«Ազատ Ձայն»-ն իր ընթերցողին է ներկայացնում տիեզերական արեգ-արեգակ տարերք-էության, Արեգ-Արեգակն երևությների մասին մի հոդված, որտեղ ներկայացվում է ինչպես այս պատկերացումների վաղեմությունը, այնպես էլ դրանց կարևորությունը մեր նախնիների դիցաբանական աշխարհաճանաչման և մտածողության մեջ:
Արդեն անասելի հեռավոր ժամանակներում, հաստատ կարելի է ասել՝ արդեն նախամարդուն էլ պարզ էր, որ Արևն ինքը՝ կյանք է, կյանք ծնող ակունքն է: Տիեզերք է նա ու տիեզերական աստված և նրան աստվածացրել էր հենց իր տեսքով, ինչպես որ կար՝ Արև: Կարելի է ասել, որ արև-կյանք ընկալումը և պատկերացումը մեկընդմիշտ և անջնջելի են: Արև՝ ասօր էլ նշանակում է նաև օր ու արև, այսինքն՝ կյանք, կենդանություն, ողջություն, շնչավորություն: Երբ մաղթում ենք արևշատություն կամ կարմիր արև, մենք նկատի ունենք երկրարակեցություն: Մենք միշտ նկատի ունենք կյանք, երբ ասում ենք՝ արևդ ապրի, կամ նրա արևով եմ խնդում, արևս քեզ, քո արևի սիրուն… Կարելի է դեռ ինչքան ասես շարունակել: Հիշո՞ւմ եք Սասնա Դավթին. «Գնացեք, ասավ, ազատ ապրեցեք, Սասունցի Դավթին արև խնդրեցեք»:
Դրա համար էլ ամենևին պատահականություն չէ, որ մեր ժայռապատկերներում տիեզերքի, կյանքի ու կործանարար քաոսի ճակատամարտը հաճախ տրված է հենց իր նախնական, վաղնջական տեսքով՝ կատաղի գոտեմարտում դեմ դիմաց են ելել Արևն ու ինչ-որ քաոսային հրեշ:
Ահռելի հեռավոր ժամանակներում էր, որ մեր նախնիները աստված դարձրին արևին՝ ինչպես որ այն կար երկնքում, և այդ Արև աստծո անունն էր Արեգ կամ Արեգակն: Ինչպես այլուր, մեր նախնյաց մտածողության մեջ էլ տիեզերական հնամենի տարերք-էությունները հետզհետե դարձան դիցեր: Եվ գուցե նույն այդ վաղեմի օրերում կամ շատ ավելի ուշ ոչ միայն մեր նախնիների մտապատկերում և դիցարանում, այլ նաև մեր լեռների, ժայռերի վրա հայտնվեցին ու այնտեղ դրոշմվեցին արեգակնային հուր-հրեղեն դիցեր՝ վաղնջական Արեգ-Արեգակնը, թերևս նաև՝ Միհրը:
Միհրը՝ արևի մեր դիցը, նույնպես գալիս է անասելի հեռավոր անցյալից: Միհրը նույն ինքը Արեգակն էր, «որ անուանեցաւ Միհր աստուած»: Ընդհանրապես, Միհրը արիական ժողովուրդների վաղեմի դիցարանում կենսատու լույսի, մաքրության, բարության, ճշմարտության և դարեր ու դարեր հետո նաև Արեգակի աստվածն էր: Եվ վաղնջական իր այդ ամբողջ էությամբ Միհրը, պատկերավոր ասած, Սանասարի տղա Առյուծ Մհերի ու նրա թոռ Պստիկ Մհերի նախա-նախա… նախապապը, տարբեր ձևերով բազմիցս արտացոլվել է մեր բանահյուսությունում, հին ու նոր գրականությունում, արվեստում և, ինչպես գիտեք, մեր դյուցազներգությունում: Այս վաղնջական Միհրն է դյուցազներգության Ջոջ ու Պստիկ Մհերների հինավուրց ակունքը, որ մի դարից մյուսն անցնելով երկփեղկվեց, դարձավ պապ ու թոռ:
Մեր հեթանոսական դիցարանում հազարամյակների խորրդավոր հեռուներից եկած արեգակնային մի ուրիշ աստված էլ ունենք՝ վիշապաքաղ Վահագն: Նա ռազմի աստված էր ու արևի: Ոչ թե մեկ, այլ մի քանի հին աղբյուրներ են ասում, թե «Ոմանք զարեգակն պաշտեցին և Վահագն կոչեցին…»:
Բոլոր հիմքերն ունենք ասելու, թե արեգակնային հրեղեն էության պատկերացումները չափազանց հզոր ու տարածված էին, քանի որ բազմիցս տեղ են գտել ու արտացոլվել մեր վաղեմի ու նոր մշակույթի ամենատարբեր ոլորտներում:
Արևը մեզ մոտ նաև ամպրոպի աստծու քույրն է, մի ուրիշ տեղ՝ նրա հարսնացուն, մի այլ տարբերակում՝ կինը:
Արեգակը աստղային Հայկի Արեգ դուստրն է: Իսկ Հայկը հայոց ռազմի գերագույն աստվածն էր, մեր նախնյաց տարվա ընթացքը, չափն ու տևողությունը սահմանողը և տնօրինողը, ըստ էության՝ նաև ժամանակի աստվածը:
Արևը սոսկ արև չէ, նա մի հրաշագեղ աղջիկ է, այնքան հմայիչ, որ նրան հանդիպելիս Լուսինն ամեն անգամ խելակորույս է լինում:
Արևը և Լուսինը քույր ու եղբայր են: Արևը՝ աղջիկ, Լուսինը տղա է:
Նրանք աստծո զավակներն են՝ աղջիկը և տղան:
Այս իրողությունը՝ արեգակնային հուր ու բոց էության դիցաբանական այսքան բազմաթիվ պատկերացումներ՝ աստվածներ ունենալն ամենից առաջ ի՞նչ է վկայում:
Ա՛յն, որ մեր դիցաբանությունը և նրա այդ պատկերացումները ծայր են առել այնպիսի հեռավոր ժամանակներում, որ ժամանակների այդ հեռուները նույնիսկ հստակ պատկերացնելը դժվար է. սկիզբ են առել իրոք որ մարդու մանկության օրերին ՝ մեր ժողովրդի նախնադարյան պատմության հազարամյակների ընթացքում: Չէ որ մենք արդեն գիտենք մեր մոլորակի գրեթե բոլոր դիցաբանությունների զարգացման գլխավոր օրինաչափություններից մեկը՝ զարգացումն ընթանում է տիեզերական նախագո տարերքներից դեպի բազմաթիվ աստվածություններ ու աստվածներ, և դարձյալ հազարամյակների ընթացքում՝ դեպի ամենազոր ու գերագույն միակ աստվածը: Այդ նույն փաստը վկայում է նաև, թե տիեզերական արեգ-արեգակ տարերք-էությունը, հետո նաև Արեգ-Արեգակն, Միհր, Վահագն արեգակնային դիցերը հնուց ի վեր և ի սկզբանե դարեր շարունակ եղել են մեր նախնիների դիցաբանական աշխարհաճանաչման և մտածողության կարևորագույն հասկացություններից, չափազանց տարածված են եղել և պաշտվել են, հնարավոր է՝ ամենուրեք:
ՕգտագործվելէՎարուժանՎասիլյանի «ԱռասպելներիցմինչևԲյուրական» աշխատությունիցհատված:
«Ազատ Ձայն» լրատվականինութերնօգտագործելիսպարտադի՛րնշեքսկզբնաղբյուրընյութիհիպերակտիվհղումով: