Թուրքական Gazete Karınca կայքն անդրադարձել է Հայաստան–Թուրքիա ներկայիս սահմանից ընդամենը 50 մետր հեռավորության վրա գտնվող հայկական Կարս նահանգի Քիլիթթաշ գյուղին։
Թերթը գրում է, որ Հայոց ցեղասպանությունից հետո լքված հայկական տները բնակեցվել են հարևան բնակավայրերից բերված քրդերով, որոնք էլ դարձել են թե՛ հայերի տների, թե՛ եկեղեցիների նոր տերերը։
Կարսի Դիգոր շրջանի մեջ մտնող այս բնակավայրը ուշադրություն է գրավում իր յուրահատուկ գեղեցիկ բնությամբ։ Պատմական հայկական գյուղն ու այսօրվա Հայաստանը միմյանցից բաժանվում են Արաքս գետով։ Գյուղն ինքը կառուցվել է Արաքսի ափին՝ շուրջ 300 մետր խորությամբ ձորի մեջ։ Այստեղ ընդամենը 40 տնտեսություն կա։
Տեղի ներկայիս բնակիչները պատմում են, որ վերջին հարյուր տարվա ընթացքում Քիլիթթաշում որևէ նոր տուն չի կառուցվել. բոլորը բնակվում են հայերի թողած տներում․ «Մենք մինչ օրս հայերի տանիքների տակ ենք ապրում», – խոստովանում են քրդերը։