Արևի պաշտամունքը բրոնզեդարյան Հայաստանում

248

Բրոնզեդարյան Հայաստանի բնիկները, ինչպես ամենուրեք՝ այլ երկրներում, արևին վերագրել են արարչական զորություն, պաշտել են այն, որպես կենսահաստատ զորության զարթոնքի, պտղաբերության և ամենայն բարիքներ ստեղծող գերբնական ուժի։ Այդ պատճառով էլ բազմաթիվ առարկաների վրա նրանք պատկերել են արևը՝ երկրաչափական մարմինների, ինչպես և զանազան կենդանիների տեսքով։

Ինչպես Հին արևելքի, այնպես էլ Հայկական լեռնաշխարհի համար բնորոշ է արևի անմիջական կապը ճառագայթավոր անիվի հետ։ Այդ պատճառով էլ Հայաստանի բրոնզեդարյան արվեստի հուշարձաններում հաճախ են հանդիպում անիվաձև սկավառակներ՝ բազմաթիվ ճառագայթներով, առանձին կամ կրկնակի սկավառակներ, որոնց վրա ձուլմամբ ամրացված են թռչունների փոքրիկ ֆիգուրներ կամ շղթաներով կախված բրոնզե ծակոտկեն թռչնակներ: Լճաշենի, Շամշադինի, Ախթալայի և այլ դամբարաններում հանդիպում են նաև բրոնզե և ծարիրե խաչեր, սվաստիկաներ կամ խաչազարդ սկավառակներ։ Հին հայերի մոտ, դեռևս Եզնիկ Կողբացու ժամանակներում (մ. թ. 5-րդ դ.) և ավելի ուշ, շարունակում էր պահպանվել արևի պաշտամունքը։ Բանավիճելով հայոց հնագույն հավատամքի գաղափարաբանության դեմ և փառաբանելով քրիստոնեական աստծուն՝ Կողբացին բերում է հայոց հնագույն պաշտամունքի դիպուկ մեկնաբանման օրինակներ։ Նրա կողմից բերված պաշտվող արևի նկարագիրր կարծես ընդօրինակված լինի մեր հնագիտական նյութերից: (Ել այնու կենդանութեամբ, ասեն, ամենայն արարածք զնորա բնութենէն կախեալ կան, որպէս ճառագայթք արեգական զանուէն կախեալ կան։ Եւ ինքն մի է և բաղում, և բազում է և մի  որպէս արեգակն մի է և բազում, զի մի անիւ է և բազում ճառագայթք):

Բազմաթիվ դեպքերում արևը խորհրդանշող երկրաչափական պատկերները կապված են երկնային այլ լուսատուների սիմվոլների հետ: Այսպես, Վանաձորում հայտնաբերված մ. թ. ա . 5-րդ դարի բրոնզե մի գոտու վրա պատկերված է արևը յոթ թևանի աստղի ձևով: Թևերի միջև տեղավորված շրջանակները արևի շուրջը պտտվող լուսատուներ են։ Հնարավոր է, որ այս յոթնյակն ամբողջությամբ իրենից արեգակնային մի համաստեղություն է ներկայացնում, որը գտնվում է երկրաչափական այլ տարրերի ու ոճավորված կենդանիների՝ հավանաբար, խեցգետինների միջավայրում։ Արևի և լուսատուների պաշտամունքի հետ կապված նման մոտիվների հանդիպում ենք նաև խեցեղեն առարկաների վրա։ Հետաքրքիր է Արթիկի ուշ բրոնզեդարյան (8—12-րդ դդ. մ. թ. ա.) դամբարաններից մեկում զտնված մի սև կճուճ, որի վրա պատկերված եռանկյունիներն ու նրանց միջև զետեղված սվաստիկաները խորհրդանշում են լեռներն ու արևը:

Հայաստանի տարբեր վայրերում գտնված վաղ երկաթի ժամանակաշրջանի սև և մոխրագույն խոշոր անոթների ու սափորների վրա ներկայացված են ռելեֆ կենտրոնական գնդիկներ և սև փայլով ճառագայթվող բազմաթիվ շառավիղներ, որոնք զետեղված են կամարաձև կիսաշրջանների մեջ։ Անշուշտ, դրանք էլ երկնակամարում շողացող արևի արտահայտություններ են: Հնարավոր է, որ արևի խորհրդանիշներ կրող այս անոթներն ու սափորները օգտագործվում էին հնում նրա պաշտամունքին նվիրված ծիսակատարությունների և այլ արարողությունների ժամանակ։

Արևի և անիվի նմանողությունից բնականորեն կարող էր ծագել նաև արևի ու սայլի, կառքի, մարտակառքի իմաստաբանական կապը: Այս տիպի առասպելական ու գրաֆիկ պատկերներ առանձնապես հաճախ են հանդիպում արևելյան միֆերում և արվեստի հուշարձաններում, ինչպես նաև հայոց առասպելներում, հեքիաթներում և բրոնզեդարյան գոտիների պատկերազարդ սյուժեներում։ Ըստ այդմ՝ արևը երկնակամարում իր պտույտը կատարում էր հրեղեն ձիերով կամ եղներով լծված սայլի կամ կառքի վրա, երբեմն էլ շրջագայում է երկնային օվկիանոսում նավակով՝ (իր քրոջ կամ եղբոր) լուսնի հետ միասին։ Համանման մոտիվ է ներկայացված Հայկական լեռնաշխարհում՝ Ախթալայի մ. թ. ա. 8-րդ դարի դամբարաններից մեկում Մորդանի կողմից հայտնաբերված բրոնզե գոտու բեկորի վրա։ Այստեղ պատկերված է երկձի մարտակառք կամ երկանիվ սայլ՝ մարդակերպ կառավարով, որն իր ձեռքում ունի սկավառակատիպ մի առարկա: Կարելի է ենթադրել, որ սայլին նստած էակը՝ ինքը արևային աստվածությունն է։

Երկնային սյուժե ունի նաև Լճաշենում հայտնաբերված բրոնզե գոտին: Նրա վրա նրբաճաշակ ու վարպետ փորագրությամբ, կոնտուրային ու գրաֆիկ արվեստով ներկայացված են մարդկային ֆիգուրների տարբեր մասերում փորագրված մի քանի շրջանակներ և երկարավիզ ջրային թռչուններ, որոնք կապված են արևի պաշտամունքի հետ։

Սյուժեով Լճաշենի գոտուն շատ մոտ է կանգնած նաև Արցախի Խաչբուլաղ կոչվող դամբարանադաշտից հայտնաբերված բրոնզե գոտ ու բեկորը մ.թ.ա. 11—8-րդ դդ.: Սրա եզրերը զարդարում են երկու կողմից գծիկներով շրջապատված նույն երկշարք վազող պարույրները որոնց վրա պատկերված են մարդկային երկու Էակներ։ Նրանցից առաջինը մի ձեռքում վահան է բռնել, մյուսում՝ նիզակ։ Գլխին կրում Է փետրավոր բարձր գլխարկ վահանից ցած կա մի փոքրիկ շրջանակ մեջը՝ իրար հատող գծերով։ Մարդակերպ մյուս էակը զինված է նետ ու աղեղով։ Նետի մոտ պատկերված են սակրաձև մարմիններ։ Մարդկանց միջև գտնվում է ձիերով լծված երկանիվ կառքը։ Ձիերն ունեն նեղ, երկար իրաններ և համեմատաբար կարճ վերջավորություններ։ Սրանք շատ մոտ են Լալայանի կողմից Սևանի ավազանում հայտնաբերված գոտու վրա պատկերված ձիերին։ Սայլի անիվների չորսական շառավիղները նման են ճառագայթների փնջերի, ըստ երևույթին՝ դրանով իսկ կամեցել են շեշտել անիվների և սայլի կապը արևի հետ։ Այստեղ սայլը ուղեկցում է առջևում կանգնած հսկայամարմին էակին։ Երկրորդ մարդակերպ էակին ուղեկցում են ցուլեր և եղջերուներ։ Հնարավոր է, որ մարդակերպ այս պատկերները տարբեր պաշտամունքներ են արտահայտում։ Նրանցից մեկը կարող է ներկայացնել արևի աստվածությունը ոտքերի մոտ գտնվող սիմվոլիկ ճառագայթավոր շրջանակով։ Մյուսին ուղեկցող ցուլերն ու եղջերուները, ինչպես նաև սակրատիպ մարմիններր բնորոշ են ամպրոպի ու կայծակի աստվածությանը։ Ուստի, պետք է ենթադրել, որ այս դեպքում մենք գործ ունենք ամպրոպի (տարերքի) աստվածության հետ։ Հետաքրքիր է, որ արևելյան և հին հայկական առասպելաբանության մեջ էլ արևի և ամպրոպի աստվածություններն ամենուրեք հանդես են գալիս միատեղ, ինչպես այդ դիտվում Է Արցախի բրոնզեդարյան ու Վանի թագավորության մի շարք այլ գոտիների վրա։ Հաճախ կառքի փոխարեն արևը հանդես է գալիս նավակով՝ երկնային օվկիանոսում շրջագայելիս։

Ինչպես վերը նշեցինք Լճաշենի և մի շարք այլ գոտիների ու իրերի վրա արևը ներկայացվում է նաև իբրև թռչուն։ Ըստ այդմ՝ Լճաշենի հարուստ դամբարաններում, ինչպես նաև Հայաստանի այլ վայրերում (Արթիկ, Բայազետ և այլն) գտնվել են թռչունների բրոնզե արձանիկներ կամ շղթաներից կախված բադիկներ։ Շղթաների վերին ծայրերը մեծ մասամբ ամրացված են լինում գնդով կամ սկավառակով: Թռչունը, ինչպես մատնանշում է Պիոտրովսկին, բոլոր կրոններում սերտ կերպով կապվում է երկնքի հետ և հաճախ հանդիսանում արևային աստվածության արտահայտություն: Շատ դեպքերում էլ թռչունների փոխարեն շղթաներից կախված են գնդիկներ, որոնք նույնպես արևի կամ լուսատուն երի իմաստն են կրում իրենց մեջ։ Այսպիսով, ստացվում է, որ թռչունն ու գունդը հավասարազոր են և որոշ դեպքերում փոխարինում են մեկը մյուսին: Միջին բրոնզեդարյան (մ. թ. ա. 2-րդ հազ. 1-ին կես) գունազարդ անոթների վրա արևի գնդերը երբեմն ուղեկցվում են նույն լողացող թռչունների պատկերներով, հաճախ էլ պատկերվում է սրանցից մեկը կամ մյուսը, մարմնավորելով իրենց մեջ արևի պաշտամունքը (Գառնի, Կարմիր, էջմիածին):

Լ. Ռ. Իսրաելյանի «Արևի պաշտամունքի հետքերը բրոնզեդարյան Հայաստանում» հոդվածից հատվածներ:

Արևի պաշտամունքը բրոնզեդարյան Հայաստանում