«Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ` Ստամբուլահայ լրագրող Սևան Նշանյանը չորեքշաբթի օրը դատապարտվել է 13 ամսվա ազատազրկման` մեղավոր ճանաչվելով սրբապղծության և մահմեդականների կրոնական զգացմունքները ոտնահարելու մեջ:
Ստամբուլի 10-րդ քրեական դատարանը երեկ հրապարակած դատավճռում պնդում է, որ Նշանյանը «հրապարակայնորեն ծաղրի է ենթարկել կրոնական այն արժեքները, որոնք հանրության մի մասի հավանությանն են արժանանում»:
Լրագրողի հանդեպ դատական հետապնդումը սկսվեց նախորդ տարվա աշնանը, երբ նա իր անձնական բլոգում կտրուկ կերպով պաշտպանեց «Մահմեդականների անմեղությունը» սկանդալային ֆիլմի հեղինակներին:
Նշանյանի բլոգում հայտնված այս պնդումը առաջացրել էր հավատացյալ թուրքերի մի զգալի մասի զայրույթը: Ստամբուլահայ լրագրողի դեմ դեմ մի քանի շաբաթում մեկ տասնյակից ավելի հայցեր ներկայացվեցին դատարան, ինչի արդյունքում դատախազությունը նախ քննություն սկսեց, ապա նաև պաշտոնական մեղադրանք առաջադրեց նրան:
Դատախազությունը, ի դեպ, Նշանյանի համար մեկուկես տարվա ազատազրկում էր պահանջում, սակայն դատարանն ի վերջո որոշել է սահմանափակվել մեկ տարի 45 օր ժամկետով:
Դատարանը մերժել է նաև ազատազրկումը դրամական տուգանքով փոխարինելու հնարավորությունը` դրան զուգահեռ չզրկելով հայազգի լրագրողին բողոքարկման հնարավորությունից:
Նշենք, սակայն, որ հայ լրագրողը շարունակում է իր բլոգում տեղադրել նյութեր և հայտարարել, որ իր արդարացի գրվածքի համար Ստամբուլի դատարանն իրեն 13 ամսվա ազատազրկման է ուզում ենթարկել: