Եթե այս նամակս էլ անպատասխան մնաց, կմնա այս մի տրադիցիան էլ կտրել Երկիր Նաիրիի հետ, չգրել անգամ մի նաիրցու և պատասխան չսպասել. Չարենցի նամակներից

24

«Ազատ Ձայն»  լրատվականը իր ընթերցողին է ներկայացնում Եղիշե Չարենցի նամակներից մեկը՝ ուղղված «Նորք» հանդեսի պատասխանատու Մամիկոն Գևորգյանին, ում հանդեսում տպագրվել են Չարենցի «Երկիր Նաիրի»-ն և շատ այլ ստեղծագործություններ: Չարենցը Մամիկոնի հետ միայն գործնական շփման մեջ չէր, նրանք մտերիմներ էին: Ահա այս նամակը, որն այդքան էլ հայտնի չէ շատերին, ստորև ձեզ ենք ներկայացնում:

«Սիրելի՛ Մամիկոն,

Մի՞թե վիճակված է վերուստ ինձ՝ թափառականիս, այնպես էլ «անլուր» մնալ, այդտեղի կյանքին անհաղորդ մնալ, և ո՛վ  է, ո՛վ է, ո՛վ է այդ բանում մեղավոր, քան ինքը Մամգուն իշխանը, որից ես մի «записка» եմ ստացել միայն 9 պունկտից, որոնցից ամեն մեկը մի մեծ նամակի նյութ է, իսկ ամենավերջինը («մի երկար նամակ գրել»)՝ հույս ու ավետում:

Օ, սիրելի Մամգուն, հայտնում եմ քեզ հենց էս գլխից, որ ես, Հայաստանից դուրս գալուս օրից, և ոչ մի նամակ չեմ ստացել ոչ մեկից և ոչ ոքի չեմ գրել (ի բացառյալ քեզ գրած նամակս). հասկանալի թող լինի ուրեմն քեզ՝ իշխանիդ, թե որքան ուրախություն կարող է պատճառել ինձ՝ պոետիս, քո գրությունը, որը (a priori կարելի է ասել) այնքան հետաքրքիր բաներ պիտի որ պարունակե իր մեջ: Օ, սիրելի Մամգուն, լսի՛ր թախանձանքներիս և գրի՛ր. գրի՛ր քո մասին, Պետթատրոնի մասին, «Նաիրիի» մասին, գրական անցուդարձի մասին. Ինչի մասին, որ կուզես, և վկա էս գրիչս, որ քո էդ ըղձալի նամակի ամեն մի բառի համար հազարապատիկը կվարձատրի քեզ ալլահը, կամ կուզե՞ս նույնիսկ ես. Նամակներով, գրքերով, ինչով կուզես:

Եթե քեզ հետարքրում է իմ՝ նվաստիս, կյանքը, ապա պիտի ասեմ, որ ես երբեք այնքան ամուլ չեմ եղել, որքան հիմա: Չգիտեմ՝ կրիզի՞ս է, թե վերջ: Ոչ մի հատիկ թեմա, կամ թեմայական մի բան չի պղտորում երևակայությանս ջինջ մաքրությունը, ներողություն՝ դատարկությունը: Անամպ երկինք է հիմա երևակայությունս, անարեգակ խավար: Պատճառը ես գիտեմ: Կուզե՞ս քեզ էլ կասեմ, բայց ոչ ոքի չասես: Անցյալ ձմեռվա ընթացքում Երևանը մի հսկայական գործ կատարեց իմ հոգեկան զարգացման զիգզագանման ուղիում, այն է՝ արմատախիլ արեց իմ մեջ ամենը, որ նաիրյան էր, ռոմանտիկ, տեղական: Ոնց որ գրված էր էդ բոլորը իմ հոգու տախտակի վրա. և ահա ճակատագրական մի ձեռք օր օրի սպունգով սրբեց այդ ամենը մի ձմեռ, ու տեղը թողեց բաց տարածություն: Շատ ուրախ եմ: Ինձ ավելի քան երեխայացնում էր այդ ռոմանտիզմը: Շնորհակալ եմ 1923 թվի Երևանից: Բայց բանը նրանումն է, որ վերոհիշյալ «բաց տարածությունը» դեռ չի բեղմնավորվել…Եվ կբեղմնավորվի՞ արդյոք, և ինչո՞վ, և ե՞րբ…անհայտ է ինձ՝ պոետիս, բայց մի բան զգում եմ, պարզ է ինձ համար, ինչով էլ որ բեղմնավորվի  սրանից հետո իմ նաիրյան հոգին ռոմանտիզմից ազատագրված, բերքը ավելի բարձր , ավելի-ավելի լիքը ու հասուն կլինի, քան առաջվանը. ռոմանտիզմը  ինչ գույնի էլ նա լինի՝ մանկական է, երեխայական հասակը բնորոշող, ինչպես կրոնը մարդկային հասարակությունների զարգացման մեջ, կամ ընդհակառակը՝ ծերության, մայրամուտային գոյավիճակի արգասիք է (որ վերջին հաշվով, միևնույն է, երեխան և ծերուկը քչով են տարբերվում իրարից իրենց հոգեկանում): Ուրեմն , սիրելի Մամգուն, կեցցե կոնկրետ, պոզիտիվ  վերաբերմունքը դեպի կյանքը. մի վերաբերմունք, ոչ լուրջ է, ինչպես հարկ է լինել մի հասակն առած մարդու, եթե միայն այդ մարդը առողջ է ու կենսունակ և իրեն կապված է զգում վերելքի ճանապարհին գտնվող, հաղթող դասակարգին:

Ասածներիցս պարզ պիտի լինի, թե ինչու չեմ կարող շարունակել «Երկիր Նաիրին». նրա ժամանակն անցավ: Ես օրգանապես արդեն հեռու եմ այդ ամենից, և իմ առաջ հիմա, դեռևս մշուշանման ուրվագծվում է մեր՝ մարդկային, համամարդկային այսօրվա կոնկրետ կերպարանաքը և ապագա կենցաղը (Սովետական կարգեր՝ ամերիկանիզմ), այդտեղ է ահա, որ նոր հյութեր պիտի գտնի (եթե միայն նրան վիճակված է գտնել), իմ ստեղծագործական կարողությունը:

Էսպես, սրանով վերջացնենք: Մոսկվայում Ձանձրացել եմ, բայց Հայաստան չեմ ուզում գալ, կուզեի գնալ Եվրոպա, գնալ Ամերիկա, գոնե աչքերով հաղորդակից լինել այն կուլտուրային, որի անունն է մաշինիզմ և տեխնիցիզմ, որի մասին այնքան անճարակ երեխայություններ է գրում «Леф»-ը և այնքան հանճարեղ՝ Ուելսը:

Բայց թուղթս վերջացավ: Օ, սիրելի Մամգուն՝ գրի՛ր: Եթե այս նամակս էլ անպատասխան մնաց, կմնա այս մի տրադիցիան էլ կտրել Երկիր Նաիրիի հետ, չգրել անգամ մի նաիրցու և պատասխան չսպասել: Հասցես, որ չասես թե չգիտես, Москва, Армянск, пер. #2 Егише Чаренцу.

Բարևներ ինձանից և Արփիկից

Քո՝ Չարենց

Մոսկվա 1924. 8. 11.»: