«Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասի» ՀՀ Օրենքը, որի առաջին կետը հետևյալն է՝ «Գենդեր, գենդերային` տարբեր սեռի անձանց` ձեռքբերովի, սոցիալապես ամրագրված վարք, կանանց և տղամարդկանց միջև հարաբերությունների սոցիալական հայեցակետ, որն արտահայտվում է հասարակական կյանքի բոլոր ոլորտներում, ներառյալ քաղաքականությունը, տնտեսությունը, իրավունքը, գաղափարախոսությունը, մշակույթը, կրթությունը, գիտությունն ու առողջապահությունը»,- չի կարող աշխատել հայկական միջավայրում: Ի՞նչ է նշանակում «տարբեր սեռի անձանց` ձեռքբերովի, սոցիալապես ամրագրված վարք», այսինքն՝ մենք մեր սեռը, սեռական հատկանիշները ի ծնե չենք ունենում, այլ ժամանակի ընթացքում ենք ձեռք բերում: Կամ հավանաբար ի նկատի ունեն ժամանակի ընթացքում, երբ «սեռական կողմնորոշում ես ձեռք բերում», ինչպես ԱՄՆ-ում կամ Եվրոպայում, ըստ այդմ էլ ընկնում ես քեզ հատուկ գենդերային ֆոնի տակ: Ինչպե՞ս կարելի է նման օրենք ընդունել՝ ոտնահարելով յուրաքանչյուր հայի բարոյահոգեբանական կարգավիճակը: Ո՞վ է հորինել այդ գենդեր բառը, ամերիկյան ու եվրոպական հորինած տերմին, որը սահմանել են իրենց երկրին բնորոշ ձեռքբերովի վարքագծին համապատասխան, բայց որ այդ հորինվածքը ուզում են մտցնել մեր արժեհամակարգ, աբսուրդ է: Այս օրենքի ֆոնի տակ այլ քարոզչություն են տանում և թույլ տալիս, որ օտար ու ախտածին մարմինները ներթափանցեն հայ ընտանիք, հայ հասարակություն, հայ երիտասարդի կյանք ու ապրելակերպի մեջ: Եվ մեր նախագահը, ով իբր մտածում է իր հայրենակիցների համար, օր ու գիշեր «տանջվում է՝ ինչ անի, որ մեր երկրում իրավիճակը բարելավվի, սոցիալական բունտը հանդարտվի, լարվածությունը փոքրանա», թույլ է տալիս ընդունել մի օրենք, որն իբր շատ կարևոր և օգտակար է, այսինքն՝ այդ քողի տակ է ներկայացվում, բայց իրականում հասարակությունը խեղաթյուրող դրոշմ է: Ո՞ւմ պատվերն են իրագործում ՀՀ նախագահ Սերժ Սարգսանը, ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, պատգամավորների բույլը: Մի՞թե հանուն անձնական գրպանի շահերի արժե վաճառել երկրումդ գործող ամենակարևոր օղակը՝ ընտանիքը: Այսօր մենք ապրում ենք իրականում ոչ այնքան կատարյալ արժեքային համակարգում, և այս օրենքը համակարգի խարխլման համար առաջին սյուներից մեկն է: Մեր երկրում այս օրենքներից զատ ամեն ինչ անում են ընտանիքի մոդելը վերացնելու համար: Թվում է՝ ծիծաղելի բան եմ ասում, բոլորս էլ ամուսնանում ենք, բոլորս էլ ընտանիք ենք կազմում: Ոչ, բոլորն են ամուսնանում, ոչ բոլորն են կարողանում ընտանիք կազմել: Ավանդական հայկական ընտանիք հասկացողությունը վերացել է, քանզի ընտանիքում գործող օրենքները հօդս են ցնդել, կամ ոչնչացվել են: Ոչ վաղ անցյալում ընտանիքն ուներ որոշակի կանոններ: Նախ տան գլուխը պապն էր, նրան հարգում էին բոլորը, և նրա խոսքը օրենք էր: Երբ կնոջ ու տղամարդու միջև վեճ էր առաջանում, այսօրվա նման աղջիկները իրերը չէին հավաքում տունդարձ գնում, այլ ընտանիքի ներսում հարցը քննարկվում էր և առաջնային պլան էին մղվում երեխաները, ովքեր չպետք է տուժեին կնոջ ու տղամարդու հարաբերություններից: Երբ կինն ու տղամարդը որոշում էին բաժանվել, գյուղի կամ քաղաքի խորհուրդը քննարկման էր դնում հարցը և որոշվում էր իմաստ ունի այդ բաժանությունը, թե ոչ: Եվ այստեղ կաշառքը չէր օգնում, խորհուրդը հավասար էր նայում հարցին, այդ ժամանակ նույնիսկ չիմանալով գենդերային հավասարության մասին օրենքներն ու հորինվածնքերը: Ընտանիքում երեխան ուներ իր իրավունքները և համապատասխան սահմանափակումները և ի սկզբանե նրա սեռն ու գենդերը որոշված էր և ինքնահաստատման ու ձեռքբերման կարիք չկար: Այսինքն՝ կուռ համակարգ էր, որտեղ ընտանիքում ամեն մեկն իր տեղը գիտեր, և հավասարությունն ուներ սահմաններ: Գենդերային խտրականության մասին այս օրենքը մեր երեխաների համար ամենավատագույն է, քանզի նրանք աշխարհն ու դեպքերն այլ կերպ են հասկանում և հիմա է այս օրենքն իրենց պատկերացումներով անպատճառ կփորձեն իրագործել՝ բոլոր ձեռքբերումներով ու խտրականությամբ:
Այսօր ընտանիքները կազմվում են և թիթեռի պես քանդվում: Ինչո՞ւ: Որովհետև ոչ կինը, ոչ էլ տղամարդը չգիտեն իրենց տեղը որն է իրենց իսկ ընտանիքում: Կանայք նոր գաղափար են մտցրել իրենց ուղեղները կանանց իրավունքներ, ծիտը թռչում է ասում են իրավունքներս ոտնահարվեց, իսկ տղամարդիկ առանց գիտակցելու փորձում են հավասար իրավունքների մեջ տեղավորվել՝ չգիտակցելով, որ կինն ու տղամարդը չեն կարող հավասար իրավունքներ ունենալ, գոնե միայն այն պատճառով, որ նրանք տարբեր կառուցվածք, աշխարհաճանաչողություն ու աշխարհընկալում ունեն: Այսօր հենց այս կանանց իրավունքների կենտրոնների շնորհիվ սունկի պես աճում են միայնակ մայրերը: Խոսքը չի վերաբերվում խոշտանգված կանանց, խոսքը մյուսներին է վերաբերվում, որ երբ ամուսնու ձայնը բարձրանում է վազում են այդ կենտրոններ: Եվրոպական և ամերիկյան արժեհամակարերի ներթափանցումը խիստ ծանր է անդրադառնում և տարիներ անց ավելի ծանր է անդրադառնալու հայ ընտանիքների և հայ կանանց ու տղամարդկանց վրա: Այսօր միգուցե անտեսում ենք, բայց վաղն արդեն ակնհայտ է լինելու: Այսօր հենց այդ գենդերային հավասարության պայմաններում իրականում կինն ավելի է շահագործվում, տղամարդն ավելի շատ է բռնության ենթարկվում, հայկական արժեհամակարգն ավելի է խեղաթյուրվում: Արդյունքում կանայք աշխատում են, իսկ տղամարդիկ բակերում անգործ շրջում և սպասում են, թե երբ է կինը բարեհաճելու տուն գալ: Ամեն ինչ տանում է նրան, որ գենդերային խտրականություն կոչվածը մեր երկրի համար չէ ստեղծված: Դա մի համակարգ է, որը խաթարում է ընտանիք երևույթը: Իսկ գիտե՞ք՝ ինչ է ընտանիքը: Ընտանիքը պետության հիմքն է, և եթե ընտանիքներն աղավաղված ու քայքայված լինեն, պետությունը երբեք չի կարող հզոր և առողջ լինել: Իսկ ի՞նչ են անում այսօր: Այսօր մեզ քայքայում են ներսից՝ ընտանիքներից, որ երբեք չկարողանանք վերականգնել մեր երկիրը: