Սասունի հայկական եկեղեցիները ախոռի են վերածվում. Սասունի հայերի միություն

19

«Սասունի հայերի միության» ղեկավար Ազիզ Դաղջըն Բաթման նահանգի Սասուն շրջանի Արվիզինք և Շենգալիք գյուղերում հայկական եկեղեցիները ախոռի վերածելու բողոքով դիմել է Բաթմանի հանրապետական դատախազություն: Դաղջըն ցավ է հայտնել, որ հայկական եկեղեցիներին ու գերեզմանոցները հետզհետե անճանաչելի են դառնում: Նա կոչ է անում եկեղեցիներն անհապաղ պահպանության տակ առնել: Տեղեկացնում է Ermenihaber.am-ը:

«Տարին մեկ անգամ թեկուզ իրավունք ունենք եկեղեցիներում աղոթել մեր հանգուցյալների համար: Բայց ախոռի վերածված եկեղեցիներում աղոթք անել չի լինում: Հայկական համայնքի դավանանքն ինչ-որ պատճառներով խոչընդոտվում է»,- ասել է «Սասունի հայերի միության» ղեկավարը:

Միության ղեկավարը նշել է նաև, որ Բաթմանը կտրված է զբոսաշրջիկների հոսքերից, թեև ունի տուրիզմի զարգացման մեծ ներուժ: Բարեկարգ ճանապարհների ու ենթակառուցվածքների բացակայության պատճառով օտարերկրյա զբոսաշրջիկները առիթ չեն ունենում ճանաչելու Բաթմանը և հիմնականում նախընտրում են Վանն ու Մարդինը: Մինչդեռ, ըստ Դաղջըի, օրինակ Սասունում հայերի պատմական ջրաղացները կարող էին հետաքրքրության առարկա լինել տուրիստների համար: