Հայոց Վանատուր-Ամանոր աստվածության հետքերով

523

Վանատուր-Ամանորը հայոց հյուրընկալության աստվածությունն էր, որի մասին մեզ սակավ տվյալներ են հասել: Այս  աստվածության մասին վկայող միակ հեղինակը Ագաթանգեղոսն է: Նա գրում է. «Եւ զյիշատակս վկայիցն բերելոց ժամադրեաց տօն մեծ հռչակել, յառաջագոյն կարծեալ սնտոեացն պաշտաման՝ ի դիցն Ամանորայ ամենաբեր նորոց պտղոց տօնից հիւրընկալ դիցն Վանատրի, զոր յառաջագոյն իսկ ի նմին տեղւոջ պաշտէին՝ յուրախութեան Նաւասարդ աւուր»:

Տարեգլխի ուրախությունները մարմնավորող Ամանոր-Վանատուր այգիների ու պարտեզների պտուղների խնամակալ էր: Ամանոր աստվածանունը կազմված է «ամ» տարի և «նոր» բառերից, որ նշանակում է Նոր տարի, տարին նորոգող: Իսկ Վանատուր անունը վանք և տուր բառերից է կազմված, որ նշանակում է «հյուրընկալ, հյուրասիրություն ցույց տվող»:

Ամանոր-Վանատուր անուններից բացի՝ բանահյուսության մեջ գործածվել է նաև մի այլ անուն՝ ամենաբեղ: Առաջին անգամ Կ. Կոստանյանն էր, որ այս անունը բխեցրել է Ագաթանգեղոսի՝ մեջբերված «ամենաբեր» բառից, որը ոչ թե Ամանոր-Վանատուրի անունն է, այլ նրա տիտղոսը:

Ամանոր-Վանատուրի մեհյանը գտնվում էր Բագրևանդի Բագավան-դիցավանում` Նպատ լեռան ստորոտում: Արձանի կամ պատկերի մասին հիշատակություն չկա: Տոնը, որ կատարվել է գարնանը կամ ամռանը, տևել է Նավասարդի 1-6-ը: Այստեղ հավաքվել են երկրի բոլոր ծայրերից և հարևան երկրներից եկող ուխտավորների բազմազանություններ:

Մ. Խորենացու հավաստմամբ՝ «Հայոց թագավոր Տիգրան վերջինը պատվել է իր եղբոր՝ Մաժան քրմապետի գերեզմանը Բագավանում, Բագրևանդ գավառում, գերեզմանի վրա բագին շինելով, որպեսզի այդտեղի զոհերից վայելեն բոլոր անցնորդները և հյուրեր ընդունվեն գիշերելու համար: Հետո Վաղարշն այդ տեղում ժողովրդական տոն սահմանեց Նոր տարվա սկզբին՝ Նավասարդի ամսագլխին»: Ենթադրվում է, որ Տիգրան Երրորդը Բագավանում հյուրանոց, իսկ ուխտավայր տանող ճանապարհների կարևոր լեռնանցքներում քարավանատներ է կառուցել, որպեսզի ուխտավորները դժվարություններ չքաշեին: Մեհենական հյուրանոցները ուխտավորներին տրամադրելը նպաստում էր նավասարդյան խաղերի կանոնավոր կազմակերպմանը, որոնք տևում էին մի ամբողջ շաբաթ և անցնում մեծ ցնծությամբ: Ավանդությունն ասում է, թե Արտաշես Երկրորդը մահից առաջ հիշել է Նավասարդի գեղեցիկ տոնը, որին ինքը և առհասարակ բոլոր թագավորներն ու նախարարները մասնակցում էին: Արտաշեսից մնացած խոսքում ասված է.

Ո՜ տայր ինձ զծուխ ծխանի

Եւ զառաւօտն Նաւասարդի,

Զվազելն եղանց և զվարգելն եղջերուաց.

Մեք փող հարուաք և թմբկի հարկանէաք,

Որպէս օրէն էր թագաւորաց:

Այս պատառիկից երևում է, որ նավասարդյան տոներին թագավորները եղջերուներ խաղացնելու, թերևս վազքի մրցում կազմակերպելու սովորություններ են ունեցել, որոնց ուղեկցում էին երգն ու նվագը: Դատելով XIX դարի տվյալներից՝ նավասարդյան տոներին տեղի էին ունենում ձիարշավներ, մականախաղեր, ձիագնդակի խաղեր, հետի գնդակախաղեր, մենամարտեր և այլն, որոնք Վանատուրին էին նվիրվում:

Գրիգոր Լուսավորիչն անտարբեր չի անցել նաև Բագավանի մեհյանների կողքով: Քրիստոնեությունը պետական կրոն հռչակելուց հետո, Վանատուրի տոնը խափանելու համար, Գրիգոր Լուսավորիչն այն փոխեց Ս.Կարապետի և Աթենոգինեա հիշատակի տոնով՝ տաճարները քանդելով և տեղում վանքեր կառուցելով:

«Ազատ Ձայն» լրատվականի նյութերն օգտագործելիս պարտադի՛ր նշեք սկզբնաղբյուրը նյութի հիպերակտիվ հղումով: