Հայերի Ցեղասպանությունը ծրագրված էր. Թուրք հոդվածագիր

17

Ներկայիս Թուրքիան, որպես հանրապետություն, գոյություն ունի 91 տարի: Հոկտեմբերի 29-ին Թուրքիան տոնում էր իր հերթական տարեդարձը: Թուրքիայի Հանրապետության անցած 9 տասնամյակներին անդրադարձել է թուրք հոդվածագիր Յըլմազ Մուրաթ Բիլիջանը: «T 24» կայքում հրապարակվել է նրա «Թուրքիայի Հանրապետության կարճ պատմությունը» հոդվածը, որտեղ մատնանշվում են երկրի արյունոտ ու ամոթալի էջերը: Գրում է Ermenihaber.am-ը:

600 տարվա կայսրությունից մնացած հողերի վրա 1923-ին հռչակվեց Թուրքիայի Հանրապետությունը: Ըստ Բիլիջանի` դեռևս երիտթուրքերի ժամանակներից խնդիր էր դրված ստեղծել պետություն մեկ ինքնության շուրջ, որը պետք է լիներ թուրքական: Այլ էթնիկ փոքրամասնությունները կամ զտվելու էին, կամ ձուլվելու, կամ էլ հեռացվելու էին:

«Ծրագրված էր 1914-20- ական թթ.-ին ասորիներին, 1915թ.-ին էլ հայերին ենթարկել ցեղասպանության, որը հաջողությամբ իրականացվեց»,- նշում է Բիլիջանը:

Բացի բնակչությանը թուրքացնելուց՝ որոշված էր նաև թուրքականացնել երկրի տնտեսությունը: Հոդվածագիրը նկատում է, որ դրա համար տնտեսության մեջ էական դերակատարում ունեցող ոչ մահմեդական զանգվածներին՝ հայեր, հույներ և այլն  կամ հրի և սրի մատնվեցին, կամ ժամանակ տվեցին, որպեսզի նրանք հեռանան: Սկսեցին Իզմիրից (Զմյուռնիա): Օրեր շարունակ Իզմիրը կրակների մեջ վառվում էր: Տեղի հայ և հույն բնակչությունից գրեթե մարդ չմնաց:

«Երկու ամսվա ընթացքում տարածքը «մաքրեցինք» նրանցից և մեզ հպարտ զգացինք: Այնուհետև ունեցվածքի հարկ մտցրինք: Ազգությամբ հայ և հույն քաղաքացիներից մեկ առ մեկ խլեցինք իրենց ունեցվածքը»:

Հետո  սկսվեց պարտադրաբար թուրքերեն լեզվով խոսելու արշավ: Պետության բնակչությունը տեսակավորվեց երեք խմբի` թուրք, քուրդ և ոչ մուսուլման, և բոլորին պարտադրվեց խոսել միմիայն թուրքերեն: Այնուհետև վրա հասան 1955թ. սեպտեմբերյան աղետալի դեպքերը:

Թուրք բլոգերը պատմում է, թե ինչպես կոտորվեցին ու կողոպտվեցին Իզմիրի հույները, հայերը: Դրանից հետո ողջ մնացած ոչ մահմեդականների մի զգալի մասը լքեց Թուրքիան: Հեղինակը հիշեցնում է, որ այդպիսի էթնիկ զտումներ անելով, հանրապետական Թուրքիայի իշխանությունները, ըստ էության, շարունակեցին արթուն պահել երիտթուրքերի ոգին:

Բլոգերն ամփոփում է, որ Թուրքիան այդպես էլ դեմոկրատական պետություն չդարձավ, 91 տարի է ողջ ու առողջ ոտքի վրա է: