Հայկական կապիտալը Օսմանյան Կայսրությունում 19-20-րդ դարերում. Ո՞վ յուրացրեց հայկական հսկա կապիտալը…

85

Հայտնի իրողություն է, որ Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին Օսմանյան կայսրության  արտաքին ու ներքին առևտրում, արդյուաբերական արտադրության մեջ և բանկային գործերում հայերն ազդեցիկ դիրք էին գրավում: Արևմտահայ առևտրական բուրժուազիան, դրամատերերն ու արդյունաբերողները, շնորհիվ իրենց տաղանդի ու ձեռներեցության, նույնիսկ օսմանյան բռնատիրության ու կամայականությունների պայմաններում, կարողացել էին տեր դառնալ որոշակի հարստության, ստեղծել դրամական զգալի կուտակումներ:

Ըստ այդմ՝ հայերի տնտեսական բարձր դիրքը չէր կարող նախանձ և ատելություն չսերմանել նույն հայերի նկատմամբ: Հունական և հայկական բուրժուազիան ուժեղ դիրքեր ունենին ոչ միայն ծովափնյա քաղաքներում՝ Կ. Պոլսում, Իզմիրում և այլուր: Թուրքական բուրժուազիան հայկական բուրժուազիային զիջում էր նաև Անատոլիայի արևելյան վիլայեթներում և Կիլիկիայում:

Թուրքագետ Ա. Մյուլլերը գրում է.  «Նույնիսկ 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին թուրքերը չափազանց թույլ էին մասնակցում երկրում կապիտալիստական կացութաձևի զարգացմանը: Արդյունաբերական արտադրության մեջ, բանկային գործում, արտաքին և ներքին խոշոր առևտրում տիրապետում էին օտարերկրյա և այլազգի կապիտալիստները: Աննշան էր նաև թուրք ազգի բանվորների թիվը: Այսպիսով, կապիտալիստական հասարակարգի հիմնական դասակարգերի՝ բուրժուազիայի և պրոլետարիատի ձևավորումը օսմանյան ֆեոդալիզմի ընդերքում տեղի էր ունենում առանց թուրքերի ակտիվ մասնակցության»:

Երկրի տնտեսական երակները գլխավորապես հունական և հայկական բուրժուազիայի ձեռքում էին կենտրոնացված:

«Թուրքական խոշոր առևտրական բուրժուազիան , որն աճել ու ամրապնդվել էր մինչև իմպերիալիստական պատերազմը,- գրում է Մ. Պավլովիչը,- կազմված է գլխավորապես հույներից, հայերից և լևանտացիներից»:

Թուրքական բուրժուական ազգի կազմավորման պրոցեսն անհամեմատ ավելի դանաղ էր կատարվում, քան կայսրության բազմաթիվ այլ ազգերի մոտ:
Երկրի զարգացման կապիտալիստական կացութաձևում տարբեր ազգերի բուրժուազիայի գրաված դիրքը պարզելու նպատակով դիմենք թվական տվյալներին: Իհարկե, վերջիններս չեն կարող բացարձակ ճշմարիտ պատկերացում տալ այդ մարզում իրերի դրության վերաբերյալ: Սակայն նույնիսկ մտավոր համադրումներն օգնում են գաղափար կազմելու ուժերի փոխհարաբերության մասին: Սովետական հետազոտող-պատմաբան Գաբիդուլինը, հենվելով 1915 թվականի տվյալների վրա,- իսկ դրանք արդեն ի վնաս հայկական բուրժուազիայի կարող էին լինել,- տալիս է հետևյալ թվերը. արդյունաբերական ձեռնարկությունների՝ տեքստիլ, սննդի, թղթի, փայտամշակման, կերամիկայի, մետաղագործության և այլ գործարանների կապիտալի 50 տոկոսը պատկանում էր հունական բուրժուազիային, 20 տոկոսը՝ հայկական, 5 տոկոսը՝ հրեական, 10 տոկոսը՝ օտարերկրացի և 15 տոկոսը՝ թուրքական բուրժուազիային: Թուրքիայի ներմուծման 60 տոկոսը, արտահանման 40 տոկոսը և ներքին առևտրի 80 տոկոսը կատարվում էր հայ առևտրական բուրժուազիայի միջոցով:

Ավազի (Սեբաստիայի) վիլայեթում, որը բաղկացած էր Սեբաստիայի, Թոկատի, Ամասիայի և Շապին-Գարահիսայի գավառներից, 166 ներմուծող վաճառականներից միայն 13-ն էին թուրք, 12-ը՝ հույն, իսկ 141-ը հայեր էին: Արտահանմամբ զբաղվող 150 առևտրականներից 127-ը հայ էին և միայն 23-ը՝ թուրք: 9800 մանր առևտրականներից ու արհեստավորներից 6800-ը հայեր էին և միայն 2555-ը՝ թուրքեր և 150-ը՝ այլ ազգի ներկայացուցիչներ:

150 գործարաններից 130-ը պատկանում էին հայերին, 20-ը՝ թուրքերին և օտարերկրյա կամ խառն ընկերություններին: 17700 բանվորից 14000-ը հայեր էին և այլն: Մեկ այլ աղբյուրից տեղեկանում ենք, որ Արևմտյան Հայաստանում հայերն «իրենց ձեռքում էին պահում առևտրի ավելի քան 86 տոկոսը, զանազան ինդուստրիաների 69 տոկոսը»: Ինչ վերաբերում է խանութպաններին և արհեստավորներին, ապա նրանց 79 տոկոսը հայեր էին: Հայկական դպրոցները կազմում էին դպրոցների ընդհանուր թվի 84 տոկոսը: Համապատասխանաբար մեծ էր նաև հայ աշակերտների թիվը, թեև նրանք չէին օգտվում պետական օժանդակությունից:

Լուսավորության 785 հաստատություններ հայկական էին և ունեին 82 հազար աշակերտություն, այնինչ թուրքական դպրոցների թիվը հազիվ 150-ի էր հասնում, ընդամենը 17000 աշակերտներով: Ինչ վերաբերում է քրդերին, ապա նրանք փաստորեն ուսումնարաններ չունեին:

Ալ. Մյասնիկյանը 1913 թվականի դեկտեմբերին Մոսկվայում կարդացած իր մի դասախոսության մեջ նշում է, որ նույն Սվազի վիլայեթում թեև հայ բնակչությունը կազմում էր 35 տոկոս, բայց հայ առևտրականները կազմում էին բոլոր առևտրականների 85 տոկոսը, արհեստավորները՝ 70 տոկոսը, կապիտալիստական ձեռնարկությունների 85 տոկոսը պատկանում էր հայերին: Բանվորության 80 տոկոսը հայեր էին:

Նույնն էր պատկերը Վանի վիլայեթում, որտեղ հայերի ձեռքին էր առևտրի 98 տոկոսը: Ոսկերիչները, փորագրիչները, կահույքագործները, դերձակները, ջուլհակները, կոշկակարները, երկաթագործները, ատաղձագործները, որմնադիրները և այլ մասնագիտությունների ներկայացուցիչներ գերազանցապես հայեր էին: Ազատ պրոֆեսիաների հետևողների՝ բժիշկների, իրավաբանների, ճարտարապետների, դեղագործների և այլոց շարքում առաջնակարգ դիրք ունեին նույնպես հայ մասնագետները, իսկ թուրքերի թիվը սահմանափակ էր:

Ինչ վերաբերվում է բանվոր դասակարգին, ապա սխալ կլիներ կարծել, որ ոչ թուրք բուրժուազիան շահագործում էր  միայն թուրք բանվորությանը: Գործարանային և կիսաարդյունաբերական կյանքում ընդգրկված էին ավելի մեծ թվով ոչ թուրք պրոլետարներ և կիսապրոլետարներ: Ըստ Մյուլլերի տվյալների՝ 20-րդ դարի սկզբին Թուրքիայում հազիվ 40-50 հազար պրոլետար կար, որոնց մեջ թուրքերը փոքրամասնություն էին կազմում. Օրինակ Կ. Պոլսի ծխախոտի ֆաբրիկայի 2500 բանվորներից միայն 200-ն էին թուրք:

Ահա թե ինչ է գրում գերմանացի քաղաքագետ, դիվանագետ Պ. Ռոհրբախը. «Այսօրվա Տաճկաստանում, որ սեղմված է համարյա իր ասիական կալվածներում, հայերը շատ ավելի մեծ նշանակություն ունեն, քան ենթադրել է տալիս նրանց թիվը միայն. ոչ մի կասկած չկա, որ նրանք թե՛ իմացական և թե՛ նյութական տեսակետով ամենագործունյա տարրն են արևելյան բոլոր ժողովուրդների մեջ… Հայն օժտված է այնպիսի էներգիայով ու տոկունությամբ, որոնք հակասություն են կազմում ամենի հետ, որը սովոր ենք նկատել որպես արևելյան նկարագիր»:

Իսկ գահընկեց սուլթան Աբդուլ Համիդը իր հիշողություններում խոստովանել էր. «Բոլոր չարիքների արմատն այն է, որ ոչ մի օսմանլի չի աշխատում իրական արժեք արտադրելու համար…»:

Մի ամբողջ ժողովուրդ կողոպտելու համար նախևառաջ հարկ էր հայերի ունեցվածքը դարձնել տիրազուրկ: Այդ նպատակով երիտթուրքական իշխանությունները 1915 թ. հունիսի 1-ին հրապարակեցին «Տեղահանության օրենքը», որի գործադրմամբ 1.500.000 հայ բռնի տեղահանվեց ու բնաջնջվեց : 1915 թ. հունիսի 10-ին հրապարակվեց հայերի թողած գույքերի հետ վարվելու վերաբերյալ «Լքյալ գույքերի մասին» 34 հոդվածից  բաղկացած հրահանգները: 1915 թ. սեպտեմբերի 13-ին ընդունվեց « Լքյալ գույքերի մասին» ժամանակավոր օրենքը, իսկ հոկտեմբերի 26-ին` այդ օրենքի գործադրման համար կանոնադրությունը : Այսպիսով, օրինականացվեց հայերի անշարժ և շարժական գույքերի, ամբողջ հարստության բացահայտ կողոպուտն ու յուրացումը, որն արդեն իրականացվում էր Օսման յան կայսրության ողջ տարածքում: «Լքյալ գույքերի մասին» այս իրավական ակտերը ստեղծված էին ոչ թե հայերի իրավունքները պաշտպանելու, այլ զանգվածային թալանը զսպելու և պետական գանձանակը լցնելու նպատակով: Այս իրավական ակտե րի վրա կազմվեցին Լքյալ գույքերի հանձնաժողովներ, որոնք և կազմակերպեցին հայերի ունեցվածքի կողոպուտն ու յուրացումը:

Իրականում հայերի գույքերի բռնագրավումներն ու կողոպուտը սկիզբ էին առել զորակոչի մասին 1914 թ. հուլիսի 30-ի հայտարարության հետ միաժամանակ: Ռազմական հարկերի անվան տակ իշխանությունների և զինվորականների կողմից կատարվեց հայերի ունեցվածի բացահայտ կողոպուտ :

Հայերի լքյալ գույքերի մաս են կազմում նրանց՝ օտար ապահովագրական ընկերություններին ոսկեդրամով վճարված գումարները : ԱՄՆ-ի և եվրոպական երկրների 62 ապահովագրական ընկերություններ ունեցել են հայ հաճախորդներ: Այս ընկերությունների կողմից հայերի նկատմամբ ստանձնած ֆինանսական պարտականությունների կատարումը չի իրականացվել և յուրացվել են նրանց գումարները: Հայերի գումարները յուրացրեցին նաև Օսմանյան կայսրության տարածքում գործած օտար երկրների դրամատները, յուացումների գործում մեծ էր նաև հրեական բուրժուազիայի դերակատարությունը:

1914–1918 թթ. պետական բյուջեն, հակառակ պատերազմական ծանր պայմանների, աննախադեպ աճ է արձանագրել : Ահռելի ծախսեր պահանջող պատերազմը մասամբ մղվել է հայ ժողովրդի ունեցվածքի հափշտակման և դրա վաճառքից ստացած միջոցներով: Թուրքական Պատմագիտական ընկերությունը բացահայտել է, որ հայերից խլված 5.000.000 օսմանյան ոսկին, որը, ի դեպ, այսօրվա համարժեքով կազմում է 1.300.000.000  ֆունտ ստեռլինգ, երիտթուրքական իշխանությունները որպես ռազմատուգանք հանձնել են Առա- ջին համաշխարհային պատերազմում հաղթած պետություններին: Անգլիական հետախուզության տվյալների համաձայն՝ կայսրությունն իր արտաքին պարտքերի զգալի մասը վճարել է հայերի ունեցվածքի յուրացումից ստացած գումարներից:

Մեկ այլ թուրք պատմաբան Սաիդ Չեթինօղլին հավաստում է, որ այսօր իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության անդամների մեջ կան հայերի ունեցվածքը բռնագրավված անձանց զավակներ ու թոռներ, և որ այսօրվա Թուրքիայի Հանրապետության ազգային կապիտալի 35 տոկոսը կազմում է հայերից բռնագրավված հարստությունը: Օրինակ՝ Թուրքիայի Հանրապետության կառավարութ յունը այդ գումարներից 1929 թվականի տնտեսական ճգնաժամի սրման  ժամանակ պետական բյուջե է փոխանցել  300.000  լիրա: Նման փոխանցումներ կատարվել են նաև  հետագա տարիներին:

Աղբյուրներ՝

Ջոն Կիրակոսյան «Առաջին Համաշխարհային պատերազմը և արևմտահայությունը»

Գաբիդուլին

Ա. Միլլեր «Երիտթուրքական հեղափոխության 50-ամյակը»

Ա. Փափազյան. Թուրքական վավերագրական նյութեր Օսմանյան կայսրության ոչ մահմեդական ժողովուրդների մասին (1839–1915 թթ.)

Sait Cetinoglu, þSermayenin Turklestirilmesi, Resmi Tarih Tartışmaları – 2, Ed. Fikret Başkaya, ozgfr niversite Kitaplığı, 2006- Ankara, s.131.

Թուրքական պատմագրական ընկերությունն ընդունում է, որ Հայոց ցեղասպանության զոհերի գումարներով Թուրքիան ռազմատուգանք է վճարել դաշնակից պետություններին. http://akunq.net/am/?p=22581

Ն. Օգյուն. «Թուրք ազգայնականության արյունոտ տնտեսական քաղաքականությունը». http://akunq.net/hy/?p=3874

Պատրաստեց՝ Լիլիթ Մխիթարյանը

«Ազատ Ձայն» լրատվականի նյութերն օգտագործելիս պարտադի՛ր նշեք սկզբնաղբյուրը նյութի հիպերակտիվ հղումով: