Անահիտը Արատտայի նույն Ինաննա-Անունիտ դիցուհին է

180

«Ազատ Ձայն» լրատվականն իր ընթերցողին է ներկայացնում Անահիտ և Նուարդ անվանումների ակունքների, ծագումնաբանության, ինչպես նաև Անահիտ դիցուհու՝ որպես հայոց հնագույն աստվածուհու կերպարի մասին վերլուծություն՝ արված մեծ հայագետ Մարտիրոս Գավուքճյանի կողմից: Ստորև ներկայացնում ենք հայագետի «Ուսումնասիրություններ  Հայոց Հնագույն պատմության» աշխատությունից մի փոքր հատված:

«Արատտա-Էրեք դյուցազնավեպից գիտենք, թե Արատտայի դիցուհին էր Ինաննան, ով եղել է նաև Սումերի Էրեք (Ուրուկ) քաղաքի դիցուհին: Ինաննա աստվածությունը Բաբելոնում հայտնի էր Իշտար անունով: Սումերում Ինաննայի (Բաբելոնում Իշտարի) ամուսինն էր Դումուզին (Թամմուզը), ում իր նկարագրից ելնելով՝ հայագետները նույնացնում են Արայի հետ: Իսկ մենք արդեն գիտենք, որ Արայի կինը կոչվում էր Նուարդ: Հետևաբար, պարզ է, որ Ինաննա դիցուհին Հայաստանում պահպանվել է Նուարդ անվան մեջ:

Նու-արդ անունը, ինչպես ցույց ենք տվել, բարդ բառ է և կազմված է Նու և արդ բաղադրիչներով: Նու անունը, իր այս կրճատ ձևով ներկայացնում է Ինաննա-Անահիտ (կամ և Նանէ) դիցանունը: Իսկ արդ բաղադրիչը (արևի Արդի աստվածությունը) Ար-ն (Արա-ն) է՝ իր ածանցված Արդի ձևով: Հայերենում նու բառը պահպանվել է «հարս» իմաստով, որով Նու-արդ նշանակում է «Նու-ն Արդ-ի», այսինքն՝ «հարսը՝ կինը Արդի-Արայի»: Արդեն Խորենացու գրանցած տեղեկություներից գիտենք, թե Նուարդը կինն էր Արայի:

Նու-արդ բարդ անվան կազմությունը կարելի է համեմատել Վանի Արարատյան թագավորության լուսնի դիցուհի Šelardi կամ Šielardi (Šiel-ardi) անվան հետ, որի մասին Ն. Ադոնցը գրում է. «Գայթակղեցուցիչ է ածանցել այդ բառը šiela («կին կամ քույր») և ardi («արև») բառերից: Արևելքում հին ժամանակներից մինչև մեր օրերը լուսինը նկատվում է որպես արևի քույրը, կամ, որոշ շրջաններում, որպես կինը: Šel-ը (կամ Šiel-ը) հիշեցնում է լուսնի հայտնի դիցուհի Սելենէին և Արարատյան թագավորության դիցուհի Silia-ին, որով Նու-արդ անվան Նու բաղադրիչը համապատասխանում է Šiel-ardi անվան ձևի Šiel բաղադրիչին, իսկ արդը՝ ard-ին, որն արդեն արևի աստվածություն է:

Մենք գիտենք, թե Խալդին եղել է կրակի աստվածություն և, որպես Ալդի-Արդի, նույնացվել է նաև արևի հետ: Երևի, ինչպես նշեցինք վերևում, Վանի Արարատյան թագավորության ժամանակ, դիցարանում որպես արևի աստվածություն Շիվինիի առկայությամբ՝ Խալդին պահպանել է լոկ իր կրակային-հրաբխային բնույթը: Իսկ Արդի ձևն էլ պահպանվել է Մուսասիրի Արդի-նի անվան մեջ և Արարատյան թագավորության ցեղերից մեկի մոտ որպես մի լուսատու աստղ (ինչպես հետագայում Հայկը՝ որպես Օրիոն):

Նու-արդ, Շել-արդի անվանաձևերի կազմությունն ունի նաև Şinuardi (Şinu-ardi) անունը, որը երևի նաիրյան մեկ այլ ցեղի (Şinibirini) դիցուհին էր:

Ինչպես նշել ենք, խոր անցյալում Արա անունը Հայկական լեռնաշխարհից տարածվել է (հավանաբար որոշ տեղեր արմէնների հետ) նաև դեպի արևմուտք: Հայտնի է, թե Ares-ը Արան է: Ն. Ադոնցը բերում է (Նու-արդ անվանաձևի կազմությունը հաստատող) հետևյալ շատ կարևոր տեղեկությունը. «Հոմերոսի մոտ Արէսի մերձավորը կոչվում է Ենիո…: Արէսի կամ Ենիոյի հետ հին հիշողություն է և կարևոր: Թվում է, որ Ենիո կանացի դեմքը ոչ այլ ոք է, եթե ոչ Ափրոդիտեի նախորդը: Պելազգական Ափրոդիտեն գրավել է Թրակիացի Ենոյի դիրքը Արէսի նկատմամբ…: Ենոյի և Արէսի մտերմությունը չէր մոռացված դեռևս Դ դարում. Թրակիայում սովորություն կար գերիներ զոհել Արէսին ու Ենիոյին…: Կարծում ենք, որ Ենիոյի անունն իսկ Enn, Enuo ուրիշ բան չէ, եթե ոչ Nana, Nina անվամ մի այլ ձևը…»:

Ադոնցի բերած այս տեղեկության վրա ավելացնում ենք նաև հետևյալը. «Պտղոմեոս Փիլադելփոսը, դեռևս կենդանության ժամանակ, աստվածներ հայտարարեց իրեն և իր կնոջը՝ Արսինոյէին…: Ստեղծվեց Ափրոդիտե-Արսինոյէի, այսինքն՝ Ափրոդիտե դիցուհու հետ նույնացված Արսինոյէի պաշտամունքը»:

Եվ ահա գտնում եմ, որ Նու-արդ անվանաձևի կազմությունն ունի Արսինոյէ անունը, որը նշանակում է «Արէսի Ենիոն», ուր Արէսը համապատասխանում է մեր Նու-արդ անվան Արդ (=Արա) բաղադրիչին, իսկ Ենիոն մեր Նու-ին: Հետևաբար պիտի ընդունել, թե Նու-արդ անունը ունի ճիշտ Šel-ardi, Šinu-ardi, Արս-ինոյէ անունների կազմությունը և նշանակում է «Նու-ն Արդ-ի», այսինքն՝ «հարսը (կինը) Արդի (Արայի)»:

Ինչպես ասացինք, Արայի կին Նու-արդ անվան մեջ նստած է Դումուզի-ի կին Ինաննան, որ Հայաստանում հայտնի էր Anunit-Անահիտ անունով:

Անահիտը եղել է հայերի ազգային ամենաշատ սիրված և հարգված աստվածուհին: Նա Հայաստանում, մեզ ավելի հայտնի ժամանակներում, ուներ բոլոր աստվածների մեջ առաջնակարգ դիրք: Նրան էին վստահում հայոց աշխարհի խնամակալությունը: Նա մայրն էր ամենայն զգաստությանց, բարի էր ու բարերար: Հայերի աստվածների մեջ միայն նա ուներ լրիվ ոսկեձույլ արձան: Հեթանոսության ավելի ուշ շրջանում Անահիտը նույնացվել է լուսնի հետ:

Անահիտի նշանավոր տաճարներից մեկը (Արտաշեսյանների ժամանակ) գտնվում է Երեզ (Էրզինջան) քաղաքում: Նա մեհյաններ ուներ Հայաստանի տարբեր շրջաններում: Նրա կարևոր ու հայտնի մեհյաններից մեկն էլ գտնվում էր Մուշի շրջանի Աշտիշատ քաղաքում, որը որոշ ժամանակ հանդիսացել է հայերի հեթանոսական կրոնի գլխավոր կենտրոնը: Նա մեհյան ուներ Արարատյան դաշտի Արտաշատ քաղաքում: Նրա հնագույն մեհյաններից մեկը պիտի գտնված լինի Մեծամոր գետի վրա:

Ոմանք ասում են, թե Անահիտ անունը Հայաստան եկել է Իրանից, բայց դժվար է ընդունել այդ: Իրանը չի հանդուրժել կանանց իշխանությանը: Ընդհանրապես, Իրանի դիցարանում աչքի չեն զարնում դիցուհիները: Իսկ Անահիտն էլ կարծես այդտեղ պատահական ներկայություն է, որին չի տրվել այն մեծ պատիվն ու հարգանքը, որ վայելում էր Հայաստանում: Միջազգային դիցաբանության մասնագետ Սոլոմոն Ռեյնախն ասում է, թե Անահիտը Իրանում օտար ներկայություն է: Նա գրում է «The goddess Anâhita (the Lidian Anahïs) was of foreign origin. The Iranian pantheon is, as a rule, deficient in goddesses: woman was always suspect, and the religious law aggravated the miseries of their sex…»: (թրգմ.՝ «Անահիտ դիցուհին օտար ծագում ուներ: Իրանական պանթեոնում, որպես կանոն, դիցուհիներ գրեթե չկային. կինը միշտ կասկածելի անձ էր համարվում, և կրոնական օրենքը խորեցնում էր այդ սեռի նվազությունը»):

Ուստի, դժվար է ընդունել, որ հայերը իրենց այդքան սիրած ու առաջնակարգ տեղ դրած ազգային մեծ դիցուհի Անահիտին փոխառած լինեն Իրանից, ուր նա ինքը օտար էր: Միանգամայն պարզ է, թե Անահիտը Հայկական լեռնաշխարհի խոր անցյալից եկող բնիկ (Inanna-Anunit)դիցուհին էր, հենց Արատտայի  նշանավոր դիցուհին, որն այդքան մեծ կարևորություն ուներ անգամ մ.թ.ա. III հազարամյակի սկզբներին, երբ Իրանում պարսիկների գոյության մասին դեռ խոսք չկար: Ուստի, պիտի ընդունել, թե Անահիտը եղել է Հայկական լեռնաշխարհի բնիկ ու հարազատ աստվածուհին: Իսկ իրանցիները (եթե նրանց մոտ հին է Անահիտը), այն իրենց հետ տարած պիտի լինեն, երբ հեռացան Հայկական լեռնաշխարհի շրջաններից:

«Ազատ Ձայն» լրատվականի նյութերն օգտագործելիս պարտադի՛ր նշեք սկզբնաղբյուրը նյութի հիպերակտիվ հղումով: