Միհրի պաշտամունքը վեդաներում

49

«Ազատ Ձայն»-ն իր ընթերցողին է ներկայացնում մեծ հայագետ Հովիկ Ներսիսյանի գրքից մի հատված՝ նվիրված վեդաներում Միհրի պաշտամունքին: Մասնավորապես Ներսիսյանը քննում է, թե Հայկական լեռնաշխարհից Հնդկաստան ներթափանցած Միհրի պաշտամունքը ինչ ազդեցություն է թողել հնագույն վեդաների վրա:

Արդեն գրել էինք, որ մ.թ.ա. առաջին դարում Միհրի պաշտամունքը ներթափանցեց Հռոմ, իսկ մ.թ. 3-րդ դարում այդ կրոնը դարձել էր միջազգային ու տարածվել էր Հնդկաստանից մինչև Սև ծով, Բալկաններից մինչև Բրիտանիա և Իսպանիա: Ամբողջ Եվրոպայում հաշվում են 400-ից ավելի Միթրայի տաճարների ավերակներ: Եվ այսպես, նախ մ.թ.ա. 4-րդ դարում Հայաստանից տարածվեց դեպի հարավ՝ Պարսկաստան ու Հնդկաստան և մ.թ.ա. առաջին դարում՝ դեպի հյուսիս-արևմուտք՝ Եվրոպա:

Վեդաների մեջ բացի մեկ-երկու անգամ, միշտ Միհրը՝ Միթրան, Վարունա-ի հետ է հիշվում: Միթրան մեկնաբանում են բարեկամ, ընկերակից և օժանդակող: Նա արևի պահապան աստվածությունն է: Տասը կրակներից մեկի և Ափ-Սարաներից մեկի անվանումն է, որոնք Գանդհարվաի կանայք  (ամուսինները) և երկնային հրեշտակներից են, նույնպես և ադիթիաներից մեկի անունն է, որոնք երկնայինն աստվածներից են:  Ադիթիաները Ադիթի 7 աստված զավակներն են, որոնք երկնքում են ապրում: Ամենաառաջինը Վարունան է, որը գլխավորում է մյուս 6-ին ու Ադիթ է կոչվում և անմիջապես նրանից հետո Միթրան է:

Հնդկական աղբյուրներում Միթրան սիրո, գորովի, լույսի և արևի ցոլքի աստվածությունն է: Ընդհանրապես, Միթրայի և Վարունաի ընկերակցությունն ու կապակցությունն անքակտելի ու կայուն է: Վարունան երկնքի աստվածություն և գիշերվա դիցն է, իսկ Միթրան՝ լույսի, արևի ցոլքի և օրվա (ցերեկվա) աստվածն է: Այս օր ու գիշերվա երկու աստվածները պաշտամունքի  ծեսերի մեջ ընկերակից են: Վարունան նույնպես ջրերի  ու ծովերի աստվածությունն է և իր յուրահատկություններից մեկն էլ Ուդ-դամա, այսինքն՝ շրջապատող է և Վարունի ամուսինն է, որը գինու դիցն է:

Վեդաների մեջ նշմարելի են Եվրոպա ներթափանցած միհրականության հավատամքի հիմնական ծեսի՝ ցլասպանության ծնունդ տվող մտայնության արմատները:

Վեդաի մեջ վեհագույն աստվածներից մեկը  Սոմա (Ավեսթայի մեջ Հաոմա) է կոչվում, անհաղթ ուժի, մշտնջենական ու բոլոր հիվանդությունները բուժող աստվածն է, կյանք, հարստություն, ցանկությունների իրականացման պարգևատուն է: Հետագայում այս անունով կնքեցին լուսնյակը, ապա նույնացվեցին Սոմա բույսն ու լուսինը: Սանսկրիտում լուսին բառի փոխարեն Սոմա էլ են գործածում: Միայն անվամբ չէ, որ նույնն են, այլ Սոմաի բոլոր յուրահատկությունները ևս լուսնին վերագրեցին և բույսերի դիցը համարելով՝ պաշտամունքային ծեսերով, զոհեր մատուցեցին և բուժիչ բույսերի տերն ու տիրականը համարեցին:

Նույնպես Սոմա է այն բույսի անունը, որի տերևալից ոստրեի միջոցով ստացվում է աստվածների կողմից շատ սիրված մի ուժեղ ոգելից խմիչք, որը նվիրում են աստվածներին: Հոգևորականները կրոնական ծեսի ժամանակ այս ոգելից խմիչքից են խմում, որպեսզի մոտենան և միանան աստվածներին: Հետևաբար, Սոման կյանքի աստվածությունն է և կենաց հյութը, թեկուզ աստվածները իրենց հավիտենականությունը այդ խմիչքից են ստանում, բայց մահկանացու մարդիկ, այդ խմիչքը խմելով, միայն ժամանակավոր հավերժություն են ստանում, որը փոխաբերական իմաստով միացումն է Աստծուն ու Էության, այսինքն ՝ պարզ ասած ՝ հարբեցողություն և աշխարհիկ կյանքից հեռացում: Ուստի Սոման կյանքի աստվածն է ու կենաց ջուրը, հենց ինքն անձրևն է, որ լուսնյակի լիցքավորված գավթից ցած է թափվում: Այդ կենաց հյութից են սնվում թե՛ մարդիկ և թե՛ կենդանիները: Արուները այն վերածում են հատիկների և էգերը՝ կաթի, բայց քանի որ մարդիկ ու կենդանիները մահանում են, այս կենաց հյութը, կրկին վերադառնալով լուսնյակի գավաթն ու լիցքավորվելով, այն նորից ցած է թափվում:

Աստվածները հենց այս հավերժություն պարգևելու սոմանու յուրահատկության համար է, որ ագահորեն ըմպում են այն, ու Ինդրան էլ մինչև նրանով չարբենա, ոչ խնջույքին կմասնակցի ոչ էլ ռազմին կկաջակցի: Հենց այս պատճառով ամեն ամիս, երբ լուսնի գավաթը լիցքավորվի (լուսինը լրվի), աստվածերը խմում են նրանից:  Ուրեմն սոման անձրևն է, կյանքի հյութն ու կենաց ջուրն է, նույնպես իր մեջ է սրբազան կովի սերմը: Երբ անձրևում է, սրբազան կովը բույսերի տերևալից ոստերի հետ ըմպելով այն՝ նրա մարմնում վերածվում է ուժի և կարողության (կաթի), որից մարդիկ սնվում են: Ինքը կովը խորհրդանշում է սին և ինքը լուսինն է: Նման ավանդության նմանակը տեսնում ենք պահլավական Բոնդահեշնի Վահջարգա և իր դստեր Ֆրանագի պատումի մեջ: Վահջարգան, որպեսզի հուրը իր որդիներին փոխանցի, մի կով է արարում, որ սուրբ է: Նա կովին կապում է  մի ջրափոսի ափին, որպեսզի հուրը բույսի ջրի հետ ծծի, որից հետո կովի կաթը խմեցնում է իր որդիներին, որպեսզի նրանք հավիտենական կյանքի տեր դառնան: Աստվածները որպեսզի կենաց ջրի կամ կյանքի հյութին տեր դառնալով մշտապես իրենց մոտ ունենան, որոշում են Սոմաին սպանել: Սոման թե լուսինն էր, թե լուսնի աստվածը և նա չորս ամուին ուներ և քանի որ նրանցից մեկին շատ էր սիրում, մյուս երեքը, որոնք Դաքշաի դստրերն էին, սոմաի անարդարությունը հայտնեցին իրենց հորը և գանգատվեցին: Դաքշան Սոմաին ծանր հիվանդության դատապարտեց: Բայց հետո ի զորու չեղավ նրան բուժեց, միայն փոքր-ինչ մեղմացրեց այն, որը վերածվեց առժամանակյա հիվանդության, որ տեսնվում է լուսնյակի իրավիճակում: Լուսնյակի (սոմաի) տիտղոսներից մեկն էլ Սիթա Մարիթչի է, այսինքն՝ «սառը լույս ունեցող»:

Աստվածների միջև անհամեմատության հետևանքով առաջացած խռովության պատճառով Շիվա աստվածը մի ահեղ կռվի մեջ է մտնում և Սոմաին մի հարվածով երկու կես է ասում, դա սրբազան ցուլի սպանման ավանդույթն է ցույց տալիս: Իսկ մի այլ պատումում աստվածները որոշում են Սոմաին սպանել: Վայու աստվածը պետք է կարգադրեր այդ սպանությունը և որի համար Միթրա-Վարունաից օգնություն է խնդրում: Միթրան մերժում է օգնել և հայտնում. «Ես բոլորին սեր, գորով ու բարիք եմ ցանկանում»: Վերջում, զոհից բաժին ստանալու համար Միթրան համաձայնվում է մասնակից լինել սպանության: Սպանելուց հետո երկու քարի միջև ճզմում են Սոմաին: Միթրայի պարտականությունն է՝ գետնի վրա թափել իրեն բաժին հասած Սոմաի հյութը, որից բույսեր և կենդնիներ են գոյանալու: