Հայերի ունեզրկման գործընթացը Օսմանյան կայսրությունում

71

«Ազատ Ձայն»-ն իր ընթերցողին է ներկայացնում Հայոց Ցեղասպանության կազմակերպման և հայերի ունեցվածքի բռնազավթման գործընթացը ներկայացնող որոշ փաստեր, ինչից պարզ է դառնում, որ Օսմանյան կայրսրությունը հայերի գույքի բռնագրավման շնորհիվ պատերազմներ է մղել, օտարերկրյա բանկերում մեծ ներդրումներ կատարել:

1913-ին ամբողջ աշխարհում հաշվվում էր 3 մլն 665 հազար հայ, որից 2 մլն 100 հազարը Օսմանյան Կայսրությունում, 1.5 միլիոնը Ռուսաստանում, 80 հազարը Պարսկաստաում, 50 հազարը Ամերիկայում և 50 հազարն այլ երկրներում: Սրանք Լեփսիսուսի հրապարակած թվերն են «Դեր քրիստլիխե օրիեն» հանդեսի 1913-ի մայիս-հունիսի համարում:

Էրզրումի, Վանի, Բիթլիսի, Խարբերդի, Սվասի և Դիարբեքիրի շրջաններում հայերը կազմում էին բակչության 38.9% , մինչդեռ թուրքերը՝ 25,2, քրդերը՝ 16,3 տոկոսը, իսկ մնացածը ասորիներ էին, հույներ, պարսիկներ, լազեր, չերքեզներ: Լեփսիսուսն ընդունում էր, որ թվով հայերը «այս շրջաններում ամենից գերակշռողն էին»: Նա ցույց էր տալիս, որ Փոքր Հայքում և Կիլիկիայում հայերի թիվը 318 հազար էր, Այնթափում՝ 24 հազար, Մարաշում՝ 20 հազար, Զեյթունում՝ 23 հազար:

Հայոց դերը ինչպես բուն կայսրությունում, այնպես և հարևան Անդրկովկասում վերելք էր ապրում:

1911-ի տվյալերով՝ հակառակ իթթիհադի հակահայկական կրթական հետապնդումներին, ամբողջ Արևմտյան Հայաստանի մեջ գործում էր 1083 վարժարան, 80  հազար աշակերտներով և 30 հազար աշակերտուհիներով: Այն ժամանակ Օսմանյան կայսրությունում կային 1388 հայկական եկեղեցի, 134 վանք: Միայն Կիլիկիո աթոռին ենթակա եկեղեցիների թիվը 222 էր, իսկ վանքերինը՝ 12:

Հայերը գերակշիռ դեր են ունեցել Օսմանյան կայսրության տնտեսության և առևտրի մեջ:

Մրցակցությունը տնտեսական հողի վրա էր: Հայերը, հույները, հրեաներն իրենց մեջ էին բաժանել երկրի ներմուծման ու արտահանման ամբողջ գործը: Մինչդեռ թուրքերը վեր չէին բարձրացել պարզունակ ու փոքր խանութպանությունից:

Հակամարտությունը տեղի էր ունենում երկրի տնտեսության մեջ զգալի դիրքեր նվաճած հայկական առևտրական բուժուազիայի և տակավին նոր վեր բարձրացող, թույլ թուրքական բուրժուազիայի միջև, որն օգտագործում էր ինչպես թուրքական զանգվածի կրոնական մոլեռանդությունը, այնպես և պանթուրքիզմը՝ իր ճանապարհից ուժեղ մրցակցին վերացնելու համար:

Ամերկացի  Ջոզեֆ Գութմանը մասնավորապես այս խնդրի վրա է շեշտը դնում, երբ փորձում է բացատրել ու մեկնաբանել երիտթուրքերի կազմակերպած հայոց ցեղասպանությունը: Ըստ նրա՝ թուրքական ներմուծման 60, արտահանման 40 և ներքին առևտրի 80 տոկոսը կատարվում էր հայերի միջոցով:

Տրապիզոնի նահանգում 150 արտահանողներից 127-ը, 166 ներկրողներից 144-ը հայեր են եղել, 9800 խանութպաններից 6800-ը նույնպես հայեր են եղել1 և այսպես տնտեսության բոլոր բնագավառներում:

Եվ զարմանալի չէ, որ Հայոց ցեղասպանությունը ուղեկցվեց հայերի շարժական և անշարժ գույքի կողոպուտով:

Բազմաթիվ են թե/ վերապրողների, թե՛ Օսմանյան կայսրության տարածքում գործած օտար դիվանագետների զեկուցագրերում և թե՛ թուրքական աղբյուրներում առկա վկայություններն առ այն, որ հայ ժողովրդի անհատական և հավաքական ունեցվածքի յուրացումը պետության կողմից ծրագրավորված էր, և որ հայերի ունեզրկումը հայ ժողովրդի բնաջնջման ծրագրում եղել է կարևոր գործոն:

500 հազար հայ ընտանիքների սեփականությունը, որը շատերի դարավոր քրտինքի արդյունքն ու խնայողությունն էր, կողոպտվեց և յուրացվեց: Գերմանացի պետական և քաղաքական գործիչ Գուստավ Շթրեզեմանը Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին ճամփորդել է Բալկանյան երկրներում և Օսմանյան կայսրությունում: Նա ռազմական նախարար Էնվերի հետ 1916 թվականի հունվարի 26-ին կայացած հանդիպման մասին գրառում է թողել ճանապարհորդական իր օրագրի մեջ, ուր ասվում է, թե Էնվերը նրան տեղեկացրել է, որ արդեն մեկից մինչև մեկ ու կես միլիոն հայ է սպանված: Նա Գուստավ Շթրեզեմանին տեղեկացրել է նաև, որ իշխանությունները բռնագրավել են 800 հազարից 1մլն հայերի ունեցվածքը:

Մինչև տեղահանությունը Պրուսիայում և շրջակայքում գոյություն ուներ 50 մետաքսի արտադրություն, որոնցից 40-ը պատկանում էր հայերին: Զինադադարից հետո հայերը կարողացան տեր դառնալ այդ արտադրություններից միայն երեքին և գործարկել դրանք39:

Իզմիրի աղետի մասին 1922 թվականի սեպտեմբերի 20-ին Աթենքի Christian Science Monitor լրատվական գործակալությունը հայտնում էր, որ Մուստաֆա Քեմալը Իզմիրը հրդեհելուց առաջ թալանել է տվել քաղաքի պահեստները, խանութները և տները: Նա Անկարա է փոխադրել այդ ավարը, որի արժեքն է 200 մլն անգլիական ոսկի:

Նույն Քեմալը հայերի և հույների մնացած ապրանքները ցուցակագրել և փոխանցվել է բանակին: Իսկ Իզմիրի մաքսատանը կատարված քննության համաձայն, այնտեղ 500 հազար ոսկու արժողությամբ անտեր ապրանք է գտնվել:

Հետաքրքական է, որ պետական բյուջեն, հակառակ պատերազմական ծանր պայմաններին, 1913-1914 տարեշրջանում շուրջ 35 միլիոն օսմանյան ոսկի, 1915-1916թթ.՝ 38 միլիոն, իսկ 1917-1918թթ. այն հասավ 85 միլիոնի: Իսկ 1918 թվականին առաջին անգամ երիտթուրքական իշխանությունները թողարկեցին 19 միլիոն օսմանյան ոսկուն համարժեք արժեթղթեր: Այստեղից ակնհայտ է դառնում, որ պատերազմը  մղվել է ցեղասպանության դատապարտված հայ ժողովրդի ունեցվածքի հափշտակման և դրա վաճառքից ստացած միջոցներով:

Կարևոր վկայություն է Մեծ Բրիտանիայի Արտաքին գործերի նախարարի տեղակալ Ու. Լանգլիի՝ Էդ. Գրեյին և ֆինանսների նախարարին ներկայացրած «Թուրքիայի ֆինանսական կացությունը» վենագիրը կրող զեկուցագիրը: Փաստաթուղթը ստացվել էր Օսմանյան կայսերական բանկի Կ.Պոլսի կառավարչից, իսկ տեղեկությունը Թուրքիայից հնարավոր էր դարձել դուրս բերել բանկից վտարված իտալացի աշխատակիցներից մեկի միջոցով: Այստեղ մասնավորապես ասված էր. «Օսմանյան կառավարությունը հուլիս ամսին թողարկեց 5մլն թուրքական ֆունտ արժողությամբ գանձապետական պարտամուրհակներ: Այս պարտամուրհակներն ապահովագրված էին ոսկով՝ պահ տրված Բեռլինում և Վիեննայում: Միևնույն ժամանակ գերմանական կառավարությունը Բեռլինում Օսմանյան կառավարության տրամադրության տակ էր դրել 1.500.000 ֆունտ, որպեսզի այն վճարի Գերմանիայի զինագործական ձեռնարկություններին՝ կատարված պատվերների համար: Ինչ վերաբերում էր օսմանյան պաշտոնական պարտքին, բանկը ստացել էր հետևյալ տեղեկությունը. Թուրքիայի 750 հազար ֆունտ պարտքը “Deutsche Bank”-ին մարվեց 450 հազար ֆունտի չափով, իսկ մնացած 300 հազարը պետք է վճարվեր այն բանից հետո, երբ հնարավոր կլիներ դա հավաքել նահանգներից»:

Գերմանական աղբյուրների համաձայն՝ 1916 թվականի արդյունքում Թուրքիան հայերից թալանած և բռնազավթած միջոցներից, որպես արտարժույթ, Բեռլին է փոխանցել և գերմանական բանկերում ի պահ է տվել 100 միլիոն ոսկե մարկ: Նույն աղբյուրի հիման վրա՝ այդ գումարը զինադադարի ստորագրումից հետո առգրավվել է Անտանտի կողմից: Էկոնոմիկայի նախարար Ջավիդ Բեյն իր հուշերում գրել է, որ 1918 թվականի նոյեմբերին կարգադրություն է արել հայերի լքյալ գույքերի իրացումից գոյացած գումարներից օգտագործել 1 միլիոն թուրքական ֆունտ:

Աղբյուրներ՝

Ջոն Կիրակոսյան, «Երիտթուրքերը պատմության դատաստանի առաջ»

Անահիտ Աստոյան, «Հայերի ունեզրկումը Թուրքիայում 1918-1923 թթ.»

Յուրի Բարսեղով, «Հայերի ցեղասպանության համար»

Ջոն Կիրակոսյան, «Հայաստանը միջազգային դիվանագիտության և սովետական ար-
տաքին քաղաքականության փաստաթղթերում (1828-1923)»

Լեփսիուս, «Գաղտնի տեղեկագիր Հայաստանի ջարդերուն»

«Ազատ Ձայն» լրատվականի նյութերն օգտագործելիս պարտադի՛ր նշեք սկզբնաղբյուրը նյութի հիպերակտիվ հղումով: