ՊՆ-ն որոշել է հայ աղջիկների ռազմական ինստիտուտներում ներգրավել, բայց իմաստն ու պատճառները կասկածելի են: Նախ ներկայացնենք, որ ՊՆ, հիմք ընդունելով «Զինվորական ծառայություն անցնելու մասին» ՀՀ օրենքի 1-ին գլխի 4-րդ հոդվածի 3-րդ կետը, ՀՀ պաշտպանության նախարարությունը 2013/2014 ուսումնական տարում հայտարարում է իգական սեռի ներկայացուցիչների ընդունելություն ՀՀ ՊՆ ռազմաուսումնական հաստատություններում։
Ընդունելությանը կարող են մասնակցել ՀՀ քաղաքացի հանդիսացող, 18 տարին լրացած, ֆիզիկապես կոփված, «մաթեմատիկա» և «ֆիզիկա» առարկաներից միասնական քննության վկայագիր ներկայացնող իգական սեռի ներկայացուցիչները, որոնց առողջական վիճակը բավարար կճանաչվի ռազմաուսումնական հաստատությունում սովորելու և հետագա զինվորական ծառայություն անցնելու համար։
Ընդունելությունը կատարվելու է ՀՀ ՊՆ հետևյալ ռազմաուսումնական հաստատություններում.
ՀՀ ՊՆ Վ.Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ,
ՀՀ ՊՆ մարշալ Ա.Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն ինստիտուտ։
Հերթական նորամուծությունը հայ հասարակության շրջանակներ: Ինչու հանկարծակի ՊՆ-ն որոշեց հայ աղջիկներին ռազմական կրթության ուղարկել: Ո՞րն է նպատակը, որ հայ երիտասարդ աղջիկը սովորի ռազմական ինստիտուտում և տղամարդու հոգեբանությամբ դաստիարակվի: Իհարկե, շատերը ինձ կհակասեն՝ նշելով, որ լավ է, թող գնան սովորեն, բանակի համար պետք են: Քավ լիցի, ազգին ծառայող ցանկացած մարդ լինի կին, թե տղամարդ մեծ հարգանքի է արժանի, բայց, միևնույն է, չպետք է երևույթը լինի համատարած: Ինքս գիտեմ աղջիկներ, ովքեր մի քանի տարի առաջ սովորում էին ԵՊ Բժշկական համալսարանի ռազմական բաժնում և իմացողները կհաստատեն, որ նրանք կին հասկացությունից հեռու էին: Կարծում եմ բանակին հայ տղամարդիկ են հարկավոր, նրանք պետք է սովորեն այդ ռազմական հաստատություններում, թշնամու դեմ պայքարելու արվեստը տիրապետեն, լինեն կոփված ու իմանան ֆիզիկա և մաթեմատիկա առարկաները: Բայց այսօր հայ երիտասարդները խուսափում են բանակում ծառայելուց, էլ ուր մնաց ռազմական ինստիտուտում սովորելը: Եվ դրա փոխարեն աղջիկներին ենք ուղարկում այնտեղ: Ուղղակի անհասկանալի մի երևույթ: Այո՛, հայ մայրերը թեժ պայքարի պահին միշտ էլ սուրը ձեռքներին դուրս են եկել պայքարի, Արցախյան ազատամարտի ընթացքում էլ բազմաթիվ հայ կանայք մասնակցեցին պայքարին և մեծ ներդրում ունեցան, բայց նրանք ռազմական կրթության կարիք չունեին, հայրենիքի կանչով գնացին: Այսինքն՝ հայ կնոջը ռազմիկի վերածելն անիմաստ քայլ է, նրանց ներսում պայքարը միշտ էլ խոսում է: Ուրեմն ՊՆ որոշել է իսրայելա-ամերիկյան ոճով առաջնորդվել՝ այս ամենը համադրելով եվրոպական չափանիշների հետ: Արդեն քանի տարի է՝ ողջ աշխարհում գոռում են գենդեռային հավասարության մասին հեքիաթները, Հայաստանում էլ գործում են այդ հավասարությունը գոռացող բազմաթիվ գրանտակեր ՀԿ-ներ, բայց եկեք մտածենք, թե ուր է տանում այդ գենդերային հավասարությունը մեզ՝ հայերիս: Մենք ուզում ենք կնոջ ու տղամարդու իրավունքները հավասար լինեն ինչպես Եվրոպայում, ԱՄՆ-ում և իբր Իսրայելում: Սիրելիներս, Եվրոպայում, միգուցե, կնոջ իրավունքները հավասար են, բայց դրանով կնոջ արժանիքներն ամենևին չեն բարձրանում: Հակառակը՝ կնոջ հանդեպ հարգանքը 90 տոկոսով նվազել է: Այսօր Եվրոպայում, ԱՄՆ-ում և մնացյալ <> երկրներում կինը ավելի շատ է շահագործվում, քան այն տարիներին, երբ կնոջ իրավունքները փոքր-ինչ նվազ էին: Այսօր մենք ուզում ենք Հայաստան բերել այդ կեղծ հավասարությո՞ւնը: Առանց բերելու հայ կնոջ բեռը խիստ ծանր է: Շատ ընտանիքներում աշխատում է միայն կինը, երեխաների դաստիարակությունը կնոջ ուսերին է, տնային հարցերը նույնպես: Այսինքն՝ առանց ջանք թափելու էլ տղամարդու դերը նվազել է հայ ընտանիքներում, ինչը սոսկալի է մեր ազգի համար: Հիմա էլ հայ աղջկան ուղարկում են ռազմական ինստիտուտ, որ ի՞նչ: Պատկերացնո՞ւմ եք ինչպիսին է լինելու այնտեղից դուրս եկած արդեն առանց սեռի այդ էակը: Ո՞ւր մնաց կանացիությունը, մայրության կանչը: Ահա, թե որտեղ են ուզում հարվածել: Ընտանիքի, հայ կնոջ ու մոր պատկերն են ուզում աղավաղել: Նշենք, որ աշխարհում միակ երկիրը Իսրայելն է, որ պարտադիր զինվորական ծառայություն է նախատեսում կնոջ ու տղամարդու համար, ինչու ենք աստիճանաբար Հայաստանը դարձնում Իսրայել, այսօր ռազմական ինստիտուտ, վաղը պարտադիր զինվորական ծառայություն, քայլերը դրան են տանում: Վտանգն այստեղից է: Բայց մոռանում ենք, կամ էլ չենք ուզում հիշել, որ Իսրայելում մայրիշխանություն է, Հայաստանում չի կարող լինի այդպես, բայց ուզում են ներմուծել այդ արատավոր երևույթը: Իսկ ՊՆ-ն օգնում է այդ գործին: Չնայած մինչ ՊՆ-ն՝ ոստիկանությունն արդեն իր գործն արել էր: Բոլորս ենք տեսել փողոցում քայլող կին ոստիկաններին, ինչը հայի համար տարօրինակ է, դատեք ինքներդ: Մեր օրերում Հայաստանում ամեն ինչ արվում է ոչ թե երկրի զարգացման, ազգային արժեքների պահպանման համար, այլ հակառակը՝ նախ ամեն ինչ արվում է ազգի ոչնչացման համար, հետո ստեղծվում են նպաստավոր պայմաններ այլ ազգերի սերտաճման համար: