Կայ հոգեկան լճացում, կայ բարոյական մակաբուծութիւն, որի մեջ չեն աճում, չեն փթթում բարոյական ոյժեր. Գարեգին Նժդեհ

51

«Ազատ Ձայն»  լրատվականը իր ընթերցողին է ներկայացնում Գարեգին Նժդեհի «Բաց նամակներ հայ մտաւորականութեան» շարքից մի փոքրիկ հատված: Այս գրքույկը լույս է տեսել 1929 թվին Բեյրությում: 

«Մատւոր կարճատեսութիւն է չհասկանալ, թէ անվերջ ու անդադրում վերանորոգութիւն է կեանքը:

Հոգեւոր անշարժութիւն- ասել է բարոյական մահ, մահացում:

Անտարբերութիւն, յոռետեսութիւն, բարոյական մահացում-ժողովուրդների անձնասպանութեան դանդաղ ձեւեր են սրանք:

Վերանորոգւելու անընդունակ ժողովուրդները մեռնում են ամէն ժամ, ամէն վայրկեան:

Այո՛, հոգեվարում են այն ժողովուրդները, որոնք հոգեպէս ծոյլ են ապրում, որոնք ղեկավարւում են պատահականութեամբ, խճճւած քաղաքական մոլորութիւնների եւ հոգեբանական սխալանքների մէջ:

Մեր կուսակցութիւնները կամ չեն հասկանում այդ, կամ ժամանակ չունեն հասկանալու:

Նրանց պակասում են ճշմարտութիւններ, որ փրկել գիտեն: Չկայ, չի նկատւում մտքի ու ոգու լարում, իսկ ճշմարտութիւնները կարելի է հասկանալ միայն լարումով:

Չկայ ստեղծագործութիւն, չկայ բարոյական ոյժերի մթերում: Կայ ընդհակառակը, կայ հասկացողությիւնների քաոս եւ անիշխանութիւն, կայ հոգեկան լճացում, կայ բարոյական մակաբուծութիւն,- հոգեբանական մի աղիտալի մթնոլորտ, որի մեջ չեն աճում, չեն փթթում բարոյական ոյժեր:

Իսկ նման մթնոլորտում կը դաստիարակւեն անարի, փոքրոգի եւ պարտւողական սերունդներ միայն- անարի  ժողովուրդ, որի ոյժերի մեծագոյն մասը սպառւում է վախի եւ անհանգստութեան մէջ:

Կայ օտարահակ կողմնորոշումների գերագնահատումն եւ սրանց խելագար հակամարտութիւնը՝ ծնունդ թոյլերի հոգեբանութեան:

Կայ անվճռականութիւն- ասել է թուլութիւն, որը ցոյց տւող ազգը մեծապէս արագացնում է եւ ուժեղացնում թշնամու հարւածը:

Կայ այն ամէնը, ինչ որ անյոյս եւ վտանգուած է դարձնում ժողովուրդի ապագան:

Մեղմ ասած՝ ստեղծւել է մի դրութիւն, որ մահւամբ է սպառնում մեր ժողովրդին»:

Գարեգին Նժդեհ