Վան գավառի Հայկաբերդ (Չավուշ թեփե) ամրոցի շրջանում Վանի թագավորության ժամանակ կառուցված ստորգետնյա ջրահեռացման խողովակների համակարգ է հայտնաբերվել, հայտնում է Hurriye-ը:
Ջրահեռացման համակարգը գտնվում է բավականին մեծ խորության վրա, կառուցված է քարից, խողովակների լայնությունը 1 մ է, երկարությունը՝ 30 մ:
«Վանի թագավորության բնակիչները շատ մտածված էին կառուցում: Բոլոր շինությունները նրանք կառուցել են ըստ նախագծի: Երբ Վանի բնակիչները 2800 տարի առաջ սկսել են կառուցել քաղաքը, նրանք ղեկավարվել են խիստ կանոններով: Ինչը շատ կարևոր է մեզ համար: Սա ինժեներական հրաշք է: Վանի բնակիչները շատ քաղաքակիրթ էին, նրանց պալատներում կոյուղու համակարգ են ունեցել, որը կարելի է համեմատել ժամանակակից ջրահեռացման համակարգի հետ»,-ասել է գավառի համալսարանի հնագիտության բաժնի պրոֆեսոր, գիտական արշավախումբի ղեկավար Յուզյունջու Ռաֆետ Չավուշօղլուն:
Նշենք, որ Սարդուրիխինիլի (Հայկաբերդ) ամրոցը գտնվում է Մեծ Հայքի Վասպուրական նահանգի Հայոց Ձոր գավառում, Վան քաղաքից 50 կմ դեպի հարավ-արևելք Բողդաղ լեռնաշղթայի վրա: Բերդից ոչ հեռու գտնվում է Աստվածաշեն հայկական գյուղը: Այն հարավարևմտյան կողմում աստիճանաբար իջնում է դեպի Վանա լիճը թափվող Խոշաբ գետի հովիտը: