Թե ինչպես ավերվեցին Միհրի տաճարները

Նախաքրիստոնեական Հայաստանում գործող բոլոր սրբավայրերը անխնա ավերվեցին և թալանվեցին քրիստոնեության ընդունումից հետո Գրիգոր Լուսավորչի և իր համախոհների ձեռքով: Գաղտնիք չէ, որ ավերված տաճարների վրա կառուցվեցին եկեղեցիներ, սակայն որքան էլ փորձեցին ոչնչացնել հայոց հնագույն հավատքի հիմքերը, միևնույն է, տաճարի հիմքերն իրենց մասին հիշեցնում են:

Ըստ այդմ՝ հայտնի է, որ Միհրի տաճարը կանգնեցված էր Բագառիճում՝ Եկեղյաց և Դարանաղյաց գավառներին սահմանակից Դերջան գավառում, որտեղ ինչպես գյուղի անունից է գուշակվում, կային նաև այլ կուռքերի բագիններ: Գրիգորը հայոց Միհր աստծո տաճարը Բագառիճում ավերեց ու կուտակված գանձը կողոպտեց:

Ղևոնդ Ալիշանը գրում է, որ Գրիգոր Լուսավորիչը «գայր հասանէր ի Մրհական մեհեանն անուանեալ որդւոյն Արամազդայ, և… ի հիմանց բրեալ խլէին, և զգանձս մթերեալս աւար հարկանէին և զտեղիսն նուրիէին եկեղեցւոյ»:

Ներկայումս ենթադրում են, որ այս մեհյանի տեղը նույն անունը կրող գյուղում բարձրացած քարաբլուրի արևելյան կողմում է, որտեղ փորված են երեք փոքրիկ քարանձավներ, դրսում էլ գավիթ: Բլուրի գագաթին, որտեղ բուն բագինն է եղել, երևում են հիմքերի նշաններ:

Գեղարդի ժայռափոր վանական համալիրի տեղում կանգնած է եղել Միհրի մեհյանը, դա են վկայում գոյություն ունեցող ցուլի և անգղի բարձրաքանակները: Անգղը, որի ճիրաններում խոյն է ընկճվել, մեր հնագույն Ռազմի հաղթանակի աստվածության խորհրդանիշն էր: Քրիստոնեության ընդունումից հետո այս տաճարը ևս վերափոխվեց քրիստոնեական եկեղեցու:

Խոր Վիրապի Սուրբ Աստվածածին եկեղեցին կառուցվել է հնագույն տաճարի հիմքի վրա: Պեղումները ցույց են տվել, որ այստեղ եղել է ոչ միայն Անահիտի տաճարը, այլև Միհրի, որը հին քաղաքի ամենակարևոր մեհյաններից մեկն է եղել: Այն պատված էր մարմարով ու պղնձե թիթեղներով, գանձարանը լի էր ոսկով ու արծաթով:

Միհրի տաճար եղել է Մեծ Հայքի Այրարատ նահանգի Արագածոտն գավառի Վաղարշապատ քաղաքում։ 4-րդ դարում Հայաստանում քրիստոնեությունն պետական կրոն ընդունելիս տաճարն ավերվել է, և տեղը կառուցվել է Սուրբ Հռիփսիմե եկեղեցին։

Մեկ այլ տաճար՝ նվիրված Միհրին կանգնեցված է եղել Մեծ Հայքի Վասպուրական նահանգի Գողթան գավառի Որդուար քաղաքում։ Տեղանքն այժմյան Ադրբեջանի տարածքում է:

Միհրի մեհյան եղել է Մեծ Հայքի Բարձր Հայք նահանգի Եկեղյաց գավառի Երիզա ավանում, որն այժմ Երզնկա քաղաքն է: Ավերվել է 4-րդ դարում Հայաստանում քրիստոնեության ժամանակ:

Հայտնի է՝ Գառնիի տաճարը ևս Միհրին էր նվիրված: Նշվում է, որ Գառնիի տաճարը հար նման էր Հունաստանի Ագորայի Հեփեստոսի տաճարին, և Գրիգորը, Գառնիի տաճարը համարելով Հեփեստոսի տաճար, այն չավերեց: Սակայն Գառնիի տաճարի սյունազարդ ոճը հին հայկական ճարտարապետական ոճի շարունակությունն է, այլ ոչ թե զութ հռոմեական ոճով շինություն, այդ է վկայում Մուսասիրի Խալդի աստծո տաճարի կառույցի ճարտարապետական ձևը, որը կառուցվել է մ.թ.ա. 9-րդ դարում Մենուայի կողմից մ.թ.ա. 810-785թթ.: Նշանակում է հայկական այսպիսի սյունազարդ տաճարների շինարարական ոճը Միհրի պաշտամունքի հետ տարածվելով Եվրոպա՝ նախատիպ հանդիսացավ հետագա հունա-հռոմեական տաճարների դասական ոճի:

1977թ-ի Դվինի պեղումներից հայտնաբերված զոհասեղանի շնորհիվ, բացի մատենագիտական տվյալները, հաստատվում է, որ Դվինում եղել է Միհրի տաճար: Դվինի թանգարանում պահվում է մի հուշարձան, որ հայտնաբերվել է Դվին քաղաքի տարածքից: Դա որձաքարե մի զոհասեղան է՝ 55 սմ բարձրությամբ: Զոհասեղանի յուրաքանչյուր կողմի մակերեսի կենտրոնում քանդակված են տարբեր պատկերներ. մի կողմում ուռուցիկ մակերեսով սկավառակ, որի կենտրոնը փոս է ընկած, հակառակ կողմում՝ պատվանդանին կանգնած թռչուն, մյուսում՝ ցլի գլուխ, կիսալուսնաձև եղջյուրներով, իսկ չորրորդ կողմում՝ կարիճ: Քննարկվող հուշարձանի էությունը բացահայտվում է բարձրաքանդակ պատկերների շնորհիվ, որոնք ապացուցում են, որ դա Միհրի տաճարին պատկանող զոհասեղան է եղել:

Այսինքն՝ բացի վերոնշյալ Միհրի տաճարներից Դվինում ևս Միհրին նվիրված սրբատեղի է եղել, որն ըստ պատմական տվյալների՝ Տրդատ Ա թագավորի ժամանակաշրջանի մի կառույց է:

Աղբյուրներ՝

Ղևոնդ Ալիշան, «Հայոց հին հավատքը կամ հեթանոսական կրոնը»

Ստեփան Մելիք-Բախշյան, «Հայոց պաշտամունքային վայրեր»

Հովիկ Ներսիսյան, «Հայագիտական Ուսումնասիրություններ»

«Ազատ Ձայն» լրատվականինյութերնօգտագործելիսպարտադի՛րնշեքսկզբնաղբյուրընյութիհիպերակտիվհղումով: