Երվանդունիները և Վանի արքաները նույն ժառանգական շառավիղից էին

592

«Ազատ Ձայն»-ն իր ընթերցողին է ներկայացնում Մարտիրոս Գավուքճյանի աշխատությունից մի հատված, որտեղ հեղինակն ապացուցում է, որ Եվանդունիները եղել են Միտանիի, ապա Վանի թագավորության ժառանգական շառավիղները, ում հետագայում շարունակել են Արտաշեսյանները: Հեղինակը շեշտում է. «Վանի թագավորությունը ուրեմն գոյատևել է Արամեից (մ.թ.ա. 860) մինչև Էրատտո (մ.թ. I) լեզվա-աշխարհագրական նույն միջավայրում՝ հանդիսանալով նույն Նաիրիան հայկական ցեղերի (հետագայում նախարարությունների) ռազմաքաղաքական համադաշնությունում»:

Հատվածը ներկայացնում ենք ստորև՝

«Վանի թագավորության անկման ժամանակաշրջանի պատմությունը մութ է տակավին: Խոսվում է այն մասին, թե մեդացիները հաղթել ու վերջ են տվել Վանի թագավորությանը նաիրիան որոշ ցեղերի գործակցությամբ:

Եվ ահա հարց է ծագում՝ ինչ կապ կա Վանի թագավորությանը հաջորդած Երվանդունիների հարստության միջև: Տվյալների սակավության պատճառով, Երվանդունի տոհմի ցեղային պատկանելիության անորոշությունը և Երվանդ անունը պարսկերենով ստուգաբանելու փորձերը պատմագրության մեջ հանդիսացել են այն թյուրիմացություն-ազդակը, որ աղավաղվել է Ուրարտական Արամեան հարստությունից Երվանդունի հարստությանը անցման ժամանակաշրջանի իսկական իրադրությունը, և բոլորովին շեղել ու սխալ ուղղությամբ է տարել, թե Ուրարտուի, թե հետագա ժամանակաշրջանների պատմությունը:

Ինչ վերաբերում է Երվանդ անվան ծագմանը, ապա հետազոտությունը ցույց է տալիս, որ որպես արքայի անուն, կապված Երվանդունի տոհմի  և նրա երկրի հետ, շատ ավելի հին է, քան ենթադրվում է: Հավանական է, որ Երվանդ անունը գալիս է սումերական Ur-banda անունից: Այդ անձնանունը գտնվում է Նարամ-Սինի 17 թշնամիների մասին խոսող խեթական հայտնի արձանագրության մեջ՝ արքաների ցուցակի 15-րդ տեղում:

Ur-banda անվան Ur բաղադրիչը համեմատելով Աքքադի արևելքում Զագրոսյան լեռների շրջանի (Gutium) արքա Gudea-ի որդի Ur-Ningirsu և Լագաշի քուրմ-արքայի Ur-Bau անունների հետ, իսկ banda Բաղադրիչը համեմատելով Էրեքի արքա Էնմերքարի՝ Արատտա ուղարկած պատգամավորի Lugal-banda (արքա կրտսեր կամ արքայի նեցուկ) անվան հետ և հաշվի առնելով, որ ուրարտական բառասկզբում եղած b-ն հնչում է վ, ինչպես Biaina-Վան, ապա կարելի է զրակացնել, որ նույն կերպ Ur-banda անվան banda բաղադրիչը դարձել է վանդ, որով Ur-banda բառը հնչել է Եր-վանդ:

Արձանագրությունից պարզ է դառնում, որ Նիկիպպա լեռը, որ պահում է Նարամ-Սինի ժամանակաշրջանի՝ Ur-banda արքայի քաղաքի ու նրա երկրի անունը, գտնվել է Մուսասիր-Արդինիի հարավային մասում՝ Լուլլուբիի և Ալլաբրիայի հյուսիսում՝ մոտավորապես ներկա Ռևանդուզ քաղաքի ու լեռների շրջաններում: Արդեն Ռևանդ (ուզ)անունը որոշակիորեն պահում է Ur-banda > Եր-վանդ անունը, և անհավանական չէ, որ այն լինի հենց Նիկիպպան՝ Ur-banda-ի գլխավոր քաղաքը:

Այս փաստերը ցույց են տալիս, թե Մուսասիր-Արդինին (ինչպես և Ուրուատրին՝ Խորենացու հիշած Արարադն ու Հայոց Ձորը, որ կոչվում էր նաև Երվանդունիք), Նարամ-Սինի ժամանակներից մինչև Վանի Արամեան հարստությանը հաջորդած Երվանդունի հարստության օրերը, անցած երկու հազարամյակներից հետո էլ, շարունակել են պատկանել Երվանդունի տոհմին:

Ակադ. Ս. Երեմյանը գրում է. «Անուղղակի մի շարք տվյալներ բերում են այն եզրակացության, թե Երվանդունիների դինաստիան ծագել է Մատիենէին-Մանային սահմանակից Արդինի-Մուսասիրի երկրի տերիտորիայից, որի հյուսիս-արևմտյան բարձր լեռնային մասը մտնում էր Ուրարտուի կազմի մեջ: Պլինիոսը այդ երկրամասում հիշատակում է Օրօանդների (Orondes) ցեղը, որ ապրում էր Գավգամելա քաղաքից արևելք: Դա համընկնում է ժամանակակից Ռևանդուզի շրջանին: Հ. Մանանդյանի կարծիքով այդ Օրօանդների հետ  պետք է կապ ունենա Վասպուրականի գավառներից մեկի Երվանդունիքի անունը: Այս գավառը կոչվում էր նաև Հայոց Ձոր և գտնվում էր Վան քաղաքից հարավ՝ Հայոց Ձոր (Խոշաբ) գետի հովտում: Երվանդունիների նախարարական տոհմը, այդ գավառի ժառանգական իշխանները, գոյություն ունեին դեռևս մ.թ. VII դարում»:

Ասորեստանյան և Վանի արձանագրություններից մեզ լավ հայտնի է, թե Մուսասիր-Արդինիի Խալդեան տաճարը եղել է Վանի կրոնական գլխավոր կենտրոնը, այնպես, ինչպես Էջմիածինը քրիստոնյա հայերի համար: Նշաններ կան ընդունելու, թե Խալդեան այդ տաճարը գոյություն ուներ Վանի թագավորության կազմավորումից առաջ հավանաբար և Միտանիական օրերից: Այլապես՝ Վանի արքաները իրենց կրոնական գլխավոր կենտրոնը կհաստատեին Տուշպա-Վանում կամ գոնե Արգիշտիխինիլի-Արմավիրում:

Այս իրադրությունը ցույց է տալիս, թե Վանի Արամեան հարստությունը պիտի ցեղակցական կապ ունեցած լինի Մուսասիր-Արդինիի իշխանական տոհմի ու ժողովրդի հետ (որով՝ Երվանդունիների հետ): Հիշենք Ռուսա Ա-ի ողբը Մուսասիրի Խալդեան տաճարում Սարգոն Բ-ի կատարած կողոպուտի համար: Արդեն բավական փաստեր կան ընդունելու, որ Ուրարտուի անվանական և թե պետական նախորդը եղել է Ուրուատրին՝ ուր կազմավորված Նաիրիան ռազմաքաղաքական կենտրոնը: Ասորեստանի ճնշումների տակ ստիպված է եղել քաշվել ավելի հյուսիս և հաստատվել Վանա լճի շրջակայքում (ըստ Խորենացու՝ Հարքում): Ահա, ելնելով այս բոլորից, ես գտնում եմ, թե մեդացիները, հաղթելով Ուրարտուին (երևի մղված այդ ճակատամարտում զոհվել էին Արամեան վերջին արքան ու նրա ժառանգները), չէին կարող Ուրարտուի քաջ, հպարտ ու պետական մեծ ավանդույթներ ունեցող ժողովրդի իշխանության գլուխ դնել մի օտարի: Եվ ինչպես ասացի, նրանք իրենց հետագա ծավալումների համար Նաիրիան քաջ ցեղերի համագործակցությունը ապահովելու դիտումով՝ պիտի ընդունած լինեն, որ նրանց գահի վրա գա Արամեան հարստության ոչ ուղիղ շառավիղներից մեկը կամ նրանց ազգակից Նաիրիան հայկական ցեղերից մեկի իշխանը: Եվ ինչպես պարզ երևում է, նա եղել է Մուսասիրի շրջանի Երվանդունի տոհմից մի իշխան, ով մոտավոր հարևան գուցեև գործակիցն էր մեդացիների, որոնք ապրում էին Մանայում ու նրա արևելքում:

Ուստի պարզ երևում է, թե Վանում Արամեան հարստության տեղ Երվանդունիների գալուստով իշխանության կազմում ցեղային փոփոխություն չի եղել: Տուշպա-Վանն էլ շարունակել է երկրի մայրաքաղաքը լինել: Հետևաբար պիտի ընդունել, թե Երվանդուների Արմինան եղել է Վանի թագավորության շարունակությունը, որը ասորա-բաբելական լեզվով շարունակվեց կոչվել Ուրաշտու (=Ուրարտու):

Կատարած այս (ոչ ցեղային) փոփոխությունը լոկ այն էր, թե Ուրաշտու-Ուրարտուն դարձել էր հարկատու նախ մեդացիներին ու հետո որոշ ընդմիջումով՝՝ Աքեմենյաններին: Սակայն (հայոց) Արտաշես Ա-ն ամբողջովին վերականգնել էր Վանի նույն հողատարածքների վրա Վանի նախկին ամբողջական անկախությունն ու պետական մեծությունը՝ շարունաելով լինել Երվանդական, և Տիգրան Բ-ի օրերին հասել էր Արգիշտի Ա-ի օրերի հզորության: Մեզ արդեն հայտնի է, թե Արտաշես Ա-ն հենց իր ուղղակի ու բացորոշ խոստովանությամբ եղել է Երվանդունի տոհմից՝ լինելով ոչ ուղիղ գծով շառավիղն ու շարունակությունը Ուրաշտու-Արմինայի- Երվանդունի հարստության:

Հետևաբար պիտի ընդունել, թե Հայկական լեռնաշխարհում Արամեան հարստությանը հաջոորդած Երվանդունիների (Երվանդական Արտաշեսյանների) օրերի հայկական (Արմինա) պետությունը իր ղեկավարության մեջ ցեղային ոչ մի փոփոխություն չկրելով՝ եղել է հենց շարունակությունը Վանի թագավորության: Ուրարտու-Ուրաշտուն ուրեմն գոյատևել է Արամեից (մ.թ.ա. 860) մինչև Էրատո (մ.թ. I) լեզվա-աշխարհագրական նույն միջավայրում՝ հանդիսանալով նույն Նաիրիան հայկական ցեղերի (հետագայում նախարարությունների) ռազմաքաղաքական համադաշնությունում»:

«Ազատ Ձայն» լրատվականի նյութերն օգտագործելիս պարտադի՛ր նշեք սկզբնաղբյուրը նյութի հիպերակտիվ հղումով: