«Ազատ Ձայն»-ն իր ընթերցողին է ներկայացնում Վարուժան Վասիլյանի աշխատությունից մի հատված, որտեղ հեղինակը ներկայացնում է աստղագիտության զարգացման վաղեմի ընթացքն ու կապը Հայկական լեռնաշխարհի հետ: Ներկայացվում է աշխարհահռչակ աստղագետների տեսակետները, ովքեր պնդում են, որ համաստեղությունների ֆիգուրների ծագման և դրանց տրվող անվանումների հեղինակները Հայկական լեռնաշխարհի վաղեմի բնակիչներն են:
«Որքան հայտնի է մեզ, աստղագիտությունը Հայկական լեռնաշխարհում, Միջագետքում՝ Շումերում և աքադաբաբելացիների մոտ, Եգիպտոսում, Չինաստանում և Հնդկաստանում ծայր է առել չափազանց վաղեմի ժամանակներում: Արդեն մ.թ.ա. 3-րդ հազարամյակում Միջագետքում հստակ պատկերացում ունեին աշխարհի չորս կողմերի մասին, գիտեին ինչ է խավարածրային հարթությունը: Աստղալից երկինքն արդեն բաժանված էր համաստեղությունների…
Բաբելացի աստղագետ Կիդինուն պնդում էր, որ իրենց շարժման մի ժամանակահատվածում մոլորակներն ընթանում են հավասարաչափ մեծացող, մյուսում՝ հավսարաչափ նվազող արագությամբ: Բաբելացի աստղագտներն ընդունում էին, որ ասուպների հայտնվելը կարող է ունենալ պարբերական բնույթ: Այս երևույթները եվրոպական գիտությունը վերստին հայտնագործեց միայն ավելի քան երկու հազար տարի հետո՝ 17-րդ դարում:
Հունաստանում աստղագիտությունն սկիզբ առավ ու իր հետագա զարգացումն ապրեց Եգիպտոսից առնված երկրաչափական գիտելիքների հիմքի վրա, մ.թ.ա. մոտավորապես 7-6-րդ դարերում:
Մեր նախնիք նույնպես ունեին բավականաչափ ծավալուն և խորը գիտելիքներ:
Աստղագիտության առաջին իսկ օրերից պահանջվել է առանց մեծ դժվարության լավ կողմնորոշվել գիշերային երկնքի բյուրավոր բոցկլտուն և ցոլցլուն լուսատուների անեզր աշխարհում: Այդ նպատակով էլ մարդն աստղերը մտովի բաժանեց խմբերի՝ համաստեղությունների, աստեղատների:
Տաս հազարից մինչև ամենաքիչը երեք հազար տարվա հնություն ունեցող հայոց աստղագիտական ժայռապատկերները՝ նրանց պատկերագրերը, նշանագիր-գաղափարագրերը մեզ ասում են. մեր նախնիները այն ժողովուրդներից են, ովքեր մ.թ.ա. չորրորդ-երրորդ հազարամյակներում աստղերը առաջին անգամ տրոհեցին համաստեղությունների:
Դեռևս վաղեմի ժամանակներից ի վեր, մինչև միջնադարը ներառյալ, մեզ մոտ մի առանձնահատուկ կարևորություն են տվել հատկապես կենդանակերպերի տասներկու համաստեղություննրին: Այդպես է եղել, քանի որ Արեգակը, Լուսինը և որոշ մոլորակներ իրենց ճանապարհորդությունը կատարել են այդ համաստեղություններով: Քանի որ գտնում էին, թե Արեգակի շարժումը հենց այդ համաստեղությունների ազդեցության արդյունքն է, և որ տարվա չորս եղանակներն ու դրանց հաջորդականությունը կախված է կենդանակերպի համաստեղություններում Արեգակի գրաված դիրքից: Քանի որ վերջապես մեր վաղեմի տոմարի՝ ժամանակի օրացուցային հաշվարկման հիմքում ընկած է հենց կենդանակերպով մեկ Արեգակի կատարած ճանապարհորդությունը:
Նորից թերթենք Օլկոտի «Աստղային աշխարհի առասպեները».
«Առանձին համաստեղությունների ֆիգուրների ծագման և դրանց տրվող անվանումների հարցը մեզ տալիս է ամենատարբեր ենթադրություններ անելու մի ընդարձակ դաշտ, քանի որ թեև բոլոր ազգերը, սկսած պատմության արշալույսից, ըստ դրանց արտաքին տեսքի տարբերել են համաստեղություններ և այս կամ այն ժամանակաշրջանում դրանց տվել են որևէ սիմվոլիկ նշանակություն, կամ էլ համարել են ինչ որ կերպարի մարմնացում, բայց և այնպես հնագետները մինչև այժմ էլ չեն կարողացել պարզել, թե ով է առաջինը հորինել այդ ֆիգուրները, և թե դրանք որտեղ են ամենից առաջ հայտնի եղել:
Կասկածից դուրս է, որ համաստեղությունների ֆիգուրները հանդիսանում են մի որոշակի մտքի մարմնացում, ինչպես դա պնդում է Լապլասը… Այն բանից հետո, երբ բոլոր ազգերի ամենաականավոր գիտնականները զբաղվեցին այդ առեղծվածով՝ աստղերը համաստեղություններում խմբավորելու նպատակների և ծագման մասին նրանք առաջ քաշեցին մի ամբոջ շարք տեսություններ, և դրանք հավանաբար հեռու չեն ճշմարտությունից:
Աստղի շուրջը հյուսվեցին բյուրավոր ֆանտաստիկ պատկերացումներ, ժողովրդական երևակայությունը երկինքը բնակեցրեց կենդանիներով ու քմահաճ ֆիգուրներով, և ծնունդ տվեց աստային խմբերի այն համակարգերին, որոնք եկել հասել են մեզ և առկա են մեր աստղային քարտեզներում…
Աստղագիտության տվյալները և պատմական ու հնագիտական հետազոտությունները համապատասխանում են մեկը մյուսին ու չեն հակասում իրար այն առումով, որ համաստեղությունների հինավուրց ֆիգուրները հորինած մարդիկ ապրել են, հավանաբար Եփրատի հովտում, ինչպես նաև Արարատ սարի շրջակա տարածքում:
Հեղինակների մեծ մասը հանգում է այն բանին, որ երկնային լուսատուների պաշտամունքի և աստղերի ուսումնասիրության նախահայրերն այդ տարածքում ոչ թե սեմիտ-բաբելացիներն են, այլ «աքադներ» ընդհանուր անուններով հայտնի ժողովուրդը. «աքադներ» նշանակում է լեռնային երկրների բնակիչներ, լեռնաբնիկներ….Աքադները Ելամի կամ Սուզիանայի լեռնային մարզերից իջել են Սիրիայի արևելյան մարզը…»:
Այս վերջին մտքերը թող չվրիպեն մեր ուշադրությունից. խոսքն այն աքադների մասին չէ, որոնց մենք գիտենք այսօր: Այստեղ սխալ պատկերացում և շփոթմունք կա: Աքադը և Ելամը ամենևին նույնը չեն և Օլկոտի ժամանակներում տարածված սխալ պատկերացման պատճառներից մեկը երևի այն է, որ մ.թ.ա. 24-23-րդ դարերում Ելամը ենթարկվել է Աքադի, իսկ 21-րդ դարում՝ Շումերա-աքադական պետության գերիշխանությանը: Ելամի երկու տիրակալներ՝ Կուտուրամպուկը և Վարադ-Սինը իրենց փառաբանել են որպես շումերների և նրանց մշակույթի խնամակալներ: Վերջապես, սոսկ հարթավայրերի բնակիչ են եղել: Ուրեմն, խոսքն իրականում ոչ թե աքադների, այլ մի ուրիշ «լեռնային երկրների բնակիչների» մասին է:
Շարունակենք. «Բաբելական աղյուսակներից՝ մեր ունեցած այդ ամենահին հուշարձաններից իմանում ենք, որ աքադացիները բաբելոնացիերին ծանոթացրել են իրենց երկոլորտի ու կենդանակերպի հետ մեր թվարկությունից տակավին 3000 տարի առաջ, և որ աքադացիների կենդանակերպը գրեթե լրիվ համապատասխանում է մեզ հայտնի նշաններին (ուշագրավ է, որ ճիշտ այսպես կարելի է բնորոշել մեր ժայռապատկերների կենդանակերպը):
Համաստեղությունների ֆիգուրների և հնագիտության միջև գոյություն ունեցող կապերի առնչությամբ Մաունդերը զբաղվել է հնագիտության լուրջ ուսումնասիրությամբ և բազմաթիվ ուշագրավ բաներ է գտել: Ահա ինչ է նա գրում.
«Հետաքրքիր է համաստեղությունների հինավուրց ֆիգուրների արաքին տեսքը: Նրանք գրավում են երկնքի միայն մի մասը. Հարավային կիսագնդում անկանոն շրջանի տեսք ունեցող մի ծավալուն հատված թողնված է լիովին դատարկ: Այդ փաստը բացատրելու համար Սվարցն առաջինն արեց մի շատ նրբամիտ ենթադրություն. նա ասում է, թե այդ տարածությունը դատարկ է մնացել այն պատճառով, որ համաստեղությունների ֆիգուրները հորինած մարդիկ չափազանց հեռու՝ հյուսիսում են ապրել, որպեսզի կարողանային տեսնել երկնքի այդ մասը»:
Ելնելով այս ենթադրությունից՝ Մաունդերը կարծում է , որ երկինքը համաստեղությունների բաժանած մարդիկ, ամենայն հավանականությամբ ապրելիս են եղել հյուսիսային լայնության 36 և 42 աստիճանների միջև, այնպես որ համաստեղությունների նշման հայրենիքը չէր կարող լինել ո՛չ Եգիպտոսը, ո՛չ էլ Բաբելոնը: Հաշվարկելով, թե այդ դատարկ գոտու կենտրոնը որտեղ է համընկնում հարավային բևեռի հետ, մենք ստանում ենք մ.թ.ա. 2800 թվականը, որն ամենայն հավանականությամբ, համընկնում է համաստեղությունների անվանման հինավուրց գործի ավարտման թվականը:
Նկատվել է, որ համաստեղությունները պատկերող ֆիգուրների մեջ չկան գետաձի, կոկորդիլոս, վագր, և այդ պատճառով մենք կարող ենք պնդել, որ ո՛չ Հնդկաստանը, ո՛չ Արաբիան, ո՛չ Եգիպտոսը չէին կարող լինել այն տեղը, որտեղ ծնունդ է առել երկնային ոլորտի միտքը: Հունաստանը, Իտալիան և Իսպանիան մենք կարող ենք բացառել այն հիման վրա, որ համաստեղությունների ֆիգուրների թվում կա առյուծի ֆիգուր: Այդպիսով, դատելով զութ տրամաբանորեն, մենք կարող ենք պնդել, որ աստղային ֆիգուրների հայրենիքը կարող են լինել փոքր Ասիան և Հայաստանը, այսինքն՝ Սև, Միջերկրական, Կասպից և Էգեյան ծովերով շրջափակված տարածքը…»:
Օլկոտը, Սվարցը, Մաունդերը և քիչ առաջ մեր հիշատակած մյուս գիտնականները մեզ հետաքրքրող իրենց այս մտքերը առաջ են քաշել, երևի առանց նույնիսկ գաղափար ունենալու մեր բանահյուսության, տիեզերածնական դիցաբանության և, հատկապես, ժայռապատկերների մասին»:
«Ազատ Ձայն» լրատվականինյութերնօգտագործելիսպարտադի՛րնշեքսկզբնաղբյուրընյութիհիպերակտիվհղումով: