Մեր հանդուժողականությունը կխորտակի մեր երազանքները փոխանցելու այս գանձերը մեր ապագա սերունդենրին

«Ազատ Ձայն»  լրատվականն իր ընթերցողին է ներկայացնում Նիդերլանդներում ապրող և ստեղծագործող, ազգային արմատների վրա հիմնված, արվեստագետ Սոֆյա Խաչատրյանի հարցազրույցը: Տիկին Խաչատրյանը գեղանկարիչ և քանդակագործ է, բայց նրա ոգնշնչման միակ աղբյուրը ազգային արժեքներն ու ոգին է: Ստորև ձեզ ենք ներկայացնում այս տաղանդաշատ հայուհու հետ անցակցրած զրույցը:

Հարց.  Տիկի՛ն Սոֆյա, այսօր ապրում, ստեղծագործում և դասախոսում եք Նիդերլանդներում, ի՞նչը Ձեզ տարավ այնտեղ և ի՞նչն է ձեզ ոգշնչում ստեղծագործելու համար, կա՞ ինչ որ կոնկրետ միտք, գաղափար կամ երևույթ, որը ձեզ օգնում է ստեղծագործել:

Ասեմ, որ արդեն 21 տարի է՝ բնակվում եմ Նիդերլանդներում: Պատճառը իմ հիվանդությունն էր: Այն մութ ու ցուրտ տարիներին աշխատում էւ Էջմիածնի 1-ին մանկապարտեզում՝ որպես  դաստիարակչուհի: Այդ օրերին բոլորի համար էր դժվար ապրել և գոյատևել, բայց հայ մարդը պայքարում է,  դա մեզ շնորհված է ի վերուստ, մեր գեներով, բայց այդ բուժման կարիքը ինձ տղայիս ու ամուսնուս հետ տարավ հեռու աշխարհներ: Սկզբից թվում էր, թե սա ժամանակավոր է, հետո չես էլ նկատում՝ ինչպես են անցնում տարիները: Նիդերլանդներում ընդունվեցի Գեղանկարչության  Ակադեմիա, զուգահեռ սովորում էի նաև անվտանգության ասպարեզում, հետագայում երկար տարիներ աշխատել եմ որպես թանգարանի անվտանգության կոորդինատոր, սակայն գեղանկարչությունը և քանդակագործությունը երբեք չեն լքել ինձ, քանզի դրա միջոցով ինձ մոտ եմ զգացել հայրենիքիս, այդ հայրենիքի կարոտն էր, որ ինձ տարավ արվեստի աշխարհ:

Հարց.  Հայ կնոջը հեշտ է ստեղծագործել հայրենիքում, իր նախնիների հողի վրա, թե՞ դրա սահմաններից դուրս: Այստեղ կա՞ն խանգարող հանգամանքներ:

Ասեմ, որ կնոջը խանգարում է ստեղծագործել հայրենիքից դուրս, քանզի ժամանակ առ ժամանակ անհասկանալի ես դառնում քո հայկական գույներով, մտքերով: Սրանք փաստեր են, որ աննկատ են, սակայն դրանց հետ առնչվում ես, երբ խորանում ես օտարների աշխարներում:

Հարց.  Այժմ Հայաստանում եք, որքա՞ն ժամանակ չէիք եղել և ի՞նչն է փոխվել:

Հայաստանում չէի եղել շուրջ 4 տարի: Փոփոխություններն իսկապես շատ են, թե լավ, թե վատ առումներով, սակայն ինձ հուզում են հայ մարդկանց հիասթափությունը իրենց երկրի հանդեպ: Մարդիկ մի տեսակ մոլորված են, ամենքը ձգտում են օտարություն՝ չհասկանալով, որ դա դաժան ճանապարհ է: Հայ մարդու ինքնասիրությունը վիրավորված է սեփական երկրում, իսկ ինձ դրանից ցավալի բան չկա:

Հարց.  Քանդակագործ ու նկարիչ կինը զգո՞ւմ է, թե որ  գույներն են պակասել Հայաստանում:

Իմ Հայաստանում պակասել են մարդկանց  ժպտացող դեմքերը: Մարդիկ կորցրել են հայրենիքի սիրո գույները, իսկ դա հնարավոր չէ ոչ մի կտավի և քարի փոխանցել: Հնարավոր չէ ապրել Հայաստանում և ստեղծագործել՝ զգալով այդ գույների պակասը:

Հարց. Ցավոք, Հայաստանում այսօր մշակույթը ոտնահարվում է բարձր մակարդակներով. տաճարներում խնջույքներ են կազմակերպում, մեր նախնիներից մնացած գանձերը ապականվում են, այլափոխվում, արհեստական օտարացվում, ինչպե՞ս պայքարել դրա դեմ: Եվրոպայում դժվար  թե որևէ մեկը համարձակվի ապականել իրենց մշակույթը:

Ասեմ, որ ինքս բուռն ցասում եմ ապրում, երբ դրսից ականատես եմ լինում մեր սրբությունները, մեր մշակույթի գանձերը օգտագործվում են որպես հաճույքի կենտրոններ: Համեմատել Եվրոպայի հետ նույնիսկ անհնար է: Նրանք այդ գանձերը պահպանում են աչքի լույսից էլ բարձր և ամենայն պատասխանատվությամբ ու խստությամբ, ուստի ըստ իս՝ անհրաժեշտ է ստեղծել մշակույթի նախարարությանը կից մի մարմին, որի մեջ կներառվեն միայն արվեստագետներից կազմված մի խումբ մշակույթի այս գանձերին հետևողական և խստագույնս պահպանելու համար: Եվրոպայում կան մի քանի կազմակերպություններ, որոնք զբաղվում են միմյանց հսկելով, ուստի վատ չէր լինի այդ ձևը օգտագործել մեզ մոտ, այլապես կկորցնենք դարերից մեզ հասած այս անգնահատելի գանձերը: Սրանց արժեքը չեն հասկանում մարդիկ, ովքեր հազարավոր կիլոմետրեր հեռու են և անտեղյակ մեր պատմությանը, մեր անցած ճանապարհին, ուստի մեր պարտքն է ամեն տեսակի ոտնձգության համարժեք պատասխան տալ: Այսօրվա մեր հանդուժողականությունը կխորտակի մեր երազանքները փոխանցելու այս գանձերը մեր ապագա սերունդենրին, փոխանցելու անմնացորդ:

Հարց. Լինելով ազգային գաղափարախոսության կրող՝ մի՞թե դա ձեզ չի խանգարում ապրել Եվրոպայում, որտեղ ազգային ասվածն ընդհանրապես գոյություն չունի:

Ինչ խոսք, իմ ճանապարհին հաճախ են արգելքներ լինում, հատկապես իմ ազգայինը առաջ տանելու գաղափարախոսության մեջ, սակայն միշտ էլ լինում են մարդիկ, ովքեր հասկանում և գնահատում են, որ ապրելով սփյուռքում կարողանում են պահպանել իմ ազգային արժեքները: Ինչ խոսք, հոլանդացիները  ոչ մի հավատի հանդեպ հակում չունեն, առավել ևս ազգային գաղափարախոսությունը կարողանում են գնահատել, օտարի  վերաբերմունքն իր իսկ ազգային արժեքների հանդեպ, քանի դեռ այն չի ոտնահարում իրենց՝ հոլանդացիների ազատությունը կամ արժանապատվությունը:

Հարց. Օգնո՞ւմ է արդյոք ձեզ այդ ազգայինը ստեղծագործելիս:

Ազգայինը երևի միակ բանն է, որ օգնում է և մղում է ստեղծագործելու, դա իմ ներքին կարոտն է և ազգի կատարելությունը տեսնելու ցանկությունը, որ տալիս է միտք և ցանկություն կերտելու և ստեղծագործելու համար:

Հարց. Տիկին Սոֆյա, այսօր Հայաստանը համախմբման և ազգային արմատներին վերադառնալու կարևորագույն խնդրի առաջ է կանգնած, չե՞ք կարծում, որ միայն հայրենիքի սահմաններում կարող է այդ համախմբումն իրականանալ, իսկ այդ գաղափարների կրողներից շատերը դրսում են: Ի՞նչ կասեք այդ մասին, չեք ուզում վերադառնալ այստեղ և պայքարը շարունակել տեղում:

Մինաշանակ համաձայն եմ ձեզ հետ: Համախմբվելու գաղափարը ամենաիրական և արդյունավետ պայքարն է մեր արմատներին, մեր վաղնջականությանը վերադառնալու: Ցավալի իրականություն է նաև այն, որ այդ գաղափարը կրողների մի հոծ բանակ, իրոք, օտարված են հայրենիքից: Անշուշտ, այդ խնդրի լուծման ամենաարդյունավետ փաստը  հայրենիքում միաբանվելն է, դրա համար նույնպես անհրաժեշտ է ստեղծել ոչ կառավարական մի օղակ (քանի որ կառավարության հանդեպ սփյուռքում կա մեծ, շատ մեծ անվստահություն), ովքեր իրավասու կլինեն ստեղծել ներգաղթի անհարժեշտ պայմաններ: Հայ մարդը հեռանում է հայրենիքից ոչ թե մի փոր հացի, այլ հոգևոր և բարոյական արժեքների պատճառով, ուստի մեզ հարկավոր են մարդիկ, ովքեր իրենց խոսքով, պահվածքով և գործերով ի զորու կլինեն ներգաղթի բերել ազգային այդ արմատները, որ իրենց օտարացած են համարում, որոնցից մեկն էլ ես եմ:

Հարց. Որպես ստեղծագործող մարդ պետք է որ զգաք՝ Հայաստանում ստեղծագործող մարդու հոգին ազա՞տ է:

Ո՛չ, Հայաստանում ստեղծագործող մարդու հոգին ազատ չէ: Երբ նկարիչը, արվեստագետը խմորվում է անարդարության, կողմնապաշտության, կոռուպցիայի հետ նա երբեք չի կարող ազատ ստեղծագործել: Այնտեղ գույները կորցնում են իրենց երանգները և քարե արձանները չեն ժպտում, այլ խոնարհվում են անզորության առաջ:

Հարց.  Տեղյակ լինելով ձեր գաղափարներին և տեսնելով, որ ձգտում եք հասնել ազգայինին՝ կարծում եմ ինչ-որ կերպ կունենաք ձեր մեջ ուղենշած, թե ինչպես վերադառնալ արմատներին, ինչպես հաղթահարել ներկա բարոյազուրկ համակարգի չարիքները: Ի՞նչը մեզ այսօր կօգնի հաղթահարել:

Ազգային արմատներին վերադառնալու ամենաարդյունավետ միջոցն, ըստ իս, մեր ազգային ամեն մի արժեքի մասին մեկիկ-մեկիկ  մարգարիտի հատիկների նման իմֆորմացիայի  մասսայական տարածումն է: Այսօր Հայաստանում հաճախ եմ զրուցում տարբեր կրթական մակարդակի մարդկանց հետ և ապշում եմ ազգայինի հանդեպ չիմացության և անտարբերության վրա: Երբեմն ուզում եմ բղավել՝ մա՛րդ արարած, դու արդեն 24 տարի է՝ ունես հնարավորություն տեղեկանալու քո սեփական ազգի, քո տեսակի մասին: Այս անտարբերությունը գալիս է նախ մեր դպրոցներում ոչ լիակատար կրթելու հետևանքով: Այսօր հայաստանյան դպրոցներում կրթությունը սարսափելի վիճակում է: Այդ նույն ուսուցչիները սիրով կրթում են այդ նույն երեխաներին անձնական դասընթացներով բարձր դրամական վճարումների դիմաց: Քաղաքակիրթ երկրներում սա կհամարվի հանցագործություն, իսկ այդ պարապմունքները հիմանանում օտար լեզուներն են, որից հետո այդ երիտասարդների համար ճանապարհ է բացվում դեպի օտար անհայտություն:  Այս ցավալի փաստը արդեն ազգային աղետ է, և դրա դեմ պետք է խստագույնս պայքարել, հատուկ մշակված պայմաններով, որոնք թույլ չեն տա ուսուցչին անորակ դասընթացներ անցկացնել դպրոցում:  Հարկավոր է երեխաներին պարբերաբար ծանոթացնել մեր ազգային արժեքների հետ, ներքաշել նրանց հայրենիքի բնության պահպանման, նրա մաքրության գործի մեջ: Այս օրերին ես սրտի ցավով եմ տեսնում մեր հասարակության կողմից բնության աղտոտմանը, այդ սարսափելի վիճակին, հարկավոր է մանկապարտեզից կրթել երեխաներին, որ սիրեն ու գնահատեն հայրենիքը, նրա բնության մաքրության անհրաժեշտությունը: Միայն կրիթ հասարակարգում է հնարավոր ունենալ ազգային արժեքներ:

Հարց. Շատերն են մեղադրում Հայաստանից դուրս գտնվող ապրող ու ստեղծագործող մարդկանց, ովքեր կոչ են անում Հայաստանում ապրողներին միավորվել, համախմբվել, պայքարել հանուն ազգային պետության ստեղծման, դուք ինչ կասեք այդ մասին, ինչպե՞ս եք վերաբերվում այդ մեղադրանքներին:

Մեղադրանքներին վերաբերվում եմ հանգիստ, քանզի հոգուս խորքում գիտակցում եմ մեղքի իմ բաժինը, սակայն չեմ արդարացնում ստորացնող վիրավորանքները: Ստեղծագործող մարդու համար դժվար է ապրել կապանքների մեջ, դժվար է տեսնել սեփական ազգի անզորությունը և ի զորու չլինել օգնել նրան: Դա նրան կտանի ստեղծագործելու կատարյալ ինքնաոչնչացման: Միայն ազատ հասարակության մեջ է հնարավոր ստեղծագործել՝   հոգեպես կապված լինելով սեփական ազգի ազատ հոգու հետ: Ես ըմբռնումով եմ մոտենում քարկոծողներին, քանզի գիտակցում եմ, որ նրանք չեն գիտակցում ազատ լինելու իսկական հասկացողությունը: Չես կարող մեղադրել մարդուն այն բանի մեջ, ինչ ինքը չի ընկալել կամ զգացել սեփական կաշվի վրա:

Հարց.  Իսկ ինչպե՞ս զգան այստեղ՝ ներսում, այդ ազատությունը, երբ ասում եք այն միայն դրսում է:

Ես չեմ առաջարկում հեռանալ: Հայ մտավորականը, ով սփյուռքում է ապրում, պարտավոր է Հայաստանի հասարակությանը լավ ներկայացնել այդ ազատության բուն իմաստը, որպեսզի նրանք կարողանան հասկանալ և կարևորել այդ ազատության բուն իմաստն ու արժեքը, քանզի ազատության այդ զգացողությունը ծնվում է մեր հասարակությունից և անհարժեշտ է ներկայացնել այն այնքան հասկանալի, որ հարցեր չառաջանան: Հաճախ եմ լսում նաև, որ սփյուռքահայ մտավորական ընկերներս  նեղացած բողոքում են, որ իրենց մեղադրում են կամ չեն հասկանում: Ուստի մենք մեր մեղքի բաժինն ունենք այդ ազատությունը վատ մատուցելու մեջ, չկան վատ աշակերտներ, կան անշնորհք ուսուցիչներ:

Հարց. Ամեն մեկս մեր մեղքի բաժինը ունենք այսօր ստեղծված այս բարոյազուրկ իրավիճակում, արվեստագետի մեղավորությունը ո՞րն է:

 Իմ կարծիքով արվեստագետի, ստեղծագործողի մեղքը հանդիսանում է զիջողականությունը, հանդուրժողականությունը սեփական ազգի նսեմացման մեջ, երբ հայաստանյան հեռուստաալիքները աղբին համարժեք սերիալներով են սնուցում մի աբողջ ազգ, և մենք ներողամտորեն լռում ենք ազգը թույնող տարրերի դեմ, երբ տաքսու մեջ և սրճարաններում մեր ականջները պահում ենք աղբանոցից դուրս եկած և մեր հասարակության հոգիները աղբով լցնող երաժշտության մեջ: Հարկավոր է մասսայական էտիկետներ ստեղծել թե՛  ռեստորաններում, թե այլ հասարակական վայրերում, ուր մուտք ունի հայ մարդը: Ցավոք, մեր մշակույթի նախարարը զբաղված է ամեն ինչով, բացի բարձր բարոյական, հոգևոր  սննունդ տալուց սեփական ժողովրդին: Իսկ ազգային ոգին ձևավորվում և արժևորվում է հենց երաժշտությամբ, մարդու հոգին փոխվում է  ազգային երգով, պարով, ազգային նոտաներով, և որպեսզի մենք նորից չկորցնենք այսօրվա մեր գտածը, ինչպես դա կատարվեց 1700 տարի առաջ, անհրաժեշտ է պայքարել և պայքարել, միայն հոգևոր արժեքների համար տարվող պայքարով է հնարավոր ստեղծել բարոյական հասարակություն:

Հարց. Եվ վերջում, կցանկանամ, որ ձեր կողմից լսեմ ինչ-որ առաջարկ կամ ելք:

Հարկավոր է ստեղծել ազգային ծրագիր, որի մեջ կներառվեն տղամարդիկ, կանայք, պատանիներն ու օրիորդները, սրտացավ ու ազգապաշտ մի խմբավորում: Անհրաժեշտ է լսումներ «ուղեղի հոսք» անվան տակ՝ նպատակը լինի այն, որ յուրաքանչյուր անհանգստացող անձի հնարվորություն տրվի անհատական մտքի, կարծիքի փոխանցման: Կստեղծվի մի վիրտուալ սենյակ, ուր կտեղավորվեն բոլոր խնդիրների լուծման առաջարկենրը և հետո այն կամփոփվի յուրաքանչյուր անհատի կողմից, ով ներգրավված է այդ խմբի մեջ: Ես համոզված եմ, որ այսպիսի մոտեցումով շատ օգտակար լուծումներ կգտնենք: Ժամանակին ես մասնակցել եմ այսպիսի մի կառույցի, սակայն այն մնաց կիսատ խմբագրի՝ Ստեփան Քերեմիջյանի մահից հետո, բայց կան շատ հրաշալի մտավորականներ, ովքեր այսօր անհատապես  առաջ են տանում այս գաղափարը, և մեր պարտքն է համախմբվել:

Ներքևում Սոֆյա Խաչատրյանի ստեղծագործություններն են:

Մեր հանդուժողականությունը կխորտակի մեր երազանքները փոխանցելու այս գանձերը մեր ապագա սերունդենրինՄեր հանդուժողականությունը կխորտակի մեր երազանքները փոխանցելու այս գանձերը մեր ապագա սերունդենրին