Բեռլին: 1921 թվականի մարտի 15-ին Շարլոտենբուրգում, Հարդենբերգ փողոց. ատրճանակից արձակված մի գնդակով կատարվել է սպանություն:
-Ո՞վ է սպանվել:
– Սպանվել է մի մեծ ոճրագործ, քաղաքական մի մարդասպան, թուրք մի ճիվաղ:
-Ո՞վ է սպանել:
– Երիտասարդ մի հայ, ուսանող:
-Ո՞վ է սպանվել:
-Սպանվել է մեկը, որ արժանի է եղել մահապատժի:
Դատավոր. – Հանցավո՞ր է ամբաստանյալ Սողոմոն Թեհլերյանը` ծնված 2 ապրիլի, 1896 թվականին, ի Բագառիճ, թրքահպատակ և հայ բողոքական, 1921 թվականի մարտի 15-ին Շարլոտենբուրգում մի մարդու` Թալեաթ փաշային սպանելու համար:
Ատենակալ – Պատվով ու խղճով վկայում եմ երդվյալների որոշումը` Ոչ:
«Սողոմոն Թեհլերյանի դատավարությունը» (սղագրություն) գրքից մի փոքրիկ հատված:
1896թ.-ի ապրիլի 2-ին Ներքին Բագառիճ գյուղում (Արևմտյան Հայաստան) ծնվեց ազգային հերոս Սողոմոն Թեհլերյանը (Թեհլիրեան): Թեհլերյանի անունը մշտապես գրվեց պատմության էջերում երիտթուրքերի ներքին գործերի նախարար և Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչ, 1.5 մլն զոհված հայերի պատասխանատուին՝ Թալեաթ փաշային, գնդակահարելու համար։ Առաջին Համաշխարհային պատերազմը սկսվելուն պես Թեհլերյանը մեկնել է Հայաստան, ուր մասնակցել է կամավորական շարժմանը Անդրանիկի գնդում։ 1915թ. Թեհլերյանը Հայոց ցեղասպանությունը վերապրողներից է: 1921թ. նա մասնակցել է Դաշնակցության «Նեմեսիս» գործողությանը՝ առաջադրանք ստանալով սպանել Եղեռնի գլխավոր կազմակերպչին՝ Թալեաթ փաշային։ Նույն տարվա մարտի 15-ին Բեռլինի Շառլոտենբուրգ թաղամասի Հայդենբուրգ փողոցում Սողոմոն Թեհլերյանը գնդակահարում է Թալեաթին և ձերբակալվում, սակայն 1921թ. հունիսի 2-ին գերմանական դատարանը արդարացնում է Սողոմոն Թեհլերյանին։ Թեհլերյանը երկար տարիներ ապրել է Հարավսլավիայի մայրաքաղաք Բելգրադի Դալմատինսկա փողոցի թիվ 78 տանը։ 1945-ից հետո բնակություն է հաստատել ԱՄՆ-ի Ֆրեզնո քաղաքում, որտեղ էլ մահացել է 1960թ. մայիսի 23-ին։