հնդկական ամպրոպային աստված Ինդրայի մակդիրն է՝ Վրտրահան, թույլ ձևով ձայնավորից առաջ՝ Վրտրագհնա, որ նշանակում է «վրտրասպան՝ վիշապասպան»: Իսկ Վահագն վիշապաքաղ մակդիրը չի նշանակում «վիշապասպան», այլ «վիշապահրէշ»: (Ա.Ձ. Նշենք, որ Ինդրան ոչ թե հնդկական, այլ նախահնդկական հասկացություն է։
Եվ «Վահագն»-ին հնչեղությամբ մոտ սանսկրիտ բառ կա՝ Բհագավան։):

Հայաստանում հելլենիզմի ժամանակ Վահագնը նույնացվել է Հերակլեսի հետ, որի խորհրդանիշն էր (կրակի ներկայացուցիչ) առյուծը: Հերակլեսը, ըստ մի ավանդության, ազատել է Կովկաս լեռան վրա շղթայված տիտան Պրոմեթևսին, որը մարդկության համար հափշտակել էր աստվածային կրակը Մոսքոս լեռան խորքում գտնված՝ իր ընկեր Հեփեստսի հնոցից:

Վերևում ասացինք, թե Վահագն անվան ծնունդ տվող և կրակի աստվածություն ներկայացնող BIL-GIN (gi-bil) եզրի bil բաղադրիչը հնչել է նաև bel: Այս (Bel) անունով ծանոթ էր Բաբելոնի կրակի աստված Բելը, որի դեմ կռվել ու հաղթել է հայոց ազգային կրակի աստված «Յապեթոսեանն Հայկը»-ը: Խորենացին ասում է, թե Բելը Նեբրովթն է. Նա գրում է. «Եվ բազում ի ժամանակագրաց զՆեբրովթ, որ է Բել…»: Ահա թե ինչու Bel (Bil-gin) եղող Վահագնի լեռ-խառնարանը կոչվել է Նեբրովթ>Նեբրութ>Նեմրութ: Սրա համար կա մի փաստ ևս. Գ. Սրվանձտյանցը Նեմրութի շրջանում ապրած հայերից քաղել է Բելի մասին ավանդական մի զրույց, ուր ասվում է, թե «Հայոց թագավորը Աստծոյ ձեռքով սպաններ է զԲել և հաներ Նեմրութայ գլուխ, այնտեղ թոնիր շիներ, մեջը կախեր վառեր է»: Ինչպես պարզ երևում է, «Նեմրութի թոնիր» խոսքը վերաբերում է նրա խառնարանի հրաբխային գործունեության. անգամ թոնիր անունը (այսպիսի դեպքերում) տրվել է դեռ չհանգչած հրաբուխին: Արդեն մեզ հայտնի է Թոնդուրակ լեռը, որի խառնարանը ծխում է մինչև հիմա: Նեմրութի թոնրի մեջ Բելի վառվելը արձագանքում է հենց այդ խառնարանի հետ կրակ Beli-ի (Belgin-Վահագնի) ունեցած կապի իմաստը: Հետևաբար պիտի հաստատ համարել, թե Նեմրութի (մինչև 1440թ. գործած) խառնարան-հրաբուխն էր, որ կոչվել է Վահագն, և «Երկներ երկին, երկներ երկիր, երկներ և ծիրանի ծով…» բանաստեղծությունն էլ հորինել է հենց այդ խառնարանի գործած ժամանակներին»: 

«Ազատ Ձայն» լրատվականի նյութերն օգտագործելիս պարտադի՛ր նշեք սկզբնաղբյուրը նյութի հիպերակտիվ հղումով: