Խաչի և սվաստիկայի հնագույն արմատները

68

«Ազատ Ձայն» ն իր ընթերցողին է ներկայացնում  խաչին և սվաստիկային նվիրված մի հոդված, որտեղ խոսվում է խաչի վաղագույն արմատների մասին, որ այն կարևոր դերակատարություն է ունեցել հայոց հնագույն հավատալիքներում և պաշտամունքներում, միստիկական վարդապետություններում և ամենևին էլ քրիստոնեության շրջանում ձևավորված պատկեր չէ: Եվ որ սվաստիկան նույն խաչն է պարզապես հնագույն շրջանում այդ ձևով է արտահայտվել և պատերվել: Բացի այդ սվաստիկան ժամանակի ընթացքում տարբեր կերպ է մեկնաբանվել և չափազանց հակագիտական է այն ընկալել որպես ֆաշիզմի խորհրդանշան:

Ըստ այդմ՝ երկրաչափական զարդանկարների շարքում  առանձնահատուկ նշանակություն ունեն խաչի ու սվաստիկայի նկարները, որոնք բավական հաճախ են երևում հնադարյան արվեստի մեջ:

Հայկական լեռնաշխարհի հնագիտական մի շարք պեղածոների վրա, այն է՝ բրոնզե գոտիների, կավե անոթների և իբրև զարդարաք ծառայող մեդալյոնների զարդանկարներում գտնում ենք խաչի նկարները: Երբեմն էլ մանր խաչերի շարան էր հորինվում, որն իբրև ժապավեն զարդարում էր զգեստների քղանցքները կամ շենքերի որմերի ծոփորները: Այդ կողմից հետաքրքիր են Ժակ-Մորգանի հայտաբերումները Լալվարի (Լոռի) պեղումներից, որոնք վերաբերում են բրոնզեդարյան վերջին շրջանին: Արդյո՞ք այստեղ խաչը հանդես է գալիս իբրև սոսկ զարդանկարային տեսագիծ, թե՞ խորհրդավոր նշանակ: Այս հարցին դժվար է պատասխանել. ամենանախնական խաչը, ամենայն հավանականությամբ ծագել է որպես սոսկ զարդանկար, այն էլ՝ երկրաչափական: Նա գոյացել է երկու ուղիղ, հորիզոնական և ուղղահայաց գծերի հատումով և սկզբում, անշուշտ, ոչ մի խորհրդավոր նշանակություն կամ գաղափար չի պարունակել:

Հիրավի, խաչի ձևերը, ինչպես վկայում են հնագիտական տվյալները, գոյություն են ունեցել տակավին քարեդարյան պատկերների մեջ: Խաչի պատկեր հայտնաբերվել է Բրեզեում  (Ֆրանսիայում, Մենի և Լուարայի մարզերում) հայտնաբերված դամբարանների սալաքարերի վրա: Բուրժե լճի պալաֆիտներում (ցցավոր շենքեր) գտնված կավե ամանների վրա և այլն, որոնք նեոլիթյան հնագույն ժամանակաշրջանից են: Խաչի պատկերներն ավելի մեծ տարածում են գտել վաղագույն մետաղե դարերում՝ թե կենցաղային պարագաների (ամաններ, զգեստներ, զարդարանքներ և այլն) վրա և թե մանավանդ արդեն իբրև խորհրդանիշ, մոգական առարկա:

Եգիպտական հնագույն թագավորները, ինչպես ակներև է հնադարյան պատկերներից, կրծքին կամ վզին կրում էին բրոնզե խաչեր, իբրև աստվածային նշան. նմանապես խաչերով էին զարդաված նրանց զգեստները: Հին եգիպտական աստվածներ՝ Շուն, Հորուսը և Իզիսը պատկերվում էին խաչով: Հին Հռոմում վեստալուհիները  (կույս –քրմուհիները), ովքեր տաճարում պահպանում էին անշեջ կրակը, իրենց վզին կրում էին խաչ: Հին հռոմեական զինվորների զենքերի վրա պատկերված էին լինում խաչեր: Վերջապես, հին հունական, հռոմեական, եգիպտական, փյունիկյան, փոքր-ասիական (Միհրդատ ) դրամների վրա դրոշմված էին լինում խաչեր: Խաչի համատարած լինելու մասին կարելի էր արխայիկ շրջանից բազմաթիվ այլ օրինակներ հիշատակել:

Իր սկզբնական շրջանում խաչը, ինչպես ասացինք, ծառայում էր որպես զարդ: Հետագայում միայն, երբ սկիզբ է առնում կրակի և ապա արևի պաշտամունքը, խաչը դառնում է խորհրդավոր նշանակ, մոգական միջոց և այնուհետև՝ կրոնական պատկանելիք տակավին հազարավոր տարիներ քրիստոնեությունից առաջ: Քանի որ բոլոր վկայությունները պարզորոշ ապացուցում են, որ խաչը քրիստոնեական ծագում չունի, ինչպես ճգնում են հավաստել քրիստոնեական եկեղեցու վադապետները: Խաչը քրիստոնեության մեջ ի հայտ է եկել 4-րդ դարում, թերևս 5-րդ դարի սկզբներին՝ այն էլ փոխանցվելով միհրականությունից, ուր խաչն ուներ սրբազան, խորհրդավոր նշանակություն: Խաչի գործածությունը զանազան հին ժողովուրդների հնագույն հավատալիքներում և պաշտամունքներում, միստիկական վարդապետություններում բացատրվում էր նրանով, որ այդ հավատալիքների և ուսմունքների կենտրոնում խաչի մեջ տեսնում էին բնության ստեղծագրծող էության նշանաբանը, հարության ու նոր կյանքի նշանակը, որ արտահայտությունն էր արևի, ջերմության, ուրեմն և սրա նյութեղեն երևույթի՝ կրակի, որ գոյանում էր երկու խաչաձև փայտե ձողիկներ իրար քսելուց:

Ինչպես նշեցինք, խաչի գաղափարը սերտ աղերս  է ստանում կրակն արհեստականորեն գոյացնելու գործողության հետ: Եվ ահա երկու խաչաձև գծերը այլաբանորեն պատկերացնում էին այն երկու փայտե ձողիկները (arani), որոնք խորը հնում  հնդիկների մեջ գործածվում էին կրակ արտադրելու համար: Ուրեմն խաչի կրոնա-պաշտամունքային նշանակությունն իր ծագումով առաջանում է սոցիալ-տնտեսական նախադրյալներից:

Սակայն բրոնզե դարից սկսած՝ խաչը խորհրդավոր ու միստիկ նշանակություն է ստանում մի այլ ձևով: Դա սվաստիկան է, այսինքն նույն խաչը, որ 4 թևերի բոլոր ծայրերը ուղիղ անկյունով ծռվում են դեպի աջ, կամ դեպի ձախ: Ահա այդ սվաստիկայի նկարները  գտնում ենք նաև Հայկական լեռնաշխարհի պեղումների շնորհիվ: Երվ. Լալայանը Զաղալուի հնադարյան դամբարաններում (Սևանի շրջան) գտել է երկու հատ բրոնզե փոքրիկ սվաստիկա՝ թաղված կմախքների կրծքի վրայից: Սվաստիկայի պատկերներ է հայտնաբերել Ժակ-Մորգանը Շեյթան Դաղի և Ախթալայի դամբարանների պեղածոների վրա: Այդ պատկերներից երկուսը փորագրված են գնդասեղի գլուխների վրա, իսկ երրորդը՝ կավե մի թասի հատակին: Սվաստիկայի պատկերներ կան նաև Մեծամորից հայտնաբերված ոսկյա գոտիների վրա և այլն: Չմոռանանք նաև, որ սվաստիկա պատկերված է նաև մեր ժայռապատկերներում, որոնք թվագրվում են մինչև մ.թ.ա. 10-րդ հազարամյակ: Գետաբեկի և  Ղալաքենդի պեղումներից հայտնաբորված բրոնզե գոտիների վրա ևս պատկերված են սվաստիկաներ:

Վերը բերված օրինակները սվաստիկայի ամենապարզ ու տարրական ձևերն են, որոնք ներկայումս էլ գործածական են մի քանի ժողովուրդների մեջ: Սակայն սվաստիկան մշտապես չի պահպանել իր այդ ձևը: Նա ենթարկվել է ձևափոխությունների, ստանալով ավելի բարդ տեսք, որն անշուշտ հետագա ժամանակի երևույթ է և ներկայացնում է արվեստի զարգացման հետագա աստիճանները: Այդպիսի բարդ սվաստիկայի մի ձև գտնվել է Անիի պարիսպների վրա:

Սվաստիկայի բազմաթիվ օրինակներ հայտնաբերվել են Փոքր Ասիայի, միջերկրածովյան կղզիների, Բալկանյան թերակղզու, Իտալիայի հնավայրերում հանված կավե ամանների, բրոնզի զարդաքանդակների, արձանիկների վրա և այլն:

 Հոդվածում օգտագործվել են պրոֆեսոր Խ. Սամուելյանի աշխատությունից հատվածներ 

«Ազատ Ձայն» լրատվականինյութերնօգտագործելիսպարտադի՛րնշեքսկզբնաղբյուրընյութիհիպերակտիվհղումով: