Հայի միակ մեղքն այն էր, որ չէր ցանկանում հրաժարվել իր ազգությունից. Յոզեֆ Մարկվարտը հայերի բնաջնջման մասին 1919թ.

31

«Ազատ Ձայն»-ն իր ընթերցողին է ներկայցնում գերմանացի նշանավոր արևելագետ և հայագետ պրոֆեսոր Յոզեֆ Մարկվարտի «Die Entshtehung und Wiederherstellung der Armenischen Nation» (Հայ ազգի վերականգնման հրատապությունը) գրքից մի հատված՝ երիտթուրքերի կողմից հայերի բնաջնջման  ծրագրի, Գերմանիայի վարած քաղաքականության և այդ երկրի մամուլի հակահայ քայլերի մասին: Գիրքը տպագրվել է Բեռլինում 1919թ-ին:

«… Նույնիսկ «Սահմանադրության» հռչակումից հետո օսմանյան քաղաքականության հիմնական կարգախոսը մնում էր «երբ չեն լինի հայերը, չի լինի նաև հայկական հարցը»: Ադանայի ահավոր կոտորածը ցույց տվեց, որ երիտթուրքերը, որ այնքան տարօրինակ իրենց համար լիբերալների վարկ էին ստեղծել Եվրոպայի հասարակական կարծիքի ոլորտում, իրենց կամայական դաժանությամբ ոչնչով չէին զիջում մեծ մարդասպան Աբդուլ Համիդին: 1910թ-ին Սալոնիկում կայացած իր համագումարում «Միություն և առաջադիմություն»  կոմիտեն ընդունել էր գաղտնի որոշում, որը հանգեցնում էր օսմանյան կայսրությունում թուրքերի ազգային միասնության ստեղծմանը այլացեղ տարրերին դուրս մղելու միջոցով: Բալկանյան պատերազմների շրջանում այդ ձգտումը խորացվում էր մեր համագերմանականների և գլխավոր շտաբի այն համակիրների հարաճուն աղմկոտ պահանջներով, որոնց կարծիքով Թուրքիան պետք է վերականգներ իր բանակի մարտունակությունը՝ նրանից հեռացնելով նախ և առաջ հայերին…

Օսմանյան կառավարությունը, անտարակույս, դեռ այն ժամանակ մոտալուտ համաշխարհային պատերազմը առավել նպաստավոր պահ էր համարում վաղուց ի վեր փայփայած ծրագրի վերջնական կենսագործման համար: Ջիհադը՝ ի պատիվ ալլահի սպանությունն ու կողոպուտը, մեղմ անվանված «սրբազան պատերազմը», որը Թուրքիան հռչակեց գերմանական կառավարության հրահրմամբ կամ, առնվազն, հավանությամբ, այդ սրբազան պատերազմը, որի հետ այստեղ այնքան մեծ հույսեր էին կապում, ունեցավ այն մեն մի հետևանքը, որ թուրքերին օգնեց իրականացնելու սպանությունների իրենց ծրագրերը՝ կազմակերպելու Արևելքի քրիստոնյաների, գլխավորապես հայերի գրեթե լիակատար բնաջնջումը:

Այդ դիվային միջոցառումներն արդարացնելու համար, որ մուսուլմանները ձեռնարկեցին նվաճված ժողովրդի նկատմամբ, որի միակ մեղքն այն էր, որ չէր ցանկանում հրաժարվել իր ազգությունից, չէր ցանկանում ընդունել մահմեդականություն, գերմանական մամուլը զրպարտիչ հաղորդումների հեղեղ տեղաց գերմանացի քաղքենու վրա, որոնք բխում էին մասամբ թուրքական աղբյուրներից, մասամբ էլ նույն այդ մամուլի հերյուրանքներն էին: Հայերին պատկերում էին ամենամռայլ գույներով՝ իբրև առևտրականների ու հանցավոր վաշխառուների խառնամբոխի, այն դեպքում, երբ «պանծալի օսմանյան դաշնակիցները», ինչպես որ բալկանյան պատերազմի շրջանում, երկինք էին հասցվում իրենց թվացյալ արիության համար: Իրականում դա սոսկ թմբկահարության նոր ալիք էր, որի աղմուկի ներքո փորձում էին խլացնել համիդյան ջարդերի զոհերի ճիչերը… Խժդժությունների և թուրքերի հանդեպ ստրկական հաճկատարության մեջ առաջնության դափնին, անշուշտ, պատկանում է «Դոյչե տագեսցայտունգի» տխրահռչակ Յոկային, որը հանդգնել էր ոչ միայն ներել ու հավանություն տալ հայերի բնաջնջմանը, այլև նույնիսկ աներկմտորեն արդարացնել դա: Մինչև 1918թ. հոկտեմբերը կառավարությունը խստագույնս արգելում էր ամեն տեսակ հայանպաստ հաղորդումները (գրքույկի կամ հոդվածի ձևով), թուրքական հերյուրանքների որևէ ուղղում, այն ամենը, ինչ կարող էր բացել հասարակության աչքերը իսկական իրադարձությունների վրա: Հայերի նկատմամբ կատարված գազանությունների մասին հազվադեպ թափանցող լուրերը ներկայացվում էին իբր մեր թշնամիների չարամիտ հերյուրանքնեը: «Քյոլնե ցայտունգը»՝ գերմանական այդ «Մատենը»,  նույնիսկ լկտիություն էր ունեցել պարզապես ժխտելու դոկտ. Մարտին Նիպագեի՝ «Դիմում գերմանական ժողովրդի ներկայացուցիչներին» վերնագրով տագնապահարույց գրքույկի հեղինակի գոյությունը:

Զինվորական մամուլի ծառայությանն առընթեր գրաքննության բաժնի կողմից 1917թ. սկզբներին հրատարակած գրաքննության գրքում այդ առթիվ հրահանգվող վարքագիծը շարադրված էր հետևյալ բառերով. «Հայերի նկատմամբ գործադրվող վայրագությունների մասին կարելի է ասել հետևյալը. այդ հարցերը, որոնք վերաբերում են ներքին վարչակազմին, ոչ միայն չպետք է սպառնալիքի տակ դնեն մեր բարեկամական հարաբերությունները Թուրքիայի հետ, այլև անհրաժեշտ է, որ այս ծանր պահին մենք ձեռնպահ մնանք անգամ դրանց քննարկումից: Ուստի մեր պարտականությունն է լռություն պահպանել: Հետագայում, եթե արտասահմանը Գերմանիային ուղղակի մեղադրի հանցակցության մեջ, հարկ կլինի քննարկել այդ հարցը, բայց մեծագույն զգուշավորությամբ  ու զսպվածությամբ, ամբողջ ժամանակ հայտարարելով, որ թուրքերը վտանգավոր կերպով հրահրվել էին հայերի կողմից: Ամենից լավ է լռություն պահպանել հայկական հարցում…»:

Գերմանական կառավարությունը գերմանական մամուլին թույլ էր տալիս տպագրել հայերի համար աննպաստ ամեն տեսակ ասեկոսներ ու ամեն կարգի հերյուրանքներ. նա սիստեմատիկաբար լռության էր մատնում այն բոլոր հաղորդումները, որ հայերի օգտին էին, ինչպես նաև հրապարակային հաղորդումներն այն մասին, ինչ իրականում տեղի էր ունենում Հայաստանում…»: