Ermenihaber.am լրատվական կայքը գրում է, որ Թուրքիայի Դիարբեքիր քաղաքի Սուր քաղաքապետարանի կողմից քաղաքի փողոցներից երկուսին հայկական անուններով վերանվանելու որոշումները դժգոհությունների պատճառ է դարձել: Այս անգամ դժգոհել է հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման դեմ պայքարող թուրքական ամենաազդեցիկ կազմակերպությունը՝ Ասիմդերին (ASİM-DER): Կազմակերպության Վան քաղաքի մասնաճյուղի ղեկավար Իրֆան Էրմաշը հրավիրած մամլո ասուլիսի ժամանակ զարմանք է արտահայտել Դիարբեքիրի Շեֆթալի փողոցը Մար Փեթյուն եկեղեցու անվամբ, իսկ Դիրեքչի փողոցը Հայ գրող Մկրտիչ Մարկոսյանի անվամբ վերանվանելու կապակցությամբ: Էրմիշն ասել է. «Դիարբեքիրը 1374 տարի իսլամի օրրանն է: Այս ամիս Կապույտ Մարմարայի զոհերի ամիսն է, իսկ Սուր քաղաքապետարանի քաղաքապետը, Իսրայելցի քաղաքապետի հետ գրկախառնվելով, ինչ դավադրություն է կազմակերպում»:
Էրմիշը, նշելով, որ Սուր քաղաքապետարանը արդեն մեկ տրիլիոն լիրա է ծախսել եկեղեցիների վրա, ասել է. «Դրա նպատակը իսլամական գործողությունների կանխու՞մն է: Միգուցե վերջին տարիներին Դիարբեքիրում իսլամական գործընթացների ակտիվացումից է անհանգստացած քաղաքապետարանը և ուզում է նման կարգի միջոցառումներով դրանց դեմն առնել: Հայ գրողների ու նկարիչների փոխարեն փողոցները պետք է անվանվեին Շեյխ Ահմեդ խանի, Սաիդ-ի Քուրդիի կամ Շեյխ Սաիդի (քուրդ գործիչներ) անուններով»:
Էրմաշը, շեշտելով, որ պետք է կանխվեն նման կարգի միջոցառումները, ասել է. «Դիմում եմ Դիարբեքիրի բնակչությանը: Մենք մուսուլման հավատացյալներ ենք: Մենք պետք է պաշտպանենք մեր արժեքները այդպիսի ասիմիլյացիոն ձեռնարկումներից»:














