«Ազատ Ձայն» լրատվականն իր ընթերցողին է ներկայացնում ակադեմիկոս Եվգենի Տառլեի «Եվրոպան Իմպերիալիզմի դարաշրջանում 1871-1919» աշխատությունից մի հատված, որտեղ հեղինակը նեկայացնում է Թալեաթ Փաշայի և ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթաուի երկխոսությունը՝ կապված հայերի բնաջնջման հետ: Ստորև ներկաjացնում ենք նյութը.
«Ամերիկյան դեսպան Մորգենթաուն, ամենաարդարամիտ, սթափ դատող, անկանխակալ ականատեսներից լսելով Հայաստանում կատարվող անլուր սարսափելի պատմությունները, վերջապես որոշում է գնալ Թալեաթ փաշայի մոտ: Վերջինս կտրականապես հրաժարվում է խոսել հայերի մասին: «Մի՞թե նրանք ամերիկացիներ են»,- հարցնում է նա Մորգենթաուին: Նա դեսպանին պատասխանել էր ճիշտ և ճիշտ այնպես, ինչպես որ «Berliner Tageblatt»-ի թղթակցին. «Մեզ կշտամբում են, թե մենք տարբերություն չէինք դնում անմեղ և մեղավոր հայերի միջև. դա միանգամայն անհնար էր, քանի որ այսօրվա անմեղները կարող են վաղը դառնալ մեղավորներ»: Որ հայ ժողովուրդը ամբողջովին կբնաջնջվի՝ Թալեաթ փաշան միանգամայն վստահ էր, և նրա մեղքը չէ, որ այնուամենայնիվ, մի քանի հարյուր հազար հայեր պատահաբար փրկվեցին աշխարհում: «Չարժե այդպես վիճել, – մի առիթով ասել է Թալեաթ փաշան ամերիկյան դեսպանին,- մենք արդեն վերացրել ենք հայերի երեք քառորդը: Նրանք այլևս չկան ոչ Բիթլիսում , ոչ Վանում, ոչ Էրզրումում»: Թալեաթ փաշան այնքան էր համոզված դրանում, որ լկտիաբար համարձակվել էր (ամենայն լրջությամբ համառամտորեն) դեսպանին խնդրել, որ նա ազդի ամերիկյան ապահովագրական ընկերությունների վրա, որտեղ շատ հայեր ապահովագրել էին իրենց կյանքը. «Քանի որ հայերը գրեթե բոլորը այժմ արդեն մեռել են, չթողնելով ժառանգորդներ, ապա, հետևաբար, հարկ կլինի, որ նրանց փողերն ստանա թուրքական կառավարությունը. Նա պետք է օգտվի դրանցից: Կարո՞ղ եք այդ ծառայությունը մատուցել ինձ»:
Կոստանդնուպոլսում Գերմանիայի դեսպան Վանգենհայմը, որին դիմել էր Մորգենթաուն, խնդրելով զսպել Թալեաթին ու Էնվերին և պաշտպան կանգնել բնաջնջվող հայերին, ի պատասխան սկսել էր ամենակոպիտ հայհոյանքները տեղալ հայերի հասցեին և կտրականապես հրաժարվել էր որևէ բան անել նրանց համար: Գերմանական դեսպանատան խորհրդական Նոյրատը, Թալեաթի և Էնվերի անլուր չարագործություններից վրդովված, փորձել էր ինչ-որ բան անել նրանց վրա ազդելու համար, բայց հայ ժողովրդի բնաջնջման գործին հենց իր՝ դեսպան Վանգենհայմի ակնհայտորեն համակիր լինելու պայմաններում դեսպանության երկրորդական պաշտոնյայի այդ բոլոր փորձերը, անշուշտ, ապարդյուն էին: Գերմանական դեսպանության ծովային կցորդ Գումմանը՝ Վիլհելմ II-ի սիրեցյալը, բացեիբաց հայտարարում էր, թե թուրքերը միանգամայն ճիշտ են վարվում հայերի հետ (Գումմանը Վիլհելմ կայսեր անձնական հովանավորյալն էր և նամակագրական կապի մեջ էր նրա հետ): Իսկ Լիման ֆոն Սանդերսը վճռականորեն իր դժգոհությունն էր հայտնում ամերիկյան դեսպանին (նրա որդու միջոցով) այն առթիվ, որ նա թուրքական գազանությունների մասին հաղորդում է Եվրոպա և Ամերիկա: Միայն Կառլ Լիբկնեխտն էր վրդովմունքով նշավակում մարդասպաններին: Բայց նա անզոր էր»: